Հայոց լեզվի խնդիրն ինտերնետում` IMHO

Ինտերնետում լեզվի պահպանության հարցը զուտ հայկական երեւույթ չէ. Ցանցում անգլերենի իշխանությունը խնդիր է անգամ զարգացած ոչ անգլախոս երկրի համար, իսկ փոքր ազգերից շատերը Ինտերնետը դիտում են որպես գլոբալացվող աշխարհի զենք ու գործիք` վերացնելու ազգային արժեքները, ինքնագիտակցությունը, որ սկսվում է լեզվից:  Խնդիրը ոչ միայն ազգային տառատեսակներ օգտագործելն է, այլեւ ազգային լեզվով բովանդակություն ստեղծելն ու տարածելը:

Որպես ցուցանիշ օգտվենք Վիքիփեդիայի տվյալներից. այստեղ ադրբեջաներեն ավելի քան 40.000 հոդված կա, վրացերեն` ավելի քան 48.000, լիտվերեն` 130.000, հայերեն` մոտ 13.000: Իհարկե, տվյալ լեզվով խոսող մարդկանց թիվը կարեւոր է ինտերնետում լեզվի տարածվածության համար: Կարեւոր է նաեւ տվյալ համայնքում ինտերնետ օգտագործողների տոկոսը:

Հայախոս լսարանը սահմանափակ է, ու շատերը, ովքեր ներկայություն ունեն ինտերնետում, ձգտում են ռուսերեն կամ անգլերեն տեղեկություններ տարածել` ավելի մեծ լսարան գրավելու համար: Խնդիրը համատարած է` սկսած բլոգներից, որոնցից շատերը չեն ուզում կորցնել օրինակ Livejournal-ի մեծաթիվ ռուսալեզու ընթերցողներին, մինչեւ կորպորատիվ կայքեր, որոնք թեեւ հայաստանյան են, բայց հայերեն տարբերակ չունեն: Օրինակ` http://aray.am/, http://www.hotelyerevan.com/, http://www.visaconcord.am/, http://armavia.am… Դե, եռալեզու կայքը թանկ հաճույք է, ու եթե պետք է որեւէ լեզվի հաշվին գումար խնայել, ապա հայերենն ամենահարմարն է. այսպես թե այնպես, ինտերետից օգտվող հայերը ռուսերեն կամ անգլերեն կիմանան, չէ՞: Բացի այդ, եթե ավանդական լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, գովազդի, խանութների ու կազմակերպությունների ցուցանակների լեզվի հարցը կարգավորվում է օրենսդրությամբ, ապա Ինտերնետը առայժմ չի վերահսկվում:

Ինտերնետաբնակները կարող են պնդել, թե Ցանցն իր ուրույն լեզուն ունի, ու հնարավոր չէ այն ամբողջությամբ հայացնել. ինչպե՞ս, օրինակ, թարգմանել ինտերնետի  «սլենգը»: Թարգմանել, իհարկե, կարելի է, ինչպես արել է օրինակ Գեղամ Վարդանյանն այս համառոտ ուղեցույցում: Բայց սա թերեւս ինտերնետ «սլենգը» հասկանալու եւ ճիշտ օգտագործելու համար է, ոչ թե հայերեն կիրառելի համարժեքներ առաջարկելու: Ու որքան էլ հայատառ գրես, կարիք է լինում գոնե մի անգամ Alt-Shift անել, եթե ուզում ես լատինատառ հապավումներ, ինտերնետային հումոր կամ ուղղակի 🙂 օգտագործել: Անգամ հասարակ տեխնիկական հասկացությունների հայկական տարբերակները դեռ բարեհունչ չեն , կամ առնվազն անսովոր են, ու ամեն անգամ կիրառելիս մի պահ տատանվում ես`  դիտարկիչ (browser), միջներես (interface), հավանել (like), պիտակել (tag)… (սրանք դեռ արեւելահայերեն տարբերակներն են. եթե համադրենք արեւմտահայերենի հետ, ապա իրավիճակը շատ ավելի բարդ կլինի):

Այ հենց այստեղ էլ գալիս-միանում են խնդրի տեխնիկական, լեզվական ու սովորութային կողմերը: Դե, եթե մի քանի անգամ ստիպված ես լեզուն փոխել որեւէ բան գրելու համար, որքան էլ տարօրինակ է, տրանսլիտով գրելը ավելի արագ ու հարմար կարող է լինել:

Տեխնիկական խնդիրները լուծելու հետ մեկտեղ պետք է խթանել ինտերնետի տարածումը Հայաստանում. եթե ինտերնետը կիրառելի դառնա առօրյա կենցաղային հարցերում` ասենք հարկեր վճարելիս, բանկային գործարքներ իրականացնելիս, գնումներ անելիս, ապա հայերենի կիրառումն էլ զուգահեռաբար կավելանա:
Հիմա մեր մտածողության մեջ, թերեւս, անգլերեն եզրույթների կիրառումը մտովի բաժանում է իրականը վիրտուալից: Օրինակ` Ֆեյսբուքի ընկերների մասին խոսելիս մեծ հավանականությամբ կասենք «friend»` տարբերակելու նրանց իրական ընկերներից (նույնի ռուսերենը լսել եմ Odnokassniki.ru-ի օգտվողներից):

Ինչպես մի անգամ Ֆեյսբուքում շեշտեց Ալեքսանդր Չալաբյանը, այսօր լեզվի հիմնական կրիչը ոչ թե թուղթն է, այլ թվային տեխնոլոգիան: Ու այն, թե ինչ լեզվով ենք գրում հեռախոսով, iPad-ով ու համակարգչով, սերտորեն կապված է լեզվամտածողության զարգացման հետ:

Կարծում եմ` վաղուց ժամանակն է մտածել ինտերնետում լեզվի խնդրի մասին, քանի դեռ ինտերնետը չի որոշել, թե որ լեզվով մտածենք:

Լուսինե Գրիգորյան

17.05.11
հ․գ․ Վիքիպեդիայի մասով տվյալները հնացած են։ 2014 թվի դրությամբ նոր իրավիճակ է և հայերենը առաջ է անցել իր հարևաններից։
Գրառումը կատարվել է Զանազան, Հայերենացնենք ցանցը բաժնում։ Էջանշեք այս հղումը.