Ի Վերջոյ՝ Սադրա՞նք, Թէ Պատմական Քայլ Կամ Ինչ է Կատարւում Ջաւախքի Շուրջ

«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրէն Վահէ Սարգսեանն անդրադարձել է Ախալքալաքի շրջանի ժողովի՝ Տեղաշրջանային կամ փոքրամասնութիւնների եւրոպական խարտիան (դաշինքը.- Խմբ.) վաւերացնելու եւ հայերէնին իրաւաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղղուած վերջին կոչ որոշմանն ու դրան հետեւած արձագանքներին ու զարգացումներին: Ներկայացնում ենք այն ստորեւ.
Ջաւախքում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները սկսել են Վրաստանի քաղաքական դաշտում ի յայտ բերել որոշ գործընթացներ, միաժամանակ դրանց արձագանքեցին հայ-վրացական հասարակական լայն շերտերը. որոշ մասը Ախալքալաքի շրջանի ժողովի՝ Տեղաշրջանային կամ փոքրամասնութիւնների եւրոպական խարտիան վաւերացնելու եւ հայերէնին իրաւաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղ-ղուած վերջին կոչ որոշումը որակեցին որպէս կարեւորագոյն, անգամ պատմական քայլ, որոշ մասը՝ Մ. Սահակաշվիլու թիմակիցների կողմից իրականացուած պարզ սադրանք:
Յիշեցնենք՝ առնուազն պաշտօնապէս յայտնի է, որ նշեալ որոշումն Ախալքալաքի շրջանի ժողովի օրակարգ էին բերել Բ. Իվանիշվիլու թիմակից պատգամաւորները, ինչը ողջունել եւ միաձայն քուէարկել էին բոլոր պատգամաւորները: Թէ իրականում այս նախաձեռնութեան հետեւում ովքեր են կանգնած՝ Սահակաշվիլու նախկին կամ ներկայ թիմակիցները, հասարակական սեկտորի (հատուածի.- Խմբ.) ներկայացուցիչները, Ջաւախքի Աբուլ գիւղի հովիւը, թէ որեւէ այլ մէկը՝ խիստ երկրորդական է, եթէ նկատի ունենանք այն կարեւորութիւնը, այն իրապէս պատմական նշանակութիւնը, որն ունի հայերէնի իրաւական կարգավիճակը Ջաւախքում: Հարցն այստեղ Ախալքալաքի ժողովի որոշման յետագայ ընթացքի մէջ է. այն է՝ կը ստանա՞յ այն իրաւաբանական փաստաթղթի տեսք, կ՛ուղարկուի՞ խորհրդարան, թէ կը կրկնուի ինչ որ իմաստով 2007թ. օրինակը, եւ այս որոշման արձանագրութիւնն էլ, 2007թ. ստորագրութիւնների նման, կը մնայ ինչ որ մէկի դարակում:
Միւս կողմից՝ չենք կարող անտեսել նաեւ այն փաստը, որ ջաւախքեան այս քայլը հմտօրէն օգտագործուեց Մ. Սահակաշվիլու կողմից, որով վերջինս փորձեց վրացական ազգայնական, ես կ՛ասէի՝ ազգայնամոլական շրջանակներում արթնացնել կամ թարմացնել վրացերէն լեզուի հանդէպ տածած պաշտամունքը, որից ելնելով էլ վերջինս ամէնօրեայ դարձաձ «վահագնականչերին» աւելացրեց եւս մէկ կանչ: Դրանով Մ. Սահակաշվիլին մի վերջին անգամ փորձում է ե՛ւ ստեղծել իր համար, յանձինս շովինիստական (ազգայնամոլական.- Խմբ.) շրջանակների, քաղաքական յենարան, ե՛ւ քննադատութեան արժանացնել Բ. Իվանիշվիլու վարած քաղաքականութիւնը՝ նաեւ այս ոլորտում: Դրանով էր պայմանաւորուած նախագահի օրերս կատարած այցը Ջաւախք եւ յատկապէս՝ Ախալքալաքի վրացական նորակառոյց դպրոց, որտեղ էլ վերջինս հանդէս եկաւ վրացաշունչ յայտարարութեամբ, չմոռանալով յիշեցնել, որ հայ աշակերտները եւս իր համար վրացիներ են:
