1. Գևորգ Յազըճյանի բողոք-նամակը Լեզվի պետական տեսչությանը (ապրիլի 25, 2013թ.)
2.Գևորգ Յազըճյանի նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի, 22, 2013թ.)
3. Վիկտորիա Առաքելովայի պատասխան նամակը Գևորգ Յազըճյանին (ապրիլի 23, 2013թ.)
4. Գևորգ Յազըճյանի պատասխան նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի 24, 2013թ.)
Երեւան, 25 ապրիլի 2013 թ.
ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Լեզուի պետական տեսչութեան,
Երեւանում գործող Իրանագիտութեան կովկասեան կենտրոնը օրերս համացանցով տարածել է յայտարարութիւն, որով ծանուցում է, թէ կազմակերպում է արեւելագիտական միջազգային գիտաժողով, որը կայանալու է ս. թ. նոյեմբերի առաջին օրերին, Երեւանում Անգլերէն յայտարարութեան մեջ ասուած է, թէ գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերէնն ու ռուսերէնը, այսինքն` գիտաժողովում բացակայելու է հայերէնը:
Կից Ձեզ եմ ներկայացնում գիտաժողովի կազմակերպական հարցերի պատասխանատու, ԻԿԿ աշխատակից, պ. գ. թ. Վիկտորիա Առաքելովայի հետ իմ էլեկտրոնային նամակագրութեան շարադրանքները: Իմ նամակներում նշուած են ամսաթուերը` ապրիլի 22 եւ 24, իսկ Տիկ. Առաքելովայի առանց թուականի նամակը ինձ էլ. փոստով ուղարկուել է ս. թ. ապրիլի 23-ին:
Իմ նամակներում շատ յստակ բացատրուած են ԼՊՏ-ին հասցէագրուած իմ այս գրութեան հիմքերը:
Փոխանցելով այս բոլորը Ձեզ, դիմում եմ ԼՊՏ-ին` պահանջելով ձեռնարկել հարկ եղած քայլերը` ԻԿԿ-ին պարտադրելու իր կազմակերպած միջազգային գիտաժողովի աշխատանքային լեզուների շարքում հայերէնի ընդգրկումը, ինչպէս նաեւ օտարալեզու ելոյթների նախօրօք գրաւոր կամ համաժամանակեայ բերանացի, իսկ քննարկումների համար` համաժամանակեայ հայերէն թարգմանութեան ապահովումը:
Տիկ. Վ. Առաքելովայի` իմ մօտ առկայ կապի միակ տուեալն է նրա էլ. փոստի հասցէն` caucaseiranica@gmail.com: Նրա հետ կարող էք կապ հաստատել ամուսնու եւ իր աշխատած ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչի` բ. գ. դ., պրոֆ. Գառնիկ Ասատրեանի միջոցով. հեռ.` 55-61-91, ներքին հեռախօսային երկարացում` 3-92, 2-878:
Մաղթելով Ձեզ ամենայն բարիք,
Յարգանքներով`
Գէորգ Եազըճեան (ազատ լրագրող, պատմաբան, ՀՀ հայագիտական ակադեմական կառոյցներում հայոց լեզուի գազանային յօշոտման որպօէս բողոք պատ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին եւ հրապարակայնօրէն հրաժարած պատմաբան)
……………………………………………………………………………………………………………
Իրանագիտության կովկասյան կենտրոնի աշխատակից, պ. գ. թ. Վիկտորիա Առաքելովային,
Համացանցում ընթերցեցի Դր. Էնայաթօլլահ Ռեզայի հիշատակին ս. թ. նոյեմբերին Երեւանում նախատեսված գիտաժողովի հայտարարությունը: Ընդվզումով կարդացի, որ գիտաժողովի աշխատանքային լեզուների շարքում բացակայում է հայերենը: Սա ամոթալի է եւ հիմնովին ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ: Ամեն ինչ անելու եմ, որ հայերենը կազմակերպիչներին պարտադրվի, այլապես պիտի աշխատեմ հիմնովին տապալել գիտաժողովը: Ի վերջո, ՀՀ-ն ունի Սահմանադրություն եւ Լեզվի օրենք, որի առաջին իսկ հոդվածը հայտարարում է, որ հայերենը ՀՀում սպասարկում է կենսագործունեության ԲՈԼՈՐ ոլորտները: Հետեւաբար, բարի եղեք ապահովել օրենքով սահմանված իմ իրավունքը:
Առայժմ առանց հարգանքների` Գեւորգ Յազըճյան (22 ապրիլի 2013 թ.)
