2010 թ. Հայաստանում և Սփյուռքում ծավալվեց աննախադեպ քաղաքացիական շարժում ընդդեմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միության փլուզումից հետո դա յուրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերաարժևորելու և հայկական կրթությունն առաջնային դիրքեր բերելու ուղղությամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակության և իշխանության, այլև հասարակության օտարամոլ և ազգային մտածողությամբ շերտերի միջև: Սակայն պարզվում է, որ բացի ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան լիցենզիայով գործող միջազգային դպրոցներից, Հայաստանում այսօր գործում են նաև դպրոցներ, որոնց գործունեությունը կարգավորվում է ոչ ամենևին հայաստանյան օրենսդրությամբ: Դրանք օտարալեզու դպրոցներ են, ամբողջությամբ այլ երկրի կրթական ծրագրով, որտեղ հայոց լեզվին ու գրականությանը չնչին ժամեր են հատկացվում: Նշենք, որ այդ դպրոցները բավականին թանկ «հաճույք» են: Օրինակ՝ դրանցից մեկի վարձավճարը տարեկան 24 հազար դոլար է, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ հաճախեն նաև հայ երեխաներ, բնականաբար՝ ապահովված ընտանիքներից:
Տարեկան 24 հազար դոլարանոց դպրոցը գտնվում է Վահագնի թաղամասում: Կոչվում է QSI միջազգային դպրոց: Այն նախատեսված է 3-18 տարեկանների համար։ Դպրոցի կայքէջում գրված է, որ Երևանի QSI միջազգային դպրոցը հիմնադրվել է 1995 թ.։ 2012-2014 ուսումնական տարիների ընթացքում դպրոցում սովորել է 158 աշակերտ: Դպրոցի ուսուցումն ամբողջությամբ անգլերեն է։ Դպրոցը հովանավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այն ավարտելոց հետո շրջանավարտների 90 տոկոսը նախընտրում է ուսումը շարունակել Հայաստանից դուրս (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան):
Այցելում եմ դպրոց` տեղում ծանոթանալու պայմաններին և ներկայանում եմ իբրև պոտենցյալ հաճախորդ, որը հետաքրքրված է իր երեխայի համար որակյալ կրթություն ապահովելու հարցով: QSI միջազգային դպրոցի տնօրեն Յուջեն Վինսենթն անձամբ է ներկայացնում դպրոցը, դասասենյակները, ծանոթացնում դպրոցի առօրյային, ծրագրերին: Այստեղ անգամ աշխատակիցներն իրար հետ անգլերեն են խոսում:
Պարզվում է` դպրոցի ամբողջ ծրագիրն ամերիկյան է, և շաբաթական ընդամենը 1 ժամ է երեխան սովորում հայերեն, իսկ եթե անգլերենից թույլ է, անգամ հայերենի ժամն են օգտագործում անգլերենը բարելավելու համար: Մի խոսքով, այս դպրոցն ավարտելուց հետո երեխաները հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն գրեթե չեն իմանում: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչպես են ընդունվելու հայկական բուհեր, դպրոցի աշխատակիցն ասում է, որ հայկական բուհեր նախ չեն կարող ընդունվել, բացի այդ, իրենց դպրոցում սովորելու նպատակը հենց այն է, որ հետագայում դրսում ուսումը շարունակեն կամ էլ, եթե մնան Հայաստանում, ապա կարող են ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարան: Չնայած, ինչպես արդեն նշեցինք, այս դպրոցն ավարտած երեխաների 90 տոկոսը նախընտրում է ուսումը շարունակել դրսում:
Այս պահին դպրոցում սովորում է 140 աշակերտ, որոնցից 40-ը` հայ: Մեր տեղեկություններով` այդ դպրոց է հաճախում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի երեխան:
Հայաստանում հանրակրթական միջազգային ծրագրերով կրթությունն իրականացվում է «Հանարկրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետով և ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 21-ի համապատասխան որոշման պահանջներով, ըստ որոնց՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները, այն էլ` բացառապես ՀՀ կառավարության որոշումով, և պետք է ունենան հանրակրթական համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա:
Պարզելու համար, թե պետության կողմից լիցենզավորված քանի օտարերկրյա ծրագրով դպրոց կա Հայաստանում, դիմեցինք ՀՀ ԿԳՆ, որտեղից տեղեկացրին, որ Հայաստանում հանրակրթական միջազգային կրթական ծրագրեր իրականացնող ընդամենը 4 դպրոց կա` «Քվանտ» վարժարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Այբը» և «Անանիա Շիրակացին»:
Նշենք, որ վերոնշյալ դպրոցները օտարալեզու դպրոցներ չեն, դրանք միջազգային կրթական ծրագրերով գործող դպրոցներ են, որտեղ հայկական առարկաներն իրենց լիարժեք տեղն ունեն: Մեր բարձրացրած հարցը վերաբերում էր այն դպրոցներին, որոնք օտարալեզու են, հայագիտական առարկաներ ծրագրերում գրեթե ներառված չեն: Եվ ԿԳՆ-ին ուղղված նամակում հատուկ նշել էինք QSI միջազգային դպրոցի օրինակը և հետաքրքրվել, թե ինչ հիմքով է այն գործում Հայաստանում:
Նախարարությունից տեղեկացրին, որ նման կրթական հաստատություն իրենց լիցենզավորված հաստատությունների բազայում գրանցված չէ: Մինչդեռ QSI միջազգային դպրոցի տնօրեն Յուջեն Վինսենթն իմ հարցին, թե արդյոք իրենք ունեն համապատսխան լիցենզիա ԿԳՆ կողմից, պատասխանել էր` այո:
Օտարալեզու մեկ այլ դպրոց էլ Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցն է, որը գործում է ֆրանսիական դեսպանատանը կից, Ֆրանսիայի կառավարության ծրագրով: Վճարը փոքրերի համար ամսական 165 հազար դրամ է, 6-րդ դասարանից սկսած` 200 հազար դրամ: Դպրոց այս պահին 120 աշակերտ է հաճախում, որոնց մեծ մասը, ըստ աշխատակցի, հայ է: Այստեղ, ի տարբերություն QSI միջազգային դպրոցի, շաբաթական 2 անգամ են հայոց լեզու անցնում, 1 անգամ էլ` հայ գրականություն, իսկ 6-րդ դասարանից` շաբաթական մեկ անգամ նաև հայոց պատմություն: Դպրոցի վարչական խորհրդի նախագահը Վ. Նուշիկյանն է` գործարար, աշակերտի ծնող: Խորհրդի անդամների կազմում Հայաստանում գործող ֆրանսիական հայտնի ընկերությունների ղեկավարներ են: Դպրոցը գործում է իբրև հիմնադրամ և ՀՀ ԿԳՆ կողմից համապատասխան լիցենզիա չունի:
Փաստորեն, Հայաստանում գործում են դպրոցներ, որոնք պետության կողմից լեցենզավորված չեն, գործում են օտարերկրյա ծրագրերով, օտարերկրյա օրենսդրությամբ, օտար լեզուներով և, որ ամենամտահոգիչն է, այդ դպրոցներ հաճախում են նաև հայ երեխաներ:
Երևանյան հանրակրթական դպրոցներում գործում են նաև, այսպես կոչված, ռուսական դասարաններ, որոնք նախատեսված են Հայաստանում ապրող ռուսալեզու օտարերկրացիների համար, և ՀՀ քաղաքացիներն այդ դասարաններում իրավունք չունեն սովորելու: Չնայած դրան` այդ դասարաններում շատ ավելի խորացված են հայագիտական առարկաներ ուսուցանվում, քան, օրինակ, QSI միջազգային դպրոցում կամ Ֆրանսիական միջագային դպրոցում: Այդ դասարաններում օտարերկրացի երեխաները սովորում են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն, անգամ հայ եկեղեցու պատմություն ու հայրենագիտություն:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Անկախի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ է այդ երկու օտարալեզու դպրոցների գործունեության մասին և հաստատեց, որ դրանք չունեն համապատասխան լիցենզիա: Հարցին, թե այդ դեպքում ինչ իրավական հիմքով են գործում, պատասխանեց, որ տեղյակ չէ, քանի որ դա իր իրավասության մեջ չի մտնում: «Ես չգիտեմ, իրենք իրենց համար բացվել են, երևի ինչ-որ իրավական հիմք ունեն: Համենայն դեպս, մենք կարող էինք նաև չիմանալ, որ այդ դպրոցները կան: Հիմա Դուք ասում եք` մենք իմանում ենք: Իմ իմանալով` այնտեղ հաճախում են ոչ ՀՀ քաղաքացիներ»:
Դիտարկմանը, որ այդ երկու դպրոցներն էլ գրկաբաց ընդունում են ՀՀ քաղաքացիներին, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ մասին էլ ոչինչ չգիտի: Նա նաև նշեց, որ այդ երկու դպրոցները շատ վաղուց են գործում և հնարավոր է` էլի նմանատիպ դպրոցներ կան, որոնց մասին իրենք չգիտեն:
«Լավ, ո՞վ պետք է վերահսկի այդ ամենը, ո՞վ պետք է բարձրացնի այդ հարցերը»: Ի պատասխան ԿԳՆ հանրակրթության վարչության պետն ասաց. «Ես չգիտեմ: Դե դո՛ւք բարձացրեք»:
Այո, մենք բարձրացնում ենք. Հայաստանում գործում են օտարալեզու դպրոցներ` առանց պետական համապատասխան լիցենզիայի: Դրանցից երկուսի մասին միայն կարողացանք տեղեկություններ հավաքել, և չի բացառվում, որ նման դպրոցներ էլի կան, ուր հաճախում են հայ երեխաներ` ստանալով օտար կրթություն, օտար լեզուներով: Այո, այս հարցը ոչ թե ԿԳՆ տիրույթում է, այլ ազգային անվտանգության կառույցների:
Հեղինակ` Անի Գասպարյան
Աղբյուրը` http://ankakh.com/article/44738/hayastanum-gvortsum-yen-otaralyezu-dprvotsnyer—vorvonts-masin-kgn-tyeghyak-che