Իրականում զարմանալի կամ առաջին հայեացքից ծիծաղելի ոչինչ չկար, քանի որ սահակաշվիլիական ռեժիմը (վարչակարգը.- Խմբ.), տարիներ շարունակ Ջաւախքում ստեղծելով հայկական լեզուամշակութային վակիում (պարապութիւն.- Խմբ.) եւ փոխարէնը միլիոնաւոր դոլարներ ծախսելով անխնայ վրացականացման համար, ջաւախքահայ մանուկներին վաղուց է դիտարկել որպէս ապագայ «զտարիւն» վրացիներ՝ տանելով վերջիններիս այն ճանապարհով, որով անցել են հենց իրենք՝ Մ. Սահակաշվիլին եւ Վ. Մերաբիշվիլին: Ի վերջոյ՝ գաղտնիք չէ, որ քարթվելիզացման (վրացականացման.- Խմբ.) գործընթացը Վրաստանում առկայ է միշտ, իսկ եթէ ի նկատի ունենանք էթնոձուլման մասնակիցների (երկրի գրեթէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդների) թուի կտրուկ անկումը, ապա կարելի է եզրակացնել, որ քարթվելիզացման եւ վերջինիս մոլի պաշտպան Մ. Սահակաշվիլու եւ Վ. Մերաբիշվիլու վերջին յոյսը հայերն են, յատկապէս՝ ջաւախքահայութիւնը:
Մ. Սահակաշվիլին իր՝ Ջաւախք կատարած վերջին այցից եւ ջաւախքահայութեան սառն ընդունելութիւնից (Ջաւախքի ղեկավարութեան գերակշիռ մասը ներկայ չէր երկրի նախագահի այցին) վերջնականօրէն հասկացաւ, որ ինքն, ի դէմս ջաւախքահայութեան, չունի այլեւս քաղաքական յենարան եւ առաջիկայ նախագահական ընտրութիւններում եւ ոչ մի քուէ:
Փաստօրէն, եթէ Ջաւախքի քաղաքական ղեկավարութիւնը վերջին որոշման հետ կապուած կրկին հանդէս բերի անգործութիւն՝ չուղարկելով այն խորհրդարան, ապա ինչ որ իմաստով կ՛արդարանան այն մարդկանց տեսակէտները, որոնք այս քայլը որակեցին որպէս սադրանք կամ յատուկ նախագծուած քայլ, որը ծառայեց Մ. Սահակաշվիլու դերի ու կշռի բարձրացմանը: Միւս կողմից, եթէ անգամ այս ամէնը դիտարկենք նման վատատեսական դիրքերից, ապա միեւնոյն է՝ դրականը եւ Ջաւախքի համար շահաւէտն այս ամէնի մէջ գերակշիռ է: Բաւական է միայն հետեւեալ իրողութիւնների հանրայնացումը.
1. Ջաւախքի զարգացման գրաւականը հայերէնն է՝ իր իրաւական կարգավիճակով հանդերձ:
2. Վրաստանը տարիներ շարունակ չի կատարում իր պարտաւորութիւնները եւրոկառոյցների առջեւ:
3. Ոչ թէ վրացերէնի չիմացութիւնը, այլ՝ հայերէնի իրաւաբանական կարգավիճակի բացակայութիւնն է Վրաստանի հասարակական քաղաքական կեանքից տարածաշրջանի հայութեան մեկուսացուածութեան իրական պատճառը եւ հայութեան ինտեգրացիայի (համարկումի.- Խմբ.) առաջնային եւ հիմնական խոչընդոտը:
4. Հայերէնի կարգավիճակի բացակայութիւնը ջաւախքահայ երիտասարդութեան գործազրկութեան, այն է՝ պետական եւ մասնաւոր մի շարք հիմնարկներում աշխատանք չունենալու կամ վերջինից զրկուելու, հետեւաբար նաեւ՝ արտագաղթի հիմնական պատճառն է (յիշեցնենք, որ որոշումն ընդունելու օրը Ախալքալաքի շրջ. ժողովում նշեալ հարցի բարձրացման ելոյթով հանդէս են եկել նաեւ բարձրագոյն կրթութեամբ եւ նշեալ պատճառով աշխատանքի չընդունուող երիտասարդներ):
5. Մ. Սահակաշվիլու ռեժիմի իրական նպատակը ոչ թէ եւրոպական արժէքների հենքի վրայ Ջաւախքի զարգացումն է, այլ՝ ոտնահարելով այդ արժէքները՝ ջաւախքահայութեան բռնի ուծացումն ու հայ մանուկներին օր առաջ վրացի համարելը:
6. Հայերէնի կարգավիճակի հարցը առանցքային հիմնահարց է, որի բացակայութիւնը տարածաշրջանը պահելու է մշտական լարուածութեան մէջ՝ հանդիսանալով Վրաստանի կեղծ ժողովրդավարութեան խորհրդանիշ:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

www.asbarez.com

Գրառումը կատարվել է Զանազան, Միջազգային փորձ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.