………………………………………………………………………………………………………………………………
Պարո՛ն Յազիչյան,
Ի պատասխան Ձեր նամակի, որը, ի դեպ, գրված է անընդունելի ոճով և նույնիսկ սպառնալիքներ է պարունակում, կցանկանայի հայտնել, որ մենք կազմակերպում ենք միջազգային կոնֆերանս: Միջազգային կոնֆերանսի աշխատանքային լեզուն, բնականաբար, լինելու է միջազգային:
Չգիտեմ, Դուք երբևէ մասնակցե՞լ եք որևէ միջազգային գիտաժողովի, թե ոչ, բայց իմ աշխատակիցներն ու ես մասնակցել ենք տասնյակ այսպիսի միջոցառումների: Անկախ անցկացման երկրից (լինի Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Լեհաստան,Չեխիա, Իտալիա, Ճապոնիա, Իսրաել, Վրաստան, Ռուսաստան, թե Հայաստան) միջազգային գիտական միջոցառումների լեզուն ընդունված է համարել անգլերենը՝ անկախ երկրի պետական լեզվի բարձր մակարդակից:
Ինչ վերաբերվում է ռուսերենին, ապա այն ընտրված է եղել որպեսԿովկասյան ժողովուրդների շփման լեզու, քանի որ շատ հյուրեր ժամանելու են նաև Կովկասից, և մի շարք քննարկումներ լինելու են Կովկասյան հիմնախնդիրների շուրջ:
Հնարավորության և համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում գիտաժողովի ընթացքում կտրամադրենք հայերեն թարգմանություն:
Եթե Դուք, որպես հայոց լեզվի ջատագով կարողանաք կազմակերպել հայերեն թարգմանություն առանց ֆինանսական միջոցների, ապա հիանալի կլինի:
Եթե Ձեզ մոտ կառաջանան այլ հարցեր մեր միջոցառման վերաբերյալ, խնդրեմ դիմե՛ք, ես հաճույքով կպատասխանեմ: Սակայն կխնդրեի Ձեր հարցերն ու առաջարկները արտահայտել համապատասխան տոնով և խուսափել սպառնալիքներից. դա շփման անընդունելի ձև է ոչ միայն գիտական միջավայրում, այլ պարզապես քաղաքակիրթ անձանց միջև:
Ամենայն բարիք,
Վիկտորիա Առաքելովա
………………………………………………………………………………………………………………………………
Երեւան, 24 ապրիլի 2013 թ., առավոտ
Տիկին Վիկտորիա Առաքելովային,
Շնորհակալ եմ Ձեր պատասխանի համար: Ստիպված եմ սակայն, այս նշանակալից օրը, Ծիծեռնակաբերդ բարձրանալուց առաջ, Ձեզի պատասխանել` մեջբերելով Ձեր նամակ-պատասխանի հետեւյալ արտահայտությունները.
