Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Անրի Ռեյնոյին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիմատետրի (Facebook) էջից տեղեկացա, որ ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում ս.թ. մայիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնում նախատեսվում է ցուցադրել “Ceux qui restent” գեղարվեստական ֆիլմը ֆրանսերեն բնագրով և անգլերեն մակագրերով:
Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ համաձայն ՀՀ սահմանադրության հոդված 12-ի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի և ՀՀ տարածքում հայոց լեզուն գերակայություն ունեցող լեզու է:
Ֆիլմի հայերեն թարգմանությունը չապահովելով` Ֆրանսիայի դեսպանությունը մի կողմից խտրականություն է կիրառում ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չգիտեն ֆրանսերեն կամ անգլերեն, մյուս կողմից` խախտում ՀՀ օրենսդրությունը:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը և Լեզվի ժողովրդական տեսչություն հասարակական նախաձեռնությանը:
Հարգանքով`
Ա. Մամիկոնյան
ՀՀ քաղաքացի
Խմբագրության կողմից. Լեզվի ժողովրդական տեսչությունը բազմիցս անդրադարձել է օտարալեզու ֆիլմերի հանրային ցուցադրության ժամանակ ՀՀ լեզվի մասին օրենքի խախտմանը: Տե’ս Իտալական ֆիլմերի շաբաթ. կրկին անտեսվում է հայերենը, Երևանում ֆիլմերը ցուցադրվում էին իսպաներեն բնագրով և անգլերեն տիտրերով: