Շնորհավոր մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

1952թ.-ին Դաքայում (Պակիստան, այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաք) ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ:

Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը:

Մի քանի ամիս առաջ հայտնաբերեցի, որ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում նույնպես ի հիշատակ բենգալացիների պայքարի կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը: Հուշարձանի վրա նշված են մի քանի լեզուներ իրենց այբուբենով: Ցավալիորեն Ավստրալիայի ավելի քան 250 բնիկ լեզուները ներկայացված են մեկ խմբի տակ` «աբորիգեն» անվամբ:

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ (անգլերեն, չինարեն, արաբերեն, իսպաներեն ևն) աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունը ավելի շատ տարածում ունեն:

Ես լիահույս եմ, որ համացանցի և գլոբալ հաղորդակցության միջոցների շնորհիվ փոքրամասնական լեզուները կկարողանան գտնել գոյատևման իրենց ուղին ի հեճուկս անբարենպաստ պայմանների: Մասնավորապես մեծ դերակատարում ունեն սոցիալական կայքերը, քանի որ կարող են հնարավոր դարձնել այդ լեզուների տեսանելիությունը:

Ընթերցո՛ղ, դու նույնպես կարող ես օգնել այդ գործում` աշխատավայրում օգտագործելով քո մայրենին և հետաքրքրվելով այլոց մայրենի լեզվի մասին: Իմ փորձը ցույց է տվել, որ մարդիկ ուրախանում են, երբ հարցնում ես նրանց մայրենի լեզվի մասին, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ մայրենիի կիրառությունը չի խրախուսվում:

Շնորհավոր մայրենի լեզվի օրը:

 

Այդան Ուիլսոն

Aidan Wilson

http://blogs.crikey.com.au

Գրառումը կատարվել է Հատուկ, Հրապարակախոսական, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.