«Հնարավորության և համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում գիտաժողովի ընթացքում կտրամադրենք հայերեն թարգմանություն: Եթե Դուք, որպես հայոց լեզվի ջատագով կարողանաք կազմակերպել հայերեն թարգմանություն առանց ֆինանսական միջոցների, ապա հիանալի կլինի»:
Հիմնական խնդիրը փորձում եք վերածել երկրորդականի: Ձեր գլխավոր ապօրինությունը ՀՀ-ում անցկացվելիք գիտաժողովում (թող որ լինի միջազգային) հայոց լեզուն աշխատանքային լեզվի կարգավիճակից զրկելն է, որը ապօրինի լինելուց բացի, նաեւ անբարոյություն է, հայհոյանք Մեսրոպ Մաշտոցի անվան ու հիշատակին: ՈՉ ՈՔ, շեշտում եմ` ՈՉ ՈՔ, հայազգի կամ օտարազգի, իրավունք ունի ՀՀում հայոց լեզվի կիրառության ոլորտների որեւէ սահմանափակում մտցնելու: Դա հակասահմանադրական է, հիմնովին անընդունելի, այլեւ` պարսավելի: Ավելին, հայոց լեզուն գիտաժողովի աշխատանքային լեզուների ցանկից արտամղելով դուք փաստորեն հայտարարում եք, որ ՀՀում (եւ առհասարակ) հայոց լեզուն գիտության լեզու չէ, զրկում եք հայազգի գիտաշխատողներին` իրենց հայրենական պետության ներսում իրենց մայրենի լեզվով արտահայտվելու տարրական իրավունքից: Ո՞վ է ձեզ` կազմակերպիչներիդ, նման «իրավունք» տվել, թե՞ դուք նման հակաօրինական մենաշնորհներ եք ինքներդ ձեզ շնորհել… Դուք եւ որեւէ մեկը ՀՀում իրավունք չունի որեւէ գիտաժողովում, ժողովում կամ այլուր սահմանափակելու հայոց լեզվի ազատ գործառնությունը, այդ թվում` ելույթ ունենալը հայոց լեզվով: Դա ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, մարդու իրավունքների եւ միջազգային ու հանրապետական ուրիշ իրավական հիմնարար փաստաթղթերի դրույթների կոպիտ խախտում է, անթույլատրելի` բոլոր առումներով:
Սա կազմակերպիչների երկրորդ գիտաժողովն է, որտեղ բացակայելու է հայոց լեզուն: Եթե Երեւանում անցյալ տարի կայացած ու ձեր կազմակերպած իրանագիտական միջազգային գիտաժողովի ավանդականի վերածվելը ողջունելի է, սակայն հիմնովին անթույլատրելի է հայոց լեզուն արհամարհելու եւ անարգելու` ավանդականի վերածվելու միտում ունեցող վարքագիծը:
Ձեր հակաօրինական քայլերը արդարացնել փորձելով, թվարկել եք, ոչ ավել, ոչ պակաս, 12 պետության անուն (ի զուր չեք թվարկել ՄԱԿի անդամ եւ ոչ-անդամ բոլոր պետությունների անունները, դրանով ձեր նամակը շատ ավելի հետաքրքրական կլիներ), որտեղ անցկացվող միջազգային գիտաժողովների լեզուն, ըստ ձեզ, իբր անգլերենն է: Դա այդպես չէ, շատ երկրներում, այդ թվում` ՀՀում, ոչ-անգլերեն լեզվով միջազգային գիտաժողովներ եղել են ու կլինեն: Այդուհանդերձ, ձեր թվարկած երկրներից ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՀում անցկացվող միջազգային եւ ոչ-միջազգային գիտաժողովներում է հնարավոր, որ բացակայի պետական լեզուն: Խոսքը սրա՛ն է վերաբերում: Այո՛, այդ պետություններում բարձր, շատ բարձր են գնահատում իրենց պետական – շատ դեպքերում` նաեւ ազգային – միակ լեզուն` ի տարբերություն ՀՀում օտարամոլ եւ ստրկացած հայազգի արարածների…
Այժմ` մի քանի դատողություն հայերեն թարգմանության ապահովման հարցի մասին, որը, ձեր ճարպիկ մեկ քայլով, փորձել եք ներկայացնել որպես իմ նամակ-պահանջագրի հիմնական կետը:
