«Վ իշապագորգ» մանկական մուլտիպլիկացիոն կինոնկարի նկարահանման գաղափարն առաջացել է դեռևս 90-ական թվականներին: «Ընկերներիցս մեկը՝ Վահրամ Թաթիկյանը, ինձ հուշեց, որ կարելի է մուլտֆիլմ նկարահանել՝ օգտագործելով գորգը, որի վրա պատկերված կլինի վիշապը, իսկ մուլտֆիլմը կպատմի վիշապագորգի ստեղծման մասին, և ես սիրով համաձայնեցի»,- ասում է մուլտֆիլմի ռեժիսոր ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Մուլտֆիլմի գլխավոր գաղափարը ընկերասիրությունն ու բարությունն է, օգնելը յուրաքանչյուր անպաշտպան էակի` անկախ նրա ով լինելուց: Ֆիլմում մարդկայնացվել են վիշապիկն ու շնիկը, որոնց կողքին են տատիկն ու Գոհարիկը: Այն նախատեսված է մինչև տասներկու տարեկան երեխաների համար, թեև կհետաքրքրի նաև բարձր տարիքի երեխաներին:
Մուլտֆիլմի նկարահանումը ֆինանսավորվում է բացառապես «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որն այս տարի նախատեսում է ավարտել ևս չորս մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրություն` Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտիպլիկացիոն կինոնկարի 7-րդ մասը, Նարինե Մուրադյանի «Մումի տրոլը», Վրեժ Քասունու «Ավրորան», Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտիպլիկացիոն կինոնկարի 3-րդ մասը:
«Վիշապագորգի» սցենարի հեղինակը հենց ռեժիսորն է, որը սցենարը մի քանի անգամ փոփոխության ենթարկելով՝ հանգել է հետևյալ բովանդակությանը նոր ճանապարհ կառուցելու ժամանակ վիշապաքարերից հանկարծակի ծնվում է մուլտֆիլմի հերոսը` վիշապիկը: Նա միայնակ է ու անօգնական, չգիտի` ո՞վ է ինքը, որտեղի՞ց է գալիս և ինչպե՞ս պետք է ապրի այս անծայրածիր աշխարհում: Շնիկը, որ տարիքով մեծ է վիշապիկից, խնամում է նրան և մեծ պատասխանատվություն զգում նրա հանդեպ: Վիշապիկը բարի է ու սիրում է շփվել բոլորի հետ, բայց քանի որ նաև շատակեր է, մի քիչ էլ՝ «դմբո», նրա կյանքում անընդհատ բարդ իրավիճակներ են առաջանում: Երբ պարզվում է, որ նա վիշապ է, Գոհարիկը նրան ցույց է տալիս իր գործած վիշապագորգը, և երբ վիշապիկը հպվում է գորգին, կարծես ձուլվում է նրան՝ մտնելով իր ցեղակիցների աշխարհը: «Այստեղ ուշադրություն է հատկացվում իրական և թվացյալ երևույթներին: Իրականը միշտ մեր կողքին է, բայց մենք կամ ցանկություն, կամ հնարավորություն, կամ էլ իրավունք չունենք ներգրավվել նրա մեջ: Ես չցանկացա այսպես տխուր ավարտել մուլտֆիլմը և այն ավարտեցի տեսարանով, ու որ վիշապիկը, լսելով իրեն կարոտած ընկերների` Գոհարիկի ու շնիկի խոսքերը. «Գնաց, մի կարգին հրաժեշտ էլ չտվեց: Մենք կկարոտենք նրան»,- գորգից դուրս է գալիս և գրկում իր ընկերներին: Սրանով ուզում էի պահել այն գաղափարը, որ ընկերությունը չի մոռացվում, բայց ընտանիքն ու հարազատներն էլ կարևոր են յուրաքանչյուրի կյանքում»,- ասում է Գ. Մարտիրոսյանը:
Գ. Մարտիրոսյանը ցանկանում է հետագայում նկարահանել նաև «Վիշապագորգի» շարունակությունը` գործողություններն արդեն տեղափոխելով խալու մեջ` վիշապիկի աշխարհ:
Քսան րոպե տևողությամբ գծանկարային «Վիշապագորգ» մուլտիպլիկացիոն կինոնկարի մոնտաժային աշխատանքները հավանաբար կավարտվեն տարեվերջին:
Թե որքանո՞վ է մուլտիպլիկացիոն կինոնկարն անհրաժեշտ երեխաների ճիշտ դաստիարակման համար, և այդ իմաստով ինչպիսի՞ մուլտֆիլմեր են անհրաժեշտ նրանց, Գ. Մարտիրոսյանը կարծում է, որ երեխայի լիարժեք դաստիարակության համար մեծ է մուլտֆիլմի ճանապարհով դաստիարակության դերը, և նրանց ծնողների` տարիքային ճիշտ մուլտֆիլմեր ընտրելու դեպքում միայն կարող է այն դրական ազդեցություն և արդյունք ունենալ:
-Այսօր մուլտֆիլմեր կան, որտեղ խեղաթյուրված է մեր լեզուն, շեշտադրում չկա, իսկ գռեհկություն` որքան ուզես, ինչն էլ շատ շուտ է ընդօրինակում երեխան: Այդպիսի մուլտֆիլմերը պետք է պետական համապատասխան մարմիններն արգելեն: Խոսքը միայն մուլտֆիլմերի մասին չէ, այլ նաև գեղարվեստական ֆիլմերի, տարբեր թարգմանությունների, որոնք կեղտաջրի պես թափվում են մեր գլխին, և անգամ չենք հասցնում աչք թարթել ու հասկանալ` որտեղի՞ց են գալիս: Մենք հաճախ մոռանում ենք, որ երեխաները մեր վաղվա օրը շարունակողներն են, և ինչ ցանենք, այն էլ աճելու է: Հետո նրանք էլ ավելի գռեհիկ կդառնան: Ես չեմ ասում, թե համատարած գռեհկություն է, պարզապես հիմա այն աչք է ծակում, իսկ եթե դեռ աչք է ծակում, ուրեմն այդքան էլ շատ չէ, և հնարավոր է կանխել այն: Կարևորը այն մեզ համար սովորական չդարձնելն է,- կարծում է ռեժիսորը:
ԱՐՄԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ
#94(1519)