Այսօր՝ սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ ուխտագնացություն են կազմակերպել դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ հայ դպրության հայր Մեսրոպ Մաշտոցի գործին իրենց հավատարմությունը ևս մեկ անգամ փաստելու նպատակով։
Ուխտագնացության մասնակիցները Երևանում միացել են «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք եթրին, որը մեկնարկել է Մատենադարանի մոտից և Մաշտոցի պողոտայով ձգվել է դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ երթի մասնակիցները հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք, «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթի մասնակիցներս, գիտակցելով, թե ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հայոց լեզվի և պետականության ապագայի համար օտարալեզու դպրոցների մուտքը Հայաստան՝
ա. պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել Լեզվի և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը, հակառակ դեպքում՝ Ազգային ժողովին՝ մերժել այն։
բ. առաջարկում ենք օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի և հանրակրթության խնդիրների շուրջ։
Երթի կազմակերպիչների անունից
Ազգային նոր պահպանողական շարժում, Ասպարեզ լրագրողների ակումբ, «Դեմոկրատիա այսօր» ՀԿ, «ԷԼԲԱ», Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ, Իրանահայեր լրատու ցանց, «Լեզվի ժողովրդական տեսչություն» քաղաքացիական նախաձեռնություն, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնություն, «Հայազն երիտասարդների միաբանություն» ՀԿ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա, «Ձեռք» երիտասարդական կրթական ՀԿ, «Շիրակ կենտրոն» ՀԿ, «Սարդարապատ» շարժում, «Սերունդ» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ, yerevaklur.am լրատու ցանց»։
Երթին մասնակցել են նաև ՀՅ Դաշնակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ։
7or.am