Դուք կամ որեւէ անձ կամ կազմակերպություն ՀՀում եթե միջազգային գիտաժողով կամ որեւէ այլ միջոցառում է կազմակերպում, նա պարզապես ՊԱՐՏԱՎՈՐ Է ապահովել հայերեն համաժամանակյա թարգմանությունը: Դա եթե իմ եւ շատ ուրիշների խնդիրն է, սակայն միաժամանակ, դա մեր ԻՐԱՎՈՒՆՔՆ է, իսկ կազմակերպիչների — այս դեպքում` ձեր — ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: «Իրավունք» եւ «պարտավորություն» հասկացությունների բովանդակությունների էական տարբերությունը հասկանալու համար կարող եք դիմել իրավաբանի խորհրդատվության, թեեւ այս դեպքում կարող եք դիմել նաեւ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության` պարզաբանումներ ստանալու համար:
Մյուս կողմից, երեւի ինձ, ավելի ճիշդ ինքներդ ձեզ ապուշի տեղ եք դնում` փորձելով հավատացնել, թե միջազգային գիտաժողով կազմակերպելու գումարներ ունեք, բայց հայերենի թարգմանչի վարձատրության գումար չունեք: Վերջինս, հոռեգույն դեպքում, կկազմի 2-3 հարյուր դոլար: Այդքա՞նն էլ չունեք, որ ապավինում եք իմ հույսին: Այս աստիճա՞ն անարժեք եք համարում հայոց լեզուն, այն էլ` ՀՀում (թեեւ հայերենը, իբրեւ մարդկային ու ազգային արժեք, ՉԻ ԿԱՐԵԼԻ նյութական ու ֆինանսական որեւէ չափորոշիչով գնահատել):
Ինչ վերաբերում է միջազգային գիտաժողովների իմ մասնակցած լինել-չլինելուն եւ ձեր բազմաթիվ մասնակցություններին, դրանք այս սուրբ օրն ընդունում եմ քմծիծաղով: Ես առաջնորդվում եմ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, նաեւ` հայոց ազգային արժանապատվությամբ եւ ոչ թե միջազգային ու կովկասյան սոփեստական «հիմնավորումներով»: ՇԵՇՏՈՒՄ ԵՄ` հայոց լեզուն ՀՀում պարտադիր է կենսագործունեության ԲՈԼՈՐ ոլորտներում, այդ թվում` ԲՈԼՈՐ գիտաժողովներում: Երեւի կհամաձայնեք, թե գիտաժողովն էլ ՄԱՐԴԿԱՅԻՆ կենսագործունեության մի տեսակ է եւ ոչ թե Աստծու ստեղծած ոչ-մարդ արարածների ինչ-որ հավաք…
Մի՛ ցեղասպանեք հայոց լեզուն իր իսկ հայրենիքում: Կրկնում եմ` դա թույլ չեմ տա: Սա ընդունում եք սպառնալի՞ք թե մեկ այլ բան` դա ձեր խնդիրն է: Եթե համոզված եք, որ սա ձեզի ուղղված սպառնալիք է` խորհուրդ կտամ իմ հասցեին մեղադրանքով անհապաղ դիմել ՀՀ իրավապահ մարմիններին եւ կտեսնենք, թե վերջում ով կտուժի եւ կպատժվի:
Իմ երկու նամակներն ու ձեր նամակ-պատասխանը փոխանցելու եմ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության` որպեսզի պարտն ու պատշաճը տնօրինեն: Տեսնենք, թե ՀՀում հայոց լեզուն ձեր գիտաժողովի սրահում ներկա լինելու <պատիվն> ունենալո՞ւ է, թե՞ այդ պետական մարմինը ապացուցելու է, թե ինքy մեռած կամ անգործունյա ու անկարող մի կառույց է:
Այս նյութերը տարածելու եմ նաեւ Համացանցով` ի լուր աշխարհի հայության:
Երկու նախադասություն էլ իմ բարեկրթության հարցի մասին: Ինձ ճանաչողները լավ գիտեն, թե ես բավականին բարեկիրթ եմ բոլորի նկատմամբ` բացի հայոց լեզուն ՀՀում անարգողներից ու արհամարհողներից: Եթե հայոց լեզուն հայոց հայրենիքն է (Ավետիք Իսահակյան), ապա հայոց լեզուն իր իսկ հայրենիքում արհամարհողները արգահատելի անձինք են, իսկ նմանների նկատմամբ հարգանք տածելը, մեղմ ասած, անմտություն է: Դրա համար էլ, այս նամակն էլ ավարտում եմ` գրելով`
Առայժմ առանց հարգանքի`
Գեւորգ Յազըճյան (ազատ լրագրող, Լիբանանի Լրագրողների միության անդամ, ՀՀ հայագիտական ակադեմական կառույցներում հայոց լեզվի անարգման որպես բողոք պատմ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին եւ հրապարակայնորեն հրաժարած պատմաբան)