ԹԵ ԻՆՉՈՒ ՊԻՏԻ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏՆԱԼ

Մենք մեծ բազմությամբ խնայդրամարկղին առջև հերթի էինք կեցած: Մեյ մըն ալ, հանկարծ, վազելով ներս ընկավ երիտասարդ շատ բարեձև տիկին մը` իր փոքրիկին ձեռքեն բռնած:
Տիկինն ամբողջովին շտապողականություն էր, ամբողջովին անհամբերություն, վախ ու շփոթություն: Ու մեկեն դարձավ ամբողջովին սիրալիր ու աղաչական:
-Ընկերնե՛ր,- ըսավ ան հերթավորներուն,-երկաթուղու տոմս եմ առեր ու կես ժամեն կայարանը պիտի ըլլամ. Կաղաչեն թույլ տվեք առանց հերթի մոտենամ դրամս առնելու,-ու հովհարել սկսեց դեմքն, որն ամբողջովին հեղեղված էր քրտինքով:
-Խնդրե՛մ, խնդրե՛մ,-ըսին ամեն կողմե հերթավորները ու ճամփա տվին կնոջը, որն առաջին պատուհանին մոտեցավ, գրքույկը տվեց ու գնաց երկրորդ պատուհանին քով դրամն առնելու, նախապես չմոռանալով երախտագիտական հայացք մը նետելու բոլոր ներկաներուն վրա, որոնք այնքան վեհանձնաբար զիջեցին իրեն:
-Սա մեր ուսուցչուհին է,-կամաց շշնջաց հերթի կենողներեն մեկը իր ընկերին:
-Հա՞, բայց նայե` անհամբերութենեն ինդոր կդողա:
Երկրորդ պատուհանին ետև նստած կասիրը, սակայն, բնավ չէր դողար: Անիկա շատ հանգիստ, ակադեմիկ լրջությամբ մեկ-մեկ կպոռար թոշակառու այսինչյան, կամ լիմիտավոր այնինչյան և այսինչյանն ու այնինչյանը հանգիստ կասսային կմոտենային, կառնեին դրամն ու կերթային:
Այսպես չորրորդ թե հինգերորդ անունեն ետքը մեյ մըն ալ պոռաց.
-Ավանդատու Մովսիսյան:
Տիկինը «Մովսիսյան» բառին առաջ վազեց, բայց «ավանդատուին»` ետ քաշվեցավ, ըսելով.
-Ազգանունս Մովսիսյան է, բայց անունս ավանդատու չէ:
Կասիրը ականջ չկախելով կնկանը, կրկնեց նույն անունը քիչ մը ավելի բարձր:
-Ավանդատու Մովսիսյան չկա հոս,-ըսավ տիկինը ժամացույցը նայելով և ճոճանակի նման կասսային առջև գնաց եկավ, ամբողջովին անհամերություն կտրած:
Կասիրը նորեն կարդաց քանի մը անուններ ու նորեն վերադարձավ Մովսիսյանի անվան ու պոռաց.
-Ավանդատու Մովսիսյա՛ն:
-Ո՞վ է այդ գետին մտնելիք ավանադտուն,-շշնջաց կինը անլսելի ու բարձրացնելով ձայնը, ընկե՜ր,-ըսավ,-հաջորդը կարդացեք:
Մինչ ներսեն կկարդացվեին նոր անուններ, տիկինը բռնված թռչունի նման մեյ մը առաջին պատուհանը կզարնվեր, ստուգելու թե գրքույկն ուղարկվա՞ծ էր, մեյ մը տղուն քով կվազեր կարգի հրավիրելու զայն, ապա նորեն ժամացույց, նորեն երկրորդ պատուհանը:
-Ավանդատու ի՞նչ անուն է, առաջին անգամը կլսեմ: Արդյոք տղայի՞ թե աղջկա ըլլալու էայդ գարշելի անունը,-կպտպտար տիկինը ու կերթևեկեր, այս անգամ, հարկավ, ավելի խոշոր քայլերով, վասնզի շատ քիչ էր մնացեր գնացքի մեկնելուն:
-Ավանդատու Մովսիսյա՛ն,- այս անգամ արդեն բարկացած գոչեց կասիրը ներսեն ու դուրսեն նույնպես զայրացկոտ «չկաներ» լսելով մեկդի շպրտեց գրքույկը:
-Վա՜յ, սատկի քեզ նման Մովսիսյանն,-արտասանեց ի վերջո տիկինը, որը երկաթուղուն հասնելու հույսն իսպառ կտրեր էր և մտովին մնաս բարով կըսեր այն դրամին, որը դեռ երեկ վճարեց փափուկ վագոնի համար:
Անցան ժամեր: Բոլոր առնողները առին, տվողները տվին ու դատարկվեց խնայդրամարկը:
Տիկինը մոտեցավ կասիրին և կպատրաստվեր հարցնել, երբ հանկարծ սեղանի վրա տեսավ իր գրքույկը:
-Ընկե՛ր,-գող բռնողի մը փութկոտությամբ ճչաց կինը,-ահա գրքույկս, ինչո՞ւ չկարդացիր:
-Տասնհինգ անգամ կարդացի, տիկին, և դուն էիր առաջին «չկա» ճչացողը:
-Բայց դու ավանդատու Մովսիսյան կկարդային, մինչդեռ ես Մանյա Մովսիսյանն եմ:
Ու Մանյան ու կասիրը երկար կռվեցան:
Միայն շատ ուշ, մինչև որ տիկինը հասկցավ վերջապես, թե ավանդատու կնշանակե դրամարկղին մեջ դրամ պահ տվող, արդեն գնացքը Կարաբուրուն կայարանն էր հասեր…
Ուսուցչուհին փոր ու փոշման նորեն բռնելով փոքրիկին ձեռքը, որն այս բոլորին վրա դեռ կեղտոտեր էր վրան` տուն դարձավ:
Ավարտելով այս իրական պատմությունը, ամենևին չեմ ցավեր, հարկավ, որ ուսուցչուհի մը ավանդատու բառը չհասկնալուն պատճառով գնացքը բաց թողուց և 130 ռուբլիի մը վնաս ունեցավ: Կցավիմ այն բանի համար, որ ասոր բոլոր աշակերտները կյանք պիտի դուրս գան չիմանալով ի՞նչ է նշանակում ավանդատու, չհասնեն գնացքին ու կորցնեն շատ բան:
Դրան ավելցրած` երեխայի կեղտոտությունը…
 
Լեռ Կամսար
1935
Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին բաժնում։ Էջանշեք այս հղումը.