Երեկ մենք զանգահարեցինք «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն՝ ինչ-որ բան ճշտելու, եւ շատ հետաքրքիր իրադրության հանդիպեցինք: Երբ տվեցինք մեզ հետաքրքրող հարցը, ընդունարանի հեռախոսին պատասխանող աղջիկը (կինը), երեւի ի ցույց դնելով ռուսերենի իր իմացությունը, սկսեց լույսի արագությամբ մեկ այլ հեռախոսահամար թելադրել, որպեսզի մեր հարցը նրանց ուղղենք: Սակայն, երբ մեր պետական լեզվով խնդրեցինք դանդաղ թելադրել հեռախոսահամարը, կինը, եզրակացնելով, որ մենք ռուսերեն լեզվին չենք տիրապետում, հիստերիկացած սկսեց մեզ նախատել ռուսերեն չիմանալու համար: Այն բանից հետո, երբ մենք խնդրեցինք տիկնոջը ձայնի տոնն իջեցնել եւ մեզ խորհուրդ չտալ, թե մեր երկրում ինչ լեզվով խոսենք, նա անջատեց հեռախոսը:
Շատ լավ կլիներ, որ հիվանդանոցի տնօրինությունն իր կադրերին ընդունելուց առաջ նախ ստուգեր նրանց հայերենի իմացությունը, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի պարտադրել հային իր երկրում խոսել ռուսերեն կամ մեկ այլ լեզվով, անկախ այն բանից, թե տվյալ քաղաքացին քանի լեզվի է տիրապետում: Ի դեպ, հատուկ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի ընդունարանի աշխատողի համար հիշեցնենք, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է: