«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու կառավարության նախաձեռնության շուրջ քննարկումները թեեւ մի պահ` Մայիսի 28-ի ու «Եվրատեսիլի» առիթով դադար առան, սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»:
Տարատեսակ «պարզաբանումներն» ու «մեկնաբանությունները» այդպես էլ հստակեցում չմտցրին մտահոգությունների քաոսում: Այլալեզու կամ օտարալեզու «բարձրակարգ» կրթօջախներ ունենալու հեռանկարը շարունակում է շատերի կողմից ընկալվել որպես միայն ռուսին հաճոյանալու, հիմնականում` ռուսական դպրոցներ բացելու, ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելուն միտված` դանդաղ գործողության ական, որի պայթյունից ոչ միայն ցրիվ են գալու դեռեւս ուժերի գերլարումով պահվող ոսկեղենիկ հայերենն ու միակ պետական լեզու ունենալու պաշտպանների գլուխները, այլեւ` առհասարակ Հայաստանի անկախությունն ու Հայաստան պետությունը: Աշոտյանական տեսակետի կողմնակիցներն էլ տրամագծորեն հակառակ պնդումներն ունեն` համոզված, որ մեր սերունդների փրկվող ապագայի հետ ապահովում են զարգացած գիտություն ու կրթություն, ասել է թե` ուժեղ ու մրցունակ Հայաստանի Հանրապետության կերտումը:
Քանիցս նշել ենք, որ պատմությունը պարբերաբար կրկնվելու հատկություն ունի, հիմնավորելով կոնկրետ քաղաքական իրավիճակներում հայտնվելու, դրանցից ելքեր փնտրելու, անցյալի սխալները չկրկնելու անկարելիության մասին օրինակներով:
Լեզվի խնդիրը բացառություն չէ` վերջին հարյուրամյակի համար այն եզակի դեպքերից մեկը, որ իսկապես մեր նախորդները չեն սխալվել: Այն, որ Հայաստանի անկախացումից հետո Հայոց լեզուն (այն էլ` գրական) հռչակվեց պետական ու փակվեցին այլալեզու (ռուսական) դպրոցները, շատերս ենք հիշում: Գուցե հիմա կան պնդողներ, թե քայլը սխալ էր, ու այդպես սկսվեց կրթության համակարգի տապալումը, բայց համաձայնեք, որ մոտ երկու տասնամյակ առաջ նման կերպ մտածողներ չկային կամ գրեթե չկային: Ավելի ավագ սերունդը հիշում է 1977-78թթ. քննարկումները, մտավորականության ընդվզումն ու Խորհրդային Հայաստանի ղեկավարության (մեծիմասամբ` Կարեն Դեմիրճյանի) ձեռնարկած քայլերը, որոնց շնորհիվ ռուսերենը որպես պետական լեզու չընդգրկվեց 1978թ. ՀԽՍՀ Սահմանադրության մեջ: Նույնը` 1937-ին ու 1922-ին: Սրանց ընդունման մանրամասներին կարելի է անդրադառնալ առանձին, այսօր` առաջարկում եմ տեղափոխվել Հայաստանի Առաջին Հանրապետություն, մեջբերումներ անել համապատասխան գրականությունից ու արխիվային փաստաթղթերից:
Նորանկախ պետության հռչակագիրը, իհարկե հայերեն էր. գեղեցիկ մայրենիով շարադրել էր Նիկոլ Աղբալյանը: Հետագա գրագրությունը հիմնականում ռուսերեն լեզվով է, ինչն իր համառոտ բացատրությունն ունի. անկախ պետությունը ստեղծվել էր Ռուսահայաստանի տարածքում, որի բնակչության զգալի մասը ռուսական դպրոցներում էր սովորել, պաշտոնյաների գերակշռող մասն էլ ավարտել էր Ռուսաստանի համալսարանները: Փոխարենը` երկրի ղեկը ստանձնած այրերն ունեին հայերեն մտածողություն ու հայկական, հայեցի, հայաշունչ պետություն ստեղծելու կամք: 1918-ի սեպտեմբերի 11-ին հաստատվում է դպրոցական օրենքը, հոկտեմբերի 1-ին` սկսվում առաջին ուսումնական տարին: Մինչեւ հունվար բացվում է 130 դպրոց: Այդ ժամանակ դեռեւս հայերենը պետական լեզվի կարգավիճակ չուներ եւ օրենքով նշված էր, որ «ուսուցման լեզուն պետք է որոշի այն համայնքը, որը հովանավորում է դպրոցը»: Սակայն, երբ դպրոցներն աստիճանաբար անցնում են պետական հոգածության (ֆինանսավորման) տակ, իրավիճակը փոխվում է: Նկատենք, որ սկզբնական շրջանում կրթության գործի կազմակերպումը դրված էր Ներքին գործոց նախարարության վրա, որը Արամ Մանուկյանի մահից հետո ղեկավարում էր նախարարի օգնական Սարգիս Մանասյանը: Հիմնականում նրա ջանքերով էլ, Սիմոն Վրացյանի բնորոշմամբ, «կառավարությունը աշխատեց աստիճանաբար հայացնել բոլոր պետական հիմնարկությունները»: 1919-ի մայիսի 15-ին Մանասյանը գավառներ է ուղարկում շրջաբերական, ուր մասնավորաբար նշված էր. «…այսուհետեւ բոլոր գրագրությունները վարել հայերեն…: Նոր պաշտոնյաներին ընդունելիս պետք է գերադասություն տալ նրանց, ովքեր տիրապետում են հայոց լեզվին: …Կարգադրեցեք, որ բոլոր հայ գյուղերում համախոսականներ, հրամաններ եւ, ընդհանրապես, ամբողջ գործավարությունը կազմվեն եւ կատարվեն հայերեն»: Ավելի վաղ` ապրիլի 17-ին տեղի էր ունեցել «հայ թերթերի ներկայացուցիչների առաջին ժողովը», որն ընդունած բանաձեւի առաջին կետով պետական, հասարակական, մասնավոր հիմնարկություններին կոչ էր անում «խոսել եւ գրել հայերենով», երկրորդով` մերժում էր «ո՛չ հայերենով գրություններ, լուրեր ու հայտարարություններ ընդունել», երրորդով` պահանջում «հայերեն լեզվի պաշտոնականացում», ապա` ստեղծել «Հայացման կոմիտե», որը` «պիտի զբաղվի ցուցմունքներ անելով եւ օգնելով ի պահանջել հարկին զանազան հիմնարկությունների արագ հայացման»: 1919-ի հունիսի 17-ին Թիֆլիսի «Աշխատավոր» թերթը գրում էր. «Բավական է, որքան մենք եղանք ռուսահայեր, տաճկահայեր: Ժամանակն է, վերջապես որ լինենք ուղղակի հայեր: Այս բանը պետք է հասկանան մեր ռուսախոս պաշտոնյաները, բայց եթե նրանք չուզենան սովորել ՀՀ պետական լեզուն, ապա ուրեմն թող կառավարությունը նշանակե ժամանակամիջոց, որից հետո լեզու չգիտցողները պետք է հեռանան գործերից»: Ամենից դժվարն, իհարկե, բանակի հայացման հարցն էր: Պատմաբան Գեղամ Պետրոսյանն է գրում. «…կարեւոր խնդիր էր հայկական նորաստեղծ բանակը ռուսական ազդեցությունից ազատելը: Սպաների կեսից ավելին ռուսներ էին, որոնք պատրաստ էին կատարելու Կամավորական բանակի (Դենիկինի գլխավորությամբ Ռուսաստանի հարավում գործող ոչ խորհրդային պետական կազմավորում) հրամանները: 1919-ի հունիսի 4-ին Հայաստանի խորհրդի նիստում Ա. Խատիսյանը հայտարարեց, որ կառավարության որոշման համաձայն, Կամավորական բանակի հետ առնչություն ունեցող կամ նրանց գաղափարախոսությունը կրող սպաները, պաշտոնյաները եւ զինվորները ազատ են Ռուսաստանի հարավ գնալու, իսկ մնացողները պարտավոր են ճանաչել միմիայն ՀՀ իշխանությունը»: Հետագայում ոմանք այս քայլը գնահատեցին «կտրուկ», մեղադրեցին կառավարությանը «հայկական բանակի հայացման քաղաքականությունն իրականացնելիս դրսեւորած շտապողականության», ռուսախոս հայ սպաներին հեռացնելու, բանակը թուլացնելու, հակառուսական քարոզչություն տանելու մեջ: Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Եվանգուլյանի զեկուցագրից. «…ըստ տարածվող լուրերի` նույնիսկ Երեւանում կազմվել է մի ընկերություն, որի նպատակն է ազգայնացման ճանապարհով երկրում արմատախիլ անել ռուսական ոգին»: Թե ժամանակին որքան քննադատողներ ու դեմեր են եղել` կարելի է պատկերացնել, բայց փաստ է, որ Ս. Վրացյանի ձեւակերպմամբ` «մինչեւ տարվա վերջը պետական եւ հանրային հիմնարկությունների մեծ մասը հայացված էր. դեկտեմբերի 26-ի օրենքով հայերենը հայտարարվեց պետական լեզու»:
Վարդան Օնանյան
«Հայկական Ժամանակ»