Հանրահայտ ճշմարտություն է՝ լեզուն մտածելու միջոց է. դու նախ մտածում ես, ապա մտքերդ հաղորդում ում որ հարկն է։ Մեր հասարակության մեջ այս պարզ ճշմարտության վերաբերյալ վաղուց շրջված պատկերացումներ են արմատավորվել։ Մեզնից շատերը լեզուն համարում են նախ և առաջ հաղորդակցման միջոց։ Ու քանի որ օտարալեզու աշխարհը հսկայական է, իսկ մենք՝ ընդամենը մեկ բուռ, շատերը մտածում են, թե աշխարհի հետ շփումը հնարավոր է միայն հայերենը բառիս բուն իմաստով ուրանալու և իրեն հարմար օտար լեզուն սերտելու տարբերակով։ Ես սերտել բառը պատահաբար չօգտագործեցի, իսկ այդտեղ մտածելու տարրերը հնարավորինս նվազ են։ Երբ դու բնությունից քեզ տրված լեզուն թողնում ես կենցաղային մակարդակում կամ ընդհանրապես անտեսում, դու մտածողությունդ ես փոխում։ Իսկ դա միանգամից չի լինում. մինչև հազարամյակներով մշակված հայերենի լեզվամտածողությունը ժառանգած քո ուղեղը կհարմարվի օտար ձևերին ու կաղապարներին, մտածելու քո ներուժը շատ կորուստներ կունենա։ Շատերը սա, իհարկե, չեն գիտակցում։ Իրենց իմացած գավառական հայերենի ստորոտից նայելով օտար լեզուների գրական տարբերակների բարձունքին՝ նրանք պարզապես մտածում են, թե մեր մայրենին անկատար, հնացած, անարտահայտիչ լեզու է։
Այսօր Հայաստանում ովքե՞ր են հիշում, որ ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը երեք տարի մեր երկրում պաշտոնավարելուց հետո 2004թ. մեզ հրաժեշտ տվեց հայերեն խոսքով։ Ընդ որում, դա լեզվին տիրապետողի, այլ ոչ թե ուրիշի կազմած տեքստը մի կերպ կարդացողի խոսք էր։ Աշխարհի 2000-ից ավելի լեզուներից ԱՄՆ դեսպանը հայերենն էր ընտրել սովորելու համար։ Պատճառը հաստատ այն չէր, որ նա այստեղ դեսպան էր։ Չէ՞ որ դեսպաններն իրենց կյանքի ընթացքում տարբեր երկրներում են աշխատում։ Կարո՞ղ են նրանք բոլոր երկրների լեզուներն էլ սովորել։ Կարծում եմ, պարզապես Ջոն Օրդուեյը խելացի մարդ էր, և գիտեր, որ հայերենը աշխարհի այն հազվագյուտ հնամենի լեզուներից է, որոնք այսօր էլ կենդանի են ու արդիական։ Եվ մանավանդ, ինչպես այս օրերին մի քանի անգամ հնչեց, հնդեվրոպական լեզու է, որն այսօր էլ խոսվում է բոլոր հնդեվրոպացիների բնօրրանում։ Մասնագետները հաստատում են, որ հայերենը հնդեվրոպական նախալեզվից առանձնացվել է ամենաքիչը 4500 տարի առաջ։
Փաստորեն, Հայաստանում վերստին օտարալեզու դպրոցների առջև լայն բացելով դռները՝ մեր երկիրը՝ 21-րդ դարասկզբին հայերենի գլխավոր պատվարը, վտանգում է 4500 տարվա իր ինքնությունը հաստատող լեզվամտածողության համակարգը։ Այս գարնանը Դեր Զորում ՀՀ նախագահի ելույթի մեջ ուշադրությունս գրավեց խիստ կարևոր մի հատված. կրթությամբ հայոց լեզվի մասնագետ Սերժ Սարգսյանը չմոռացավ նշել, որ 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում թուրքերի գործած ոճիրը երկրի երեսից, խոսողների հետ, ջնջեց նաև հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի շատ բարբառներ։ Իսկ այդ բարբառները չէ՞ որ դարերի խորքից բերել էին հնդեվրոպացիների մտածողությունը, կենցաղի ու սովորույթների մի ամբողջ շերտ։ Ամբարել էին ոչ միայն էթնիկ հայության, այլև հնդեվրոպական մշակույթի պատմության նշանակալի տեղեկություններ։
Ու հիմա առավել քան զարմանալի է, որ նրա նախագահության օրոք է Հայաստանում քննարկվում օտարալեզու դպրոցների հարցը։ Մնում է մտածել, որ կա՛մ Դեր Զորում նախագահն անգիր արած խոսքեր էր կրկնում, կա՛մ այսօր տեղյակ չէ, որ կառավարությունն առհասարակ օտարալեզու դպրոցների խնդիր է մեջտեղ բերել…
Մենք մոռանում ենք մեր հասարակության մի նշանակալի շերտի մասին, ովքեր ամեն ինչ կանեն իրենց երեխաների համար օտար կրթության հնարավորություն կորզելու համար։ Նույնիսկ այս տարիներին, երբ հանրակրթական դպրոցների ռուսալեզու դասարաններում կարող են սովորել միայն Ռուսաստանի կամ այլ երկրի ռուսական դպրոցներից տեղափոխված, մեկ էլ ազգությամբ ոչ հայ երեխաներ, շատերն էին ամեն ինչ անում, որ շրջանցեն այդ կարգը։ Կես տարով Ռոստովում ապրած ու նորից իր քաղաքը տեղափոխված երևանցին, օրինակ, իր 7-րդ դասարանցի երեխային տեղավորում է այդպիսի դպրոցներում։ Հետո էլ ողջ կյանքում այդ երեխան ռուսերեն է կոտրատում՝ իրեն կրթված մարդու տիպար երևակայելով։ Եթե կառավարության ներկայացրած ծրագիրը հաստատվի, որևէ կասկած չկա՝ նշված 15 դպրոցում կձգտի սովորել Հայաստանի դպրոցահասակների կեսից ավելին։ Պատճառն արդեն ասվեց՝ շատ մարդիկ լեզուն ընկալում են նախ որպես հաղորդակցման, ապա նոր մտածողության միջոց։ Իսկ դա նույնն է, թե նախ տանդ պատերը կանգնեցնես, հետո նոր մտածես հիմքը կառուցելու մասին։
Բազմիցս է նշվել՝ ոչ ոք դեմ չէ, որ հայ երեխաները օտար լեզուներ սովորեն։ Ընդհակառակը՝ որքան շատ սովորեն, այնքան լավ։ Պարզապես դա չպետք է լինի հայերենի հաշվին։ Մանավանդ՝ շատ լեզուներ, որոնք հայերն այսօր գերադասում են սովորել, հնդեվրոպական են, ու այդ պատճառով էլ հային հեշտությամբ են տրվում։ Հայերենին չտիրապետողները նրան ինչ անուն ասես, որ չեն կպցնում, մտածում են, թե շատ իմաստներ հայերենով արտահայտել հնարավոր չէ կամ լավ չի ստացվում։ Այսպես խոսողները մեկ պատասխան ունեն՝ լեզուն ընկալում են ոչ միայն ականջով (որն ամենուրեք աղավաղված, օտար կաղապարներով ու բառերով, բարբառային արտահայտություններով խճողված հայերեն է լսում), այլև ուղեղով (որին կարող ես հասնել միայն հայերենին հարազատ լեզվամտածողությամբ օժտված լինելով)։ Ամենացավալին էլ այն է, որ նույնիսկ օտարալեզու դպրոցներին խիստ դեմ արտահայտվողներն իրենց խոսքը կառուցում են մի այնպիսի անկատար հայերենով, որ միայն հուսահատությունդ է շարժում։ Արդարացված ահազանգեր են հնչում, որ հայերենն այսօր վեր է ածվում գավառական լեզվի։ Շատերը կարող են մտածել, թե դրա պատճառը շրջաններից, բարբառախոս միջավայրից եկածներն են։ Ցավոք, այսօրվա գրական արևելահայերենը բարբառի մակարդակի են իջեցնում հենց երևանցի մտավորականները, ովքեր սխալմամբ գրականը շփոթում են իրենց բակի խոսակցականի հետ։ Մինչդեռ ճկուն, բազմաթիվ նրբերանգներով միտք արտահայտելու ունակ, հարուստ հայերենը կարող է դառնալ այն ամուր հենարանը, որը տարբեր լեզուներ սովորելու մեծ հնարավորություն կտա։
Կարծում եմ՝ մեր կառավարությունը պետք է քննարկման դներ ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելու, այլ հայերենն ուժեղացնելու, դաշտը մաքրելու (մանավանդ հեռուստաէկրանից գրագետ հայերեն հնչեցնելու, տպագիր խոսքը հարկ եղածին պես խմբագրելու, ճապաղ մտքերի դեմն առնելու), հայերենի իմացութամբ փայլողների ճանապարհը բացելու հարցը։ (Հետաքրքիր է՝ հայոց լեզվի քանի՞ մասնագետ է Հայաստանում այսօր անգործ)։ Այո՛, դրան զուգահեռ քննարկման թեմա կարող էր լինել նաև կրթության համակարգի այնպիսի բարեփոխումը, որ հայերեն մտածող ու լեզվին գոնե բավարար տիրապետող (իսկ ես այժմ բավարար չէի նշանակի նույնիսկ հայոց լեզվի շատ ուսուցիչների, անգամ՝ գիտական կոչում ունեցող որոշ բանասերների) հայ երեխան համարյա հավասարաչափ իմանար ևս մի քանի լեզու։
Ժամանակին արտասահմանյան գրականության մեր դասախոսը՝ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, ասում էր՝ բանասերը հայերենից, ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից բացի, գոնե մի երեք լեզու էլ պետք է իմանա։ Արտեմ Հարությունյանի այս միտքը հիմա էլ արդիական է, ընդ որում՝ արդեն ամբողջ հասարակության համար։ Իր ասածի չափ լեզու իմանալը բանաստեղծին չի խանգարել, որ միշտ հայերենով ստեղծագործի ու միաժամանակ Հայաստանից դուրս էլ հայտնի լինի։
Այս թեմայով բազմաթիվ փաստարկներ կարելի է բերել։ Ամփոփելով՝ ասեմ, որ հայերենը մեզ համար ազգային արժեք է, մեր մտածողության հիմքն է, մեր ինքնության ապացույցն է, Ազգային անվտանգության գրավականն է։ Աշխարհի հնագույն լեզուներից լինելով՝ արդիական, ժամանակին պահանջներին արձագանքող լեզու է։
Մենք դարերով պետություն չենք ունեցել, հայերենով ենք մեր ինքնությունը պահել։ Ի՞նչ է, հիմա պետություն ունենալով՝ հայերենը՝ հայեցի մտածողությամբ հանդերձ, պետք է զոհենք րոպեական շահերի՞ն։
Արմենուհի Փալանդուզյան