Հայկական երգարվեստի «լեզվական խանգարումներն» ու Շուշան Պետրոսյանի կոչը` լեզվի տեսչությանը

«Թող  մարեն, մարեն, մարեն հույզերը, թող գթնեն իրար սիրող սրտերը, «Ինքս ինձ ասեցի` իսկական սերը էսա», «Քեզ, քեզ շնորհավոր»,-արդի հայկական երգերում տեղ գտնող նման սխալները  ունկնդրողներից քչերի համար են խորթ և ականջի համար տհաճ:

«Նկատե՞լ եք, թե մեր նորաստեղծ երգերի երաժշտությունն ինչ ներդաշնակ է երգերի խոսքերին:  Այդ պատճառով էլ մեր երգահանները  չեն օգտվում հայկական պոեզիայից: Երաժշտություն, խոսք, կատարում: Այս եռամիասնությունը ներդաշնակություն է պահանջում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց Լեզվի պետական տեսչության առաջատար մասնագետ Երազիկ Գրիգորյանը:

Նա  նշեց, որ երգերում տեղ են գտնում  ոճական, շարադասական, արտասանական,  շեշտադրությանն առնչվող  և հատկապես` բովանդակային սխալներ:  «Այնպիսի տպավորություն է, որ երգը ձայնագրելուց առաջ որոշ երգիչ-երգչուհիներ չեն էլ փորձում մտածել այդ երգի իմաստի, երգի տեքստի բովանդակության մասին: Օրինակ` Արմենը և Քրիստինե Պեպելյանը երգում են` սերը իմ սրտում սառել է, իսկ հետո կրկներգում հարցնում են. «Ինչո՞ւ, ախ, ինչու՞ դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս հեռու: Պետք է կողմնորոշվել` սիրում ես, թե չես սիրում»,-նշեց Երազիկ Գրիգորյանը:

Կամ` ինչո՞ւ է  Սյուզի Մելիքյանը երգում. «Թող վառվեն, վառվեն լույսերը, թող մարեն, մարեն, մարեն հույզերը», եթե հետո պետք է ասի`«Թող գտնեն իրար սիրող սրտերը».  ո՞րն է այս երգի ասելիքը:

«Ետ արիր», «Հենց ինձ մենակ ես թողում», «Ով է իմ սրտում սերը վարարել». այսպիսի սխալներով երգեր գտնելու համար մեզնից պահանջվեց ընդամենը  5-10 րոպե:

Արտասանության հետ կապված սխալներ` որքան ուզեք. «գտնելու» փոխարեն` «գթնել» , «համբույրի» փոխարեն` «համբյուր», «դու ես»- ի փոխարեն` «դույես»:

Առօրյա-խոսակցական, իսկ որ ամենավատն է` ժարգոնային արտահայտությունները մեր երգերից անբաժան են. «Տղայա, տղայա, ինքը սիրուն տղայա ու իրա քշածը թույն նիվայա», «Եկել, եկելա, նա էլի եկել, ճամփան իմ փակելա»:

Օտար բառերը կարող են օգնել հանգերի հարցում. «Քեզ դրա համար մերսի, իմ հոգին էլ չի մրսի»:

Իսկ ոմանք կարծում են, թե բառերի տեղափոխությունից առանձնապես բան չի փոխվում. «Ու միանգամից մտածեցի ես քեզ նմանը որ էլ չկա»:

Սխալ շեշտադրությամբ բառերն արդեն սովորական են հնչում  մեր ականջներին. « Իմ սիրած տղան գնչու է´ ու չեմ հասկանում ինչու է´ սիրտը իմ նրան ընտրել…»

Իսկ  ո՞րն է  առկա խնդրի շուրջ Լեզվի պետական տեսչության դիրքորոշումը:  «Մենք դիտորդի դերում ենք»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց տեսչության պետ Սերգո Երիցյանը,-« նման դեպքերում օրենսդրությունը խախտում չի նախատեսում»:

Նա արդի հայկական երգերի խոսքերի նման դրսևորումները կոչեց «լեզվական խանգարումներ»: «Այդ բառակրկնությունների,  աղճատումների միջոցով միշտ չէ, որ կհաջողվի ունկնդիրների քանակ ապահովել,-նկատեց նա: Այնուամենայնիվ, Սերգո Երիցյանի կարծիքով, արդի հայկական երգերում լեզվի խնդիրն օրհասական չէ. «Մեկ-երկու տարի առաջ վիճակն ավելի վատ էր, հիմա աստիճանաբար սկսում են հասկանալ, որ երգի խոսքեր գրելիս պետք է դիմել գրականի օգնությանը»,-Երիցյանը:

Նույն կարծիքին չէ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա Life.pamorama.am-ի հետ զրույցում Լեզվի պետական տեսչությանը կոչ արեց այս հարցում լինել բացառիկ խիստ, և մատնանշել անգրագետ տեքստերի բոլոր  հեղինակներին ու երգերը կատարողներին:  «Հենց այժմյան երգերի տեքստերում առկա սխալ շեշտադրումներն են պատճառը, որ ես այսօր արդի հայկական երգեր չեմ ունկնդրում»,-ընդգծեց երգչուհին:

Նա նաև նշեց, որ ռաբիսը, որն այժմ դոմինանտ է հայկական երգարվեստում, ժամանակին սխալ շեշտադրությամբ դրսևորումներ չէր ունենում, ինչը չի կարելի ասել ներկայիս ռաբիսի մասին: «Սկսնակ երգիչները պետք է նախքան երգի տեքստն արտաբերելը խորհրդակցեն այդ ոլորտում կայացած, ավելի իմաստնացած մասնագետների հետ: Հասկացանք` քյաբաբա-խորովածային երաժշտություն եք մատուցում, բայց ամեն բան չափ ու սահման ունի…»,-խորհուրդ տվեց Շուշան Պետրոսյանը: Նա նաև պատմեց, որ եղել են դեպքեր, երբ իրեն առաջարկել են հրաշալի մեղեդի ունեցող երգ, սակայն, այն պատճառով, որ դրա համար գրված բառերը լավը չեն եղել, ինքը հրաժարվել է կատարել երգը:

Life.panorama.am-ի այն դիտարկմանը թե ինքը`որպես պատգամավոր, բացառիկ հնարավորություն  ունի ԱԺ-ում բարձրացնելու այս խնդիրը և այն հարցին, թե ակնկալենք իրենից նման քայլ, Շուշան Պետրոսյանն ընդգծեց, որ իր համար տարօրինակ է առկա խնդրի շուրջ խոսել որպես պատգամավոր.  նա այս հարցին մոտենում է, նախևառաջ, որպես երգչուհի:

Life.panorama.am-ը  թեմայի  շուրջ զրուցել է նաև բանաստեղծ, երգերի  խոսքերի հեղինակ Լիպարիտ Սարգսյանի հետ: Նա երգը համեմատեց երկթևանի  թռչնի հետ` մի թևը մեղեդին է, մյուսը` խոսքը. թռչունը չպետք է կաղա: «Արդի երգերի մեծ մասը կրկնողության տաֆտալոգիա է, հետապնդում է աշխուժացնելու նպատակ, ուրիշ` ոչինչ»,-նկատեց նա:  Բանաստեղծը հիշեցրեց Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի, Սիլվա Կապուտիկյանի  բանաստեղծությունները, որոնց, ինչպես ինքն է ասում, շատ բան պետք չէին, որ երգ դառնային. մեղեդին արդեն խոսքերի մեջ էր:

Աննա Բաբաջանյան

http://life.panorama.am/hy/news/2014/02/11/armenian-songs/92440

Գրառումը կատարվել է Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.