Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից
«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքը լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում: Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»:
Արշակ թագավորը հարալեզ շան դունչը հրել է ծնկներից, բարձրացել է գոմեշի կաշվից հյուսածո բազկաթողից, բաց պատուհանի առաջ է կանգնել, հետո շրջվել, սկահակի մեջ դրված ջրաշուշաններին է նայել, հարցրել է. «Ինչպե՞ս, կաթողիկո՛ս»: «Թագավո՛ր, մեզ մատչելի բոլոր տվյալները միաբան թելադրում են, որ մանր և խոշոր անասնապահությունը և նրա առևտուրը, որ մեր աշխարհի ծայրամասերի ժողովրդի սովորույթն է, այնտեղ բնակվող նախարարների մեծ մասին գայթակղում է դեպի Պարսից երկիրը: Իսկ հայոց միջնաշխարհի նախարարության համակրանքը Հռոմի արվեստի, շռայլ կյանքի, ռազմական ուժի և ցոփության կողմն է: Արքա, մեզ այնպես է թվում, թե քանի գնում, մեր աշխարհը կտրվածք է ստանում այս երկու երկրների բարքերի նմանությամբ: Մենք պիտի թույլ չտանք, որ ազգի այդ օտարամոլ հակումը շարունակվի: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը առաջարկում են ժողովրդի համար արժեք ստեղծել, որ հունամետներին ու պարսկասերներին միաբանի»: Լռությունը կտրել. «Այդպիսի բան հնարավո՞ր է, եպիսկոպո՛ս»,-հարցրել է Արշակ արքան: «Հնարավոր է, թագավոր, եթե մեր նշանագրերն ունենանք: Ազնվականությունն իր զավակներին էլ չի տանի օտար դպրոցներ, կկործանվի այլադավան կուռքերի հետագա երկրպագության հիմքը»: Թագավորը մտածել է, թե. «Չե՞ս սխալվում, Չունակ եպիսկոպոս»,-հարցրել է. «Ձեր վերլուծությունը չի՞ կարող սխալ լինել»: «Թագավոր,-ասել է Չունակ եպիսկոպոսը, դեպքերին նայենք, Աշտիշատի համաժողովում, առանց արքունի կամքը հաշվի առնելու, ստեղծվեց հզոր հոգևոր մի կենտրոն` իր տասներկու խորհրդական կաթողիկոսների դռան եպիսկոպոսներով: Արքա, երկիրը եկեղեցու գերիշխանության տակ միավորելն է նրանց նպատակը: Գրիգորի մահից հետո առաջին անգամ իրականանում է լուսավորչականների երազանքը` դնել աստվածապետական երկրի հիմքը: Արդեն իսկ ոչ միայն հունաց լեզվով են կատարվում պաշտամունքները, ծեսերը, աստվածաբանությունը, այլ նաև շրջանցած մեր ազգային ավանդական սովորույթները, այդ կողմնորոշմամբ են առաջ տանում ազգի մտավոր զարգացումը, գիտությունը, ուսուցանելու արտոնությունները: Արքա, մենք այս պատճառով ենք պնդում և համոզված ենք, որ նշանագրերը համազգային արժեք կլինեն` օտարի նկատմամբ սերը թուլացնելու»:
Լևոն Խեչոյան, «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, Անտարես, 34-35:
Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության