Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ի պատասխան «Հայկական ժամանակ» թերթի մարտի 22-ի «Լեզվի տեսչությունը պե՞տք չէ» հոդվածին

Սույն թվականի մարտի 22-ին «Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից շրջանառվող որոշման մի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ լեզվի պետական տեսչությունըԱյսպես, ոչավել, ոչ պակաս:

Լրագրող Աննա Զախարյանը զրուցել է նախագծի հեղինակներից մեկի` ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանի հետ, որը, իբր ներկայացնում է այն «հիմնավորումներն ու փաստարկները», ըստ որոնց տեսչական բարեփոխումների խումբը եկել է այդ «հանճարեղ» եզրահանգման:

«Բարեփոխիչները» միտումնավոր անտեսել են այն հանգամանքը, որ Լեզվի պետական տեսչության վերահսկողական գործառույթներ իրականացնելու լիազորությունները նախատեսված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Ավելին, լրագրողի այն հարցին, թե Լեզվի պետական տեսչությունը արդյոք 24 տարի ապօրինի՞ է գործել, Հ. Այվազյանն ավելի առաջ է գնացել եւ շարունակելով իր «հիմնավորումները», «փաստել է». «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել: Եվ հենց դրա համար էլ իրենք մինչեւ հիմա ստուգում չեն իրականացրել, այլ միայն վարչական վարույթ են հարուցել, ինչը չի կարելի կոչել վերահսկողություն: Օրենքով չնախատեսված գործառույթ են իրականացրել»:

Մեկ անգամ չէ, որ Հ. Այվազյանին բացատրել ենք, որ իր ստեղծման օրից Լեզվի տեսչությունն իրականացրել է 7000-8000 ստուգում: Իսկ 2011 թվականի հուլիսից ստուգումներ չի իրականացրել, քանի որ դրան ամեն կերպ խոչընդոտել են հե՛նց իրենք: Սա` ի միջի այլոց:

Այսպիսով, փաստորեն, Այվազյանը խեղաթյուրում է թե՛ երկրի օրենսդրության իրական պատկերը եւ թե՛ ռազմավարական նշանակություն ունեցող պետական կառույցի կարեւորագույն առաքելությունը:

Այն, որ տեսչական բարեփոխումների խմբի փորձագետների առաջադրանքը Լեզվի պետական տեսչության գործունեությունը դադարեցնելն է եղել` դեռեւս Լեզվի պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության ու ստուգաթերթերի մշակման ու փորձարկման փուլում, նրանք չեն էլ թաքցրել: Յուրաքանչյուր ստուգաթերթի փորձարկման ժամանակ խորհրդի փորձագետները ուղղորդել են պետական մարմինների ներկայացուցիչներին ու տնտեսավարողներին, որ բացասաբար արտահայտվեն ստուգաթերթերում ներառված լեզվական հարցերի մասին, սակայն, ի պատիվ մեր քաղաքացիների, պետք է նշենք, որ նրանց պետական մտածողությունը ու լեզվի նկատմամբ պատասխանատվության գիտակցումը հաղթել է, եւ ստուգաթերթերում ներառված որեւէ հարց չի հանվել: Դրանից հետո «բարեփոխիչ-փորձագետները» մի քանի անգամ փորձել են ստուգաթերթերից էական հարցերը հանելը պարտադրել Լեզվի պետական տեսչությանը, բայց այս փորձն էլ ձախողվել է:

Միակ լուծումը, լեզվի հարցում իրենց ստացած առաջադրանքի շրջանակում(կարծում ենք` համապատասխան պետական կառույցներն ի զորու ենբացահայտելու պատվիրատուներին), որ նրանք կարողացան կատարել, Լեզվի պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը 2012 թվականից խորհրդի քննարկմանը չներկայացնելն էր ու Լեզվի պետական տեսչության` օրենքով նախատեսված գործառույթներն արգելափակելը:

Հայկ Այվազյանի պատկերացմամբ՝ Լեզվի պետական տեսչությունը վերահսկողություն չպետք է իրականացնի, իսկ պետական քաղաքականությունն էլ պետք է փոխարինվի սոցիալական ցանցերի միջոցով բարոյախոսության:

2012 թվականից ի վեր Լեզվի պետական տեսչությունը բացատրական աշխատանքներ է տանում վերոհիշյալ խմբի հետ, տարիներ շարունակ օրենսդրական տարբեր զարգացումների վերաբերյալ պարզաբանումներ, մեկնաբանություններ է տալիս, սակայն ապարդյուն. «բարեփոխիչները» շարունակում են պնդել իրենցը: Լեզվի պետական տեսչությունում, նախկին Էկոնոմիկայի նախարարությունում բազմիցս հայտարարություններ են արել Լեզվի տեսչությունը լուծարելու, լեզուն բիզնեսին խանգարելու, երկրորդ պետական լեզվի անհրաժեշտության եւ այլ ապազգային ու վտանգներով հղի, հեռուն գնացող նպատակների մասին:

Տեսչական բարեփոխումների քողի տակ արշավ են սկսել մեր երկրի պետականության եւ ազգային ինքնության հիմնարար գործոնի` լեզվի դեմ: Համոզված ենք` տեսչության լուծարման առաջադրանքը կատարելուց հետո նրանց առաջին քայլը լինելու է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու գործընթաց ձեռնարկելը: Իսկ այս որոշման նախագծով մոլորության մեջ են գցում հանրությանը, լրագրողներին, երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց:

1993 թվականից սկսած Լեզվի պետական տեսչության գործունեության հիմնական նպատակն է եղել պետական լեզվի` հայերենի փաստացի գերակայության ապահովումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում` որպես մեր երկրի ազգային անվտանգության գործոն:

Լեզվի պետական տեսչությունն իր բնույթով ռազմավարական նշանակության կառույց է, ուստի նրա կարգավիճակին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս նախ եւ առաջ պետք է հաշվի առնել լեզվի` ազգային անվտանգության գործոն եւ հանրության ընդգծված հետաքրքրության առարկա լինելու հանգամանքները:

Պետական լեզուն` հայերենը, սահմանադրական կարգի հիմքերից է, եւ այդ բնագավառի ցանկացած փոփոխություն պետք է ամրագրվի օրենքով:

Նախագիծը կազմողները ոչ իրավաչափորեն անտեսել են այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում լիազոր մարմինը օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունն է:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն իր` «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին»՝ 30.03.1993թ. օրենքի ուժ ունեցող, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի մաս կազմող որոշմամբ (օրենսդրական ակտ է. գործում է)հանձնարարել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն:

Այս մասին նշում է հոդվածի հետգրությունում վերոնշյալ «բարեփոխիչ-առաքյալը», սակայն չես հասկանում` դրանով իրե՞ն է ապահովագրում թե՞ լրագրողին է ծաղրում: Գուցե նաեւ դրանով կասկածի տակ է առնում 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքի գոյությունը:

Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության կարգավիճակի փոփոխությունը (եթե դրա անհրաժեշտությունն առկա է) առանձին որոշման կարգավորման առարկա է: Եթե տեսչական «բարեփոխումների» խումբը բարի կամք է դրսեւորում եւ առաջարկում է «շատ ավելի բարձր կարգավիճակով մարմին, որը պիտի զբաղվի հայոց լեզվի առաջխաղացման հարցերով», ապա այդ բարձր կարգավիճակ ունեցող մարմնի ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը այս նախագծի հետ զուգահեռ, պետք է դրվեր շրջանառության մեջ:

Ավելին, վերոնշյալ խումբը լավագույն հնարավորություն ուներ օրենսդրական իրական բարեփոխումներ իրականացնելու, հատկապես, որ մենք` ոլորտի պատասխանատուներս, որ լավագույնս պատկերացնում ենք ոլորտում առկա խնդիրները, առձեռն նրանց էինք փոխանցել օրենսդրական փոփոխությունների մի հսկա փաթեթ` միամտաբար կարծելով, որ գործ ունենք իսկապես մեր երկրի,պետականության ու լեզվի խնդիրներով մտահոգ հայ մարդկանց հետ:

Ստեղծվելիք մարմնի կարգավիճակը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը. մասնավորապես` ՀՀ Սահմանադրությանը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ գերագույն խորհրդի` «Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» 30.03.1993 թ. որոշմանը, ՀՀ Նախագահի` 18.07.2007 թ. հմ. ՆՀ-174-Ն հրամանագրին, ՀՀ Կառավարության` 19.10.1993 թ. հմ. 531 որոշմանը, քանի որ օրենսդրությամբ լեզվաքաղաքականությանբնագավառում Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկողմարմինը Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունն է:

Մնում է ավելացնել, որ համապետական ընտրությունների նախօրյակին վերսկսված` ՀՀ լեզվի պետական տեսչությունը լուծարելու գործընթացը դիտարկվում է որպես ոչ այլ ինչ, քան խափանարարություն` մեր պետականության դեմ:

Մարինե Հովյան
Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/107744

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գործարարություն, Լուրեր, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.