ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի գովաբանական ելույթով սկսվեց հայոց լեզվի և հայ գրականության թեստերի քննարկումը: Մկրտչյանը նշեց, որ հայ իրականության մեջ ամենահաջողված թեստերը հայոց լեզու և հայ գրականություն առարկայինն են, որ ամենաքիչ խնդիրները կապված են այս առարկայի հետ, փոխարենը դեռ հարցեր կան բնագիտական, պատմական, առարկաների, օտար լեզուների թեստերի հետ:
Հենց ամենասկզբից քննարկումն սկսվեց լարված մթնոլորտում: Կողմերը բաժանվել էին 2 մասի: Մի մասն ակնհայտ պաշտպանում էր թեստերում առկա սխալներն ու թեստերը կազմողներին, մյուս մասը` առանց ուշադրություն դարձնելու, թե քննարկումը վարող Մանուկ Մկրտչյանն իրենց տալի՞ս է ձայնի իրավունք, թե՞ ոչ, քննադատում էին ե՛ւ թեստերը, ե՛ւ կազմողներին:
Մանուկ Մկրտչյանը նորմալ է համարում հայոց լեզվի և հայ գրականության առարկայից քննություն հանձնողների գնահատականների միջին շեմի ցածր լինելը, ըստ նրա` 90 տոկոս առաջադիմությունը խոսում է տվյալ գնահատականների հավաստի չլինելու մասին:
Թեստերի հեղինակներ Փառանձեմ Մեյթիխանյանը և Աշխեն Ջրբաշյանը, ըստ Մանուկ Մկրտչյանի, պայմանագիր են կնքել Ազգային անվտանգության ծառայության հետ` պարտավորվելով պահպանել թեստերի գաղտնիությունը:
Մկրտչյանը նաև ասաց, որ թեստերի չափազանց բարդ լինելը «ազգային քաղաքականություն է, և դա թեստ կազմողների կողմից հանձնարարության կատարման ձև է»:
Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ֆրիդրիխ Խլղաթյանը նկատեց, որ «Այս շոուն և այս քննարկումը պետք է լիներ թեստերը կազմելուց առաջ»: Ըստ նրա` այս ոլորտում էլ մենաշնորհին վերջ տալու նպատակով պետք է ստեղծվեր մասնագիտական հանձնաժողով` կազմված մանկավարժներից, դասախոսներից, որոնք էլ միահամուռ ուժերով կկազմեին այդ թեստերը:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի խոսքով` «տեստերն անգրագիտությամբ էին բուրում շատ տեղերում, դրանցում մանկավարժական մոտեցում ցուցաբերված չէ, ավելին` կարծես թշնամական բանակի դեմ հուժկու պայքար է»:
ԵՊՀ դասախոս Աշոտ Աբրահամյանն ասաց, որ դժգոհությունը ոչ թե թեստերի բարդության դեմ է, այլ` խոտանի, թեստերում առկա սխալների:
Ներկաների մի շարք դժգոհություններ` կապված թեստերի պահանջների շարադասական սխալ ձևակերպումների հետ հեղինակները չընդունեցին: Նրանք պնդում էին, որ հայոց լեզուն ազատ շարադասական կառույց ունի, ուստի կարող են ձևակերպել նաև թեստում առկա տեսքով:
Երբ կրքերը թեժացան, քննարկումը վերածվեց միմյանց վիրավորանքներ հասցնելու աստիճանի հասած բանավեճի:
«Հայագիտության օտարազգի երախտավորներին վերաբերող հարցը դուրս է դպրոցական ծրագրից և Ուղեցույցի պահանջներից», «Շանթի «Հին աստվածներ» դրամայի վերջնամասից բերված մեջբերումներին վերաբերող առաջադրանքը հակասում է Ուղեցույցի պահանջներին», «500 էջանոց վեպից կատարված պատահական մեջբերումը հակասում է Ուղեցույցին թե նրանով, որ հատվածը դասագրքում չկա, թե նրանով, որ պահանջում է որոշել, թե «Սամվել» վեպի որ հերոսի խոհերն են ներկայացված»… Հարցադրումներ էր, որ հնչում էին:
«Փառանձեմ, ընդունիր որ սխալ ես»,- առաջարկեց Դավիթ Գյուրջինյանը:
«Չեմ ընդունի, բացարձակապես»,- պատասխանեց Մեյթիխանյանը:
«Գիտությունների դոկտոր է, հարց է տալիս, դու «լոլո» ես կարդում»,- ասաց Գյուրջինյանը` երևի նկատի ունենալով այն, որ Մեյթիխանյանն ամեն հարցի պատասխանելիս ինչ-ինչ գրքերի, բառարանների անուններ էր տալիս, որոնք առանձնապես ծանոթ չէին մասնագետներին:
Դրանց մի մասի հետ թեստ կազմողներ կարծեք թե համաձայնեցին: Խոսք գնաց այն մասին, որ այդ պատասխանների միավորները կորոշվեն հօգուտ դիմորդների:
Սեյրան Գրիգորյանը, ով նախորդ տարվա հայոց լեզվի և հայ գրականության թեստեր կազմող խմբի պատասխանատուն էր, ասաց, որ նախորդ տարվա թեստեր կազմողներին քննադատողները, մասնավորապես Մեյթիխանյանը, բարոյական առումով իրավունք չուներ այս տարի թեստ կազմելու: Վերջում լեզվաբանը հայտարարեց, որ ինքն այլևս երբեք թեստ չի կազմելու, նույնիսկ չի առնչվելու և այս քննարկմանն էլ եկել է չուզելով:
Երբ տղամարդ լեզվաբանները սկսեցին նշել ոչ միայն թեստերում առկա սխալները, այլև Մեյթիխանյանին բանավոր խոսքում էին ուղղում, Մանուկ Մկրտչյանը առաջարկով հանդես եկավ` խնդրեց տղամարդկանց ջենթլմենություն ցուցաբերել հուզված կնոջ (Մեյթիխանյան) ներկայությամբ…
Մանուկ Մկրտչյանը նկատելով, որ արդեն որերորդ հարցի սխալ լինելն ընդունում է Մեյթիխանյանը, թեև մինչ այդ ասել էր, որ դիմորդների օգտին կբարձրացվի վիճահարույց միավորները, նշեց, որ դրանք մեկ անգամ ևս կքննարկվեն: Մասնագետները հարց բարձրացրեցին, թե ովքե՞ր կքննարկեն: Մկրտչյանը պատասխանեց` «մենք»: Ի դեպ, քիչ անց ասաց, թե «մենք» ասելով ինչ նկատի ուներ` կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովը:
Գնահատման և թեստավորման կենտրոնում կազմակերպված քննարկումը ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ընդհատեց այն պահին, երբ քննարկմանը ներկա ուսուցիչներից մեկն ընթերցեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ զարմանքից» մի հատված և առաջարկեց այս տարվա թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանին ասել, թե որ ղողանջից է:
Մինչ տիկին Մեյթիխանյանը պատրաստվում էր պատասխանել կամ չպատասխանել, Մանուկ Մկրտչյանը ձեռքը խփեց սեղանին և ասաց.
«Այդ հարցը Ձեր աշակերտներին կտաք»,- և քննարկումը համարեց ավարտված… Մինչդեռ ներկաները հարցեր ունեին տալու…
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Reporter.am