Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է: Երբևէ լսե՞լ եք հայկական գրանշանների և վայելչագրության մասին: Այդ բնագավառի մասնագետները հազվագյուտ են, ուստի հաճույքով հրապարակում ենք հարցազրույցը տաղանդավոր հայ արվեստագետ, դիզայներ Ռուբեն Մալայանի հետ, ով բազմաթիվ տարիներ է նվիրել հին հայկական ձեռագրերի և վայելչագրության ուսումնասիրությանը և նպաստել է դրանց վերազարթոնքին:
(Հարցազրույցը կարող եք ընթերցել նաև անգլերեն ու ռուսերեն)
Ռուբեն, դուք գործնականում վերստին կյանքի կոչեցիք հայկական վայելչագրությունը: Ինչի՞ց սկսվեց: Ինչո՞ւ Ձեզ սկսեց հետաքրքրել հայկական վայելչագրությունը և ի՞նչ բարդությունների հանդիպեցիք այդ ընթացքում:
Ուզում եմ համեստորեն արտահայտվել, սակայն Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Ընդամենը հինգ տարի առաջ գործնականում այս արվեստը բաց դաշտ էր, ու ես հպարտորեն կարող եմ ասել, որ իմ արած գործն արդեն պտուղներ է տալիս, քանի որ ավելի ու ավելի են մարդիկ սկսում հետաքրքրվել հայկական վայելչագրությամբ: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նյույորքյան հրատարակիչներն ինձ առաջարկեցին իմ նպաստը բերել «Վայելչագրության համաշխարհային հանրագիտարան»-ին: Նախկինում որոշ գեղագրական աշխատանքներ արել էի, ինչպես գիտեք քսան տարուց ավել զբաղվում էի գրաֆիկական դիզայնով: Տառապատկերները միշտ էլ տեսողական հաղորդակցության կարևոր մաս են կազմել, սակայն ես, իրավամբ, զգալի ժամանակ չէի տրամադրել ձեռքով տառապատկերներ նկարելուն: Ուստի և այդ առաջարկությունն ինձ համար ինչ-որ տեղ մարտահրավեր էր, որն ուրախությամբ ընդունեցի:
Այդ ժամանակ Իսրայելում էի ապրում և առաջին բանը որ արեցի` հնարավորինս շատ նյութեր հավաքելն էր: Ցավոք, համացանցում ոչինչ չկար, բայց ես գիտեի, որ կարող եմ բազմաթիվ գրադարաններից նյութեր ի մի բերել: Գնացի Երուսաղեմ, հետո Երևան, ակադեմիայում աշխատող ընկերներիս հարցուփորձ արեցի ու սկսեցի հետազոտությունս: Հայկական վայելչագրության խնդիրը քիչ ուսումանսիրված լինելու մեջ է:
Խնդրում եմ պատմեք հայկական վայելչագրության առանձնահատկությունների մասին: Ինչպե՞ս է այն զարգացել պատմականորեն:
Նախ և առաջ մենք տարանջատում ենք մանրանկարչությունը և վայելչագրությունը: Մանրանկարչության կիզակետը տառերը գեղեցկացնելն է, մինչդեռ վայելչագրության էությունը տառապատկերների ձևի մեջ է: Այս երկու արվեստները զգալիորեն փոխլրացնում են միմյանց հայկական մշակույթում, սակայն վայելչագրությունը՝ որպես ինքնուրույն արվեստ ուսումնասիրելու համար պետք է այդ երկու արվեստների միջև գիծ քաշենք: Բնականաբար, եթե վայելչագրությունը սահմանափակենք թղթով, պապիրուսով, մագաղաթով, ապա հայկական ձեռագրերում վայելչագրության ամենավաղ օրինակները մեզ հասել են 7-8-րդ դարերից: Քարե արձանագրություններն ավելի հին են: Այնուամենայնիվ, նախամաշտոցյան հայոց այբուբենի գոյության հարցը դեռևս լուծված չէ: Ըստ տրամաբանության, նախամաշտոցյան հայոց այբուբենը պետք է գոյություն ունեցած լինի, ուղղակի ապացույցը դեռ հայտնաբերված չէ:
Որո՞նք են հայկական վայելչագրության առանձնահատկությունները, ինչո՞վ են տարբերվում հայկական տառապատկերները լատինականից կամ կիրիլիկից: Հայկական վայելչագրությունն ավելի դյուրի՞ն է, թե՞ ավելի բարդ:
Դժվար է գրել մի լեզվով, որ ոչ խոսում եք, ոչ հասկանում: Հայերեն լեզուն չկրող մարդը գրելիս կարող է հեշտությամբ սխալվել: Պետք է հիշել, որ ընթեռնելի գրչությունն է, որ համարվում է վայելչագրություն: Հայոց այբուբենի 36 տառերից շատերը միմյանց խիստ նման են: Ուստի պետք է ուշադիր լինել: Բացի այդ, վայելչագրությունը տիրապետման և ինքնավստահության շատ բարձր մակարդակ պահանջող արվեստ է: Եթե կարող եք գեղեցիկ հայերեն գրել, հավանաբար նաև կարող եք գեղեցիկ կիրիլիկ գրել: Վարժվելու հարց է:
Ինչո՞ւ է մոռացության մատնվել հայկական վայելչագրությունը, չէ՞ որ Հայաստանը հայտնի է գրչության իր երկար տարիների ավանդույթով: Ի՞նչ կարելի է անել հայկական վայելչագրությունը դպրոց վերադարձնելու համար: Եվ արդյո՞ք դա անհրաժեշտ է, թե՞ միգուցե վայելչագրությամբ միայն մասնագետները պետք է զբաղվեն:
Նախկինում, հայկական կրթության դասական համակարգում վայելչագրությունը դասավանդվում էր որպես առանձին առարկա, ինչը վկայում է այն մասին, որ մեր նախնիները գիտակցում էին դրա կարևորությունը: Որքանով տեղյակ եմ, Պարսկաստանում դեռևս դասավանդում են վայելչագրություն, բայց կարող եմ նաև սխալվել: Գոյություն են ունեցել վայելչագրության ձեռնարկներ: Ես գտել եմ 7-8 ձեռնարկ Եվրոպայի և Արևելքի քաղաքներից` ներառյալ Մոսկվան և Նոր Նախիջևանը: Վիեննայի և Վենետիկի Մխիթարյաններն էին այդ գործի ռահվիրաները: Նրանք ստեղծեցին տպագրության բարձրորակ հրատարակչություն և օգտագործելով հայկական գեղեցիկ տպատառերը` սկսեցին հրատարակել գրքեր, ամսագրեր, կրոնական և աշխարհիկ գրականություն: Իհարկե, տպատառերը սկզբում ձեռքով էին գրվել:
Եթե ուզում ենք պահպանել և կատարելագործել մեր մշակույթը, պետք է վայելչագրությունը վերստին դասավանդենք հանրակրթական դպրոցներում:
Եթե ուզում ենք պահպանել և կատարելագործել մեր մշակույթը, պետք է վայելչագրությունը վերստին դասավանդենք հանրակրթական դպրոցներում:
Արդյո՞ք հայկական վայելչագրությունը հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է այլ ազգերի համար և կարո՞ղ է մի օր, օրինակ, չինական վայելչագրության պես, մեծ համբավ վայելել: Թե՞ մենք` հայերս, պետք է նախ և առաջ ներծծենք հայկական վայելչագրությունը:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ մեր երկրի (և սփյուռքի) սահմաններից դուրս ավելի մեծ հետաքրքրություն կա հայկական վայելչագրության նկատմամբ: Այս ամռանը Լեհաստան և Ռումինիա էի գնացել դասախոսություններ կարդալու և վարպետության դասեր տալու, և կարող եմ ասել, որ մեծ հետաքրքրություն կա: Հայոց այբուբենը առեղծված է, որ պետք է աշխարհին հաղորդակից դարձնենք: Նշաձողը պետք է շատ բարձր պահենք, գիտելիքի մակարդակը կարևոր է, միջակությունը դատապարտված է:
Ո՞րն է առաջնահերթ` տպագրությունը թե՞ վայելչագրությունը:
Պրոֆեսիոնալ դիզայներները գիտեն, որ տառապատկերը կյանք է ստանում թղթի վրա: Վայելչագրությունը տպագրական ծառի արմատն է: Մենք փորձարկումներ ենք իրականացնում տառապատկերների հետ, փորձում համաչափ տեսք տալ, հաղորդակցության մեջ մտնել ընթերցողի հետ, պատմություն պատմել: Բայց ձեռքով գրելու ժամանակ մի տեսակ ազատության ես տրվում, մինչդեռ տպագրության մեջ մարդն ավելի կաշկանդված է:
Վայելչագրության համար համբերություն, ճշգրտություն և ժամանակ է պետք: Ի՞նչն է Ձեզ հրապուրում և ոգևորում այս արվեստում: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և ինչպիսի՞ որակներ այն կարող է զարգացնել անհատի մեջ:
Երբ կատարյալ ուղիղ գիծ, կորագիծ կամ տառապատկեր ես նկարում, թվում է` մի նոր լեռ ես նվաճել: Չընդհատվող աշխատանքը դեպի կատարելություն, ահա թե ինչն է ինձ գերում: Որքան բարդ, այնքան ավելի հետաքրքիր: Սակայն ամենաբարդը ճիշտ հոգեվիճակում լինելն է, կարողանալ սևեռվել և արգելափակել մնացած ամեն ինչ: Վայելչագրությանը տիրապետելու համար, պետք է սիրել այն: Նույնիսկ երբ վարպետանում եք, պետք է ամեն օր աշխատեք ձեզ վրա, շարունակաբար կատարելագործվեք, նույն տառապատկերը նկարելու այլ ուղիներ փնտրեք: Երբեք չեմ դադարում սովորելուց:
Ո՞րն է նոր վայելչագրական կոմպոզիցիաներ ստեղծելու Ձե՛ր ներշնչանքի աղբյուրը:
Այս պահին` հայկական միջնադարյան ճարտարապետությունը և վիմագիր արձանագրությունները, իսկ ընդհանրապես` մեր մշակույթն է իմ ներշնչանքի ամենամեծ աղբյուրը:
Որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ վայելչագիրներին ու Ձեր գործերով ներշնչվողներին:
Երբեք չդադարել աշխատել և ձգտել հասնել հնարավորինս բարձրին:
Հարցազրույցը թարգմանվել է անգլերեն բնագրից հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար: