Հայաստանի Հանրապետությունը լեզվատեր պետություն է, հայը մեծաքանակ Սփյուռք ունեցող, պատմական իրողությունների հետևանքով լեզվական բազմաբնույթ խնդիրներ ժառանգած ազգ է: Լեզուն կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգություն ապահովող գործոն է, ներառում է լեզվահոգեբանությամբ հանրության կառավարման, ազգամիջյան և միջազգային հարաբերությունների կարգավորման գործառույթներ: Անկախություն հռչակած Հայաստանում 25 տարի առաջ գիտակցվեց, որ ինքնիշխան պետություն կայացնելու, Հայ տեսակի հարատևում ապահովելու կարևոր պայման է հայոց լեզվի պաշտպանությունը և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա գործառության լիարժեք ապահովումը: 1993 թվականին մշակվեց և ընդունվեց հայոց պետության անկախությունը հավաստող «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և լեզվաքաղաքականություն իրականացնող համապետական մարմնի` Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության ստեղծումը ևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն է: Կարելի է ասել, որ այս Օրենքը հայության իրավական և քաղաքական կարևոր ձեռքբերումն էր:
Ցավոք, 1997 թվականից լեզվաքաղաքականության ոլորտում հետընթաց սկսվեց. անտեսելով Լեզվի պետական տեսչության օրենսդրորեն ