Դիմում եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Հայաստանի գրողների միությանը, Լեզվի պետական տեսչությանը, Թումանյանի տուն-թանգարանին, հանրապետության բոլոր բուհերի հայ գրականության ամբիոններին, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Երևանի Թումանյանի անվան դպրոցին, Լոռու մարզպետարանին, Դսեղի գյուղապետարանին, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանին, Հովհաննես Թումանյանի` աշխարհի ցանկացած վայրում ապրող ժառանգներին, հարազատներին, մշակութային հանդեսներին, Թումանյանի անունը կրող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններինուկազմակերպություններին, «Արմենիա» հեռուստաընկերությանը:
Մեր աչքի առաջ տեղի է ունենում մի երևույթ, որը հակիրճ ու դիպուկ կերպով որակվում է որպես սրբապղծություն:
Արդեն 18 տարի է` Երևանի կենտրոնում գործում է «Թումանյանի շաուրմա» հասարակական սննդի օբյեկտը: Արաբաթուրքական «շաուրմա»-ն, ամենայն հայոց բանաստեղծի անվան ընկերակցությամբ, որպես արագ սննդի օբյեկտի ցուցանակ` վաղուց արդեն «զարդարում է» Երևանի սիրտը: Այդ երկու բառերի համակեցությունն այնաստիճան անընդունելի է ու անընկալելի, որ թվում էր, թե պատկան մարմինները կանդրադառնան խեղված մտածողության այս արգասիքին: Բայց, ցավոք սրտի, ժամանակն ի վնաս գործեց այն իմաստով, որ ոմանց ականջին տարօրինակաբար սովորական դարձավ «Թումանյանի շաուրմա» արտահայտությունը, իսկ, ժողովրդի լեզվով ասած` շաուրմայանոցը, բարգավաճեց, ընդլայնվեց ու դարձավ ցանց: Եթե նախկինում շաուրմայի բիզնեսով զբաղվող այս սրբություն չունեցողները պատճառաբանում էին, թե իրենց օբյեկտը Թումանյանի փողոցում է գտնվում, դրա համար է այդ անունը ստացել (ի դեպ` ժամանակին մորմոնական կրոնական կազմակերպությունը նույն պատճառաբանությամբ Երևանում գրանցել էր իր «Կոմիտաս» և «Գարեգին նժդեհ» մասնաճյուղերը), հիմա քաղաքի տարբեր մասերում բացված սննդի կետերը նույնպես անվանում ու ցուցանակում են նույն կերպ: Թումանյանի շաուրման ահավասիկ «բրենդ» է, այն կարող եք վայելել նաև Կոմիտասի պողոտայում ու Մանթաշյան փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծի անվան տակ այս վայրերում պատրաստում ու վաճառում են բազմազան ուտելիքներ` գրիլ, քյաբաբ, ֆրի և այլն:
Այս ամենին իր մասնակցությունն է բերում նաև հեռուստառադիոեթերը, որը կոչված է նպաստելու գրագետ խոսքի, մշակույթի, հատկապես` ազգային մշակույթի նկատմամբ հետաքրքրության ու հարգանքի ձևավորմանը: Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ հայկական եթերը գովազդ պիտի հնչեցնի` վերջում հանդիսավոր հայտարարելով` «Թումանյանի շաուրմա» կամ «Թումանյանի քյաբաբ բուրգեր», չէինք հավատա: Մինչդեռ այսօր եթե այդ ամենևին ոչ մարմնանպաստ սննդատեսակի սիրահար պատանիներին ու երիտասարդներին թերի ձևակերպված մի հարց տան` «Թումանյանի ի՞նչ…», անխտիր բոլորը կպատասխանեն` «Շաուրմա»: «Գուգլ» տեղեկատվական կայքի հայկական բաժնում որոնման հրահանգ տվեք «Թումանյանի» բառով: Ամենաորոնվածը «Թումանյանի շաուրմա»-ն է: Դրան հաջորդում է հայոց մեծ բանաստեղծի անունը կրող քյաբաբը, որից հետո միայն Թումանյանի պոեմներն են, քառյակները, բանաստեղծությունները: Դրանից հետո է նաև Թումանյանի կյանքը, որ ամբողջովին ոգենպաստ նվիրում է իր երկրին ու իր ժողովրդին:
Ակամա լսում ես Թումանյանի հառաչանքը:
Բայց չէ՞ որ բառը, խոսքը մտածողություն են ձևավորում: Դպրոցում մեծ գրողի անունը լսելիս ձևավորվող սերունդը «Գուգլ»-ի նման առաջինը շաուրման պիտի հիշի: Ո՞վ կհավատա, որ եթե այդ որկրաբիզնեսը ուրիշ անունով կոչվեր, այցելուների պակաս էր ունենալու: Պարզապես ի սկզբանե պետք էր սրբապիղծ չլինել:
Թումանյանի առողջության ու ստեղծագործական արգասավորության վրա չարաբաստիկ հետք է թողել հայերի ցեղասպանությունը: Մեծ գրողն իր կյանքը նվիրել է հայ որբերի հոգու ու մարմնի փրկությանը: Մանկատան որբերից ամեն մեկը նրա համար երևի իր անծնող, մերկ ու քաղցած Գիքորն էր, որին տաք գիրկ էր պետք ու մի կտոր հաց: Իսկ գուցե շաուրմայի բիզնեսով զբաղվողները սոված Գիքորի կերպա՞րն էլ օգտագործեն: Մանավանդ Հայոց եղեռնի 100-ամյակի տարում ենք ապրում, ուաշխարհից մարդիկ են գալիս Հայաստան: Կարելի է «Գիքորի բրդուճ» արագ սննդի ցանց ստեղծելու համար «Էստի համեցեք» հիմնադրամ ստեղծել:
Մի՞թե կարելի է հոգով այսքան քաղցած լինել: Այնքան քաղցած, որ պատրաստ լինել խժռելու ու վիրավորելու այն հանճարի սրբազան անմահությունը, ով իր ժողովրդին ասում էր. «Մենք ուխտ ունենք` միշտ դեպի լույս»:
Աշխարհում ոչ մի ազգ իր մշակութային սրբության հանդեպ այսպիսի անփառունակ վերաբերմունք չի դրսևորի: Ասենք, թե մեր երկրի լեզվական ու վարչական օրենսդրությունը ժամանակին նման արտառոց դեպքերը կանխարգելելու իրավական գործիքներ չի նախատեսել: Բայց օրենսդիրն իրավասու է նախադեպը նկատի ունենալով օրենքներում փոփոխություններ կատարել: Ցուցանակի հետ կապված` մեր երկրի «Լեզվի մասին» օրենքը բովանդակային խնդիր չի դնում, և տնտեսվարողին ներկայացվող պահանջը սոսկ հայատառ գրության ապահովումն է: Բայց «Թումանյանի շաուրմա»-ն ցուցանակ դառնալուց առաջ իրավական գրանցում է ստացել: Որպես առկա փաստ շենքի ճակատային մասում դրսևորվելուց առաջ Երևանի քաղաքապետարանն իր գրավոր համաձայնությունն է տվել մեր մեծ գրողի հիշատակն այսպես ոտնահարելուն ու պղծելուն: Իսկ, ասենք, վրացիները, որ լեզվի օրենք ու տեսչություն չունեն էլ, Թբիլիսիի կենտրոնում կգրե՞ն «Ռուսթավելու փիթիանոց»: Բայց նման բան ոչ միայն մեր հարևան երկրում, աշխարհի ոչ մի վայրում չես տեսնի: Թե’ քաղաքացիները, թե’ պետությունը, հարգում են իրենց արժեքները, հարգում են իրենք իրենց: Հավատացեք, անգամ բանը չի հասնում այնտեղ, որ պետությունը միջամտի ու արգելի նման երևույթները: Տնտեսվարողն ինքը թույլ չի տանման անարգանք…
Բոլոր այն պետական մարմիններին ու անհատներին, որոնց հիշատակել եմ վերևում, գումարում եմ աշխարհի բոլոր վայրում ապրող հայերին: Բարձրացրեք ձեր ձայնը, քանի դեռ մեր սրբազան բանաստեղծը չի դարձել հայկական Անքլ Բենս: Հայաստանի այսօրվա խնդիրների դիմաց Հովհաննես Թումանյանի անունն այսպես հեգնելը գուցե ոմանց աննշան թվա, բայց հավատացեք, շատ կարևոր խնդիրներ փոքր խնդիրներից են սկիզբ առնում: Եթե, իհարկե, սա փոքր խնդիր է:
Ռազմիկ Մարկոսյան
20.07.2015 թ.
ww.hetq.am