Հայերենը, հայ գրականությունը, հայոց պատմությունը սրբության պես էր մեզի համար, որքան ալ մեր ուսումը համամարդկային ընդգրկում ուներ

Կարպիս Սուրենյանի զրույցը Ագապի Նասիպեան-Էքմեքճեանի հետ

 

-Անցյալ օր «Գրական խմբակի» հետ հանդիպումիս ուրիշ շատ տղաներ ու աղջիկներ ալ եկած էին: Տղա մը համարձակ գտնվեցավ ըսելու, որ հայ գրականություն չի կարդար, ընդհանրապես չ’ուզեր հայերեն կարդալ: Ինչո՞ւ: Կխանգարե եղեր իր նպատակին` ուսանիլ, որ պատրաստվի «դրամ շինելու» իր ապագային, իսկ հայերեն գիրքեր կարդալը ժամանակ կորսնեցնել է եղեր: Ի դեպ «դրամ շինել» խոսքն ալ «make money» անգլերեն բառացի պատճենված նորաբանություն մը կերևի, ականջս ծակեց: Հարցուցի` ագլերե՞ն ինչ կկարդա: Ըսավ` իր նպատակին պետք եղածը: Իսկ գրականությո՞ւն: Ըսավ` երբեմն գիրք մը, որուն մեջ action, գործողություն ըլլա, հաստ ալ չըլլա: Ճիշտն ըսեմ` ես դժգոհեցա այդ տղուն համարձակ անկեղծութենեն…

-Այսի՞նքն:

-Ըսել կուզեմ` խոր փոխված մտայնության մը ցուցանիշ էր: Դուն կրնա՞ս երևակայել ատանկ բան մը մեր պատանեկության այն ոգիի օրերուն հոս` Մելգոնյանի մեջ, նույնիսկ առևտրական ճյուղին հետևող մեր ընկեր-ընկերուհիներն լսա՞ծ էիր ատանկ բան մը:

-Անշուշտ թե ոչ: Հայերենը, հայ գրականությունը, հայոց պատմությունը սրբության պես էր մեզի համար, որքան ալ մեր ուսումը համամարդկային ընդգրկում ուներ: Շնորհիվ մեր ուսուցիչներուն:

-Այդ տղուն մասին ըսի ոչ թե դատապարտելու համար: Ախտանշում մը: Այս ժամանակներուն, հայ պատանի տղու մը համարձակ անկեղծությամբ ի հայտ եկած մտայնության ախտանշումը: Այս մեքենական քաղաքակրթության դարուն, երբ ամբողջ աշխարհը այնքան արագ-արագ կփոփոխվի, օրե-օր ավելի նյութապաշտ կդառնա: Որքան ալ որոշ երևույթներ տհաճ ըլլան մեր սերունդի աչքին: Այդ պատանին, չեմ գիտեր, թերևս լավ ալ տղա է ինքնին:

-Ախտանշումդ կընդունիմ: Բայց առավել ևս կապացուցե, որ պետք է ջանանք:

-Անշուշտ:

-Ուրիշներ ալ կան, և քիչ չեն անոնք հիմա Մելգոնյանի մեջ:

-Այո, այդ ալ տեսա: Գիտե՞ս ինչը զիս ուրախցուց այդ հանդիպումին, որ շատ տղաներ ու աղջիկներ էին հավաքված: Անոնց հետաքրքրությունը: Նախ, բնական է, անմիջական, թեև ոչ շատ խոր հետաքրքրություն մը` դուրսեն եկած նորության մը նկատմամբ, ինչպես անցյալին մենք ալ այս գիշերօթիկ դպրոցին մեջ, կհիշե՞ս օրինակ` երբ Վիեննայի մխիթարյան Հայր Ներսես Ակինյանն էր եկած և հանդիսասրահը դասախոսություն մը տվավ ընդհանուր աշակերտության: Իսկ հիմա` հին մելգոնյանցի մը, այն ալ Հայաստանեն եկած և գրող: Ոչ թե ակադեմիկ ձևով դասախոսություն կընե կամ խրատներ կուտա ճառելու կամ քարոզելու պես, այլ ուղղակի սկսած է խոսիլ իրենց հետ կենդանի շունչով մը, մտերմաբար, հարցեր ալ տալով, պատասխանները ուշադիր լսելով, զվարթ զրուցելով: Ու տեսա, թե ինչպես աչքերու մեջ սկսավ կայծկլտալ, խոսքերու մեջ կենդանանալ, խորանալ իրենց հետաքրքրությունը: Նույնիսկ վիճողներ եղան այն տղուն ըսածին դեմ: Այդ կենդանի հետաքրքրությունն է կարևորը: Հաղորդակցումի բուն հիմքը: Առանց քարոզի ըստ իս, անմիջական, կենդանի հաղորդակցում: Կհիշե՞ս ինչպես կըներ մեր պարոն Գևորգյանը: Պարոն Շեոհմելյանն ալ: Կդաստիարակեին առանց «դաստիարակելու»: Այդ կենդանի հետաքրքրությունը կստեղծեին մեր մեջ ու վառ կպահեին:

-Շատ աղվոր: Պետք է ջանանք:

-Ասոր համար ալ եկած եմ քո′ւ հրավերովդ,-ժպտացի:-Ընելիքս` հստակ:

 

Կարպիս Սուրենյան, «Հայ լինելու առեղծվածը», ՀԳՄ հրատարակչություն, Երևան 2012թ., 88-90:

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

 

 

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, ԼԺՏ-ի նյութերը բաժնում։ Էջանշեք այս հղումը.