Այսուհետ Apple ընկերության շարժական սարքեր օգտագործողները հնարավորություն ունեն ինտերնետային տիրույթում հայատառ գրառումներ անել կամ հաղորդագրություններ ուղարկել: Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարության կողմից շատ է կարևորվում հայալեզու էլեկտրոնային կրթական բովանդակության հնարավորությունների ընդլայնումը, ինչն առհասարակ ԿԳՆ-ի գերակայություններից մեկն է:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային շփումների մի զգալի մասը իրականացվում է Apple կորպորացիայի սարքավորումների՝ iPhone-երի և iPad-երի միջոցով և դրանց օգտատերերի թիվը բավականին մեծ է՝ դեռևս 2013թ-ին դիմել էի Apple կորպորացիային՝ առաջարկելով նաև հայատառ ստեղնաշարի հնարավորություն ստեղծել, բայց հարցի լուծումը մեկ այլ տարբերակ ստացավ: Հայ հեղինակների մի խումբ ստեղծել էր առաջին հայալեզու էլեկտրոնային ստեղնաշարը, որն ամբողջությամբ Apple-ի օպերացիոն համակարգ հետ համադրելի է և կոչել «Հայտառ»: Այս ծրագիրը բավական մեծ հանրային արձագանք ստացավ, սակայն այն վճարովի էր: Մենք դիմեցինք հեղինակներին և խնդրեցինք իրենց, որ այս հարցի լուծումը ստանա այն տեսքը, ինչ հիմա ունի»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց ծրագրի հեղինակներին՝ համագործակցելու և ծրագիրն անվճար դարձնելու համար:
ԿԳ նախարարն ընդգծեց, որ Android -ի պարագայում այս խնդիրը բացակայում է, որովհետև ի սկզբանե այս օպերացիոն համակարգում հայատառ գրառումներ կատարելու հնարավորություն եղել է։
«Այսուհետ կենցաղային մակարդակով լատինատառ հայերեն հաղորդագրություններ եթե տեսնենք, բավարար չեն լինի այն պատճառաբանությունները, որ չկան հայալեզու ստեղնաշարեր։ Խիստ ցանկալի է, որ բոլորը գրառում անեն հայերենով, պետք է հայերով իրար հետ շփվենք հայատառ գրությամբ»,-ասաց նա:
http://www.tert.am/am/news/2014/09/29/armen/