Ամենուր և անդադար աղավաղվող մեր լեզվի համար մտահոգությունները ոչ միայն չեն վերանում կամ նվազում, այլ օրավուր ավելի խորանում են: Մի առիթով գրել ենք, որ հատկապես բանավոր հնչող հայերենի համար, թվում է, լոկ մի ապահով ապաստան է մնացել` հայ հոգևորականի շուրթերը, որոնք դեռ պահպանում են հինավուրց այս լեզվի նախաստեղծ մաքրությունն ու, մանավանդ, “է”ականությունը: Ցավոք, իրականությունը մեզ նորուցավալի օրինակներ է մատուցում, և դրանցից մեկն այսօր օրաթերթերից մեկում հրապարակված հարցազրույցն է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
Որ սրբազան հայրը բավական ուրույն պատկերացումներ ունի նյութական արժեքների, ընդհանրապես հարստության, կյանքի վայելքների մասին` վաղուց է հայտնի, մինչդեռ թե ինչպես է նա մտածում, ինչպիսին է նրա լեզուն ու լեզվամտածողությունը, գոնե տողերս գրողի համար առավել հստակվում է հիմա, երբ կարդում եմ հարցազրույցը, որն արվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ “Հաղթանակ” զբոսայգում մայիսյան տոների առթիվ աղքատներին տրված հացկերույթի ժամանակ, որին մասնակից է եղել է նաև սրբազան հայրը:
Նախ` լրագրողի հետ հեգնաբար ու քամահրանքով խոսելու սրբազանական կերպը համարյա չի տարբերվում հայ օլիգարխիատի բազմաթիվ երևելիների խոսելաոճից, նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե հարցազրույց ես կարդում ինչ-որ “թոխմախների” ու “շմայսների” հետ. նույն քամահրական տոնն ու մեծամտությունը, նույն փարիսեցական դատողությունները, նույն կիսագողական արտահայտությունները (“… դե ուրեմն վերջացավ”, “էդքան բան”, “էդ (“Բենթլի” ավտոմեքենան – Լ. Ս.) իրանց համար գանձ ա, ինձ համար` սովորական բան”):
Սրբազան հայրը իրեն հարգալից Դուք-ով դիմող լրագրողուհու հետ խոսում է քամահրական դու-ով: Սակայն առավել վիրավորական է այն լեզուն, որով իր մտքերն է ձևակերպում Նավասարդ Կճոյանը: Վերջինս, անտարակույս, տիրապետում է գրական հայերենին, սակայն լրագրողի հետ խոսում է Արարատյան բարբառով` շատ լավ իմանալով, որ իր խոսքը բնագրային անխաթարությամբ շուտով հայտնվելու է լրատվամիջոցներում: Իսկ ամենազարմանալին այն է, որ նա իրեն թույլ է տալիս արհամարհել աստվածապարգև “է”-ն և խոսել մի լեզվով, որ պատիվ չէր բերի նույնիսկ ԱԺ կիսագրագետ պատգամավորին: “Հատկանիշ ա”, “գալիս ա”, “ազգն ա”, “հետաքրքրում ա”, “մտահոգում ա”. ահա այսպես անթաքույց-անբռնազբոս “ա”-ախոսում է բարձրաստիճան հոգևորականը, և շատերիս այն հույսն ու ակնկալությունը, թե ամենուր աղավաղվող հայոց գրական լեզուն, այնուամենայնիվ, մի ապահով տեղ կա, ուր ապրում է իր նախաստեղծ մաքրությամբ` եկեղեցականի շուրթերին, ի դերև են ելնում, եթե բարբառն ու “ա”-ախոսությունն արդեն մագլցել են այսքան վեր` մինչև արքեպիսկոպոս ու հայրապետական թեմի առաջնորդի բերան:
Իսկ երբ այդ բերանից լսում ես նաև “երկնքից ա” արտահայտությունը, հասկանում ես, որ բանը բանից անցել է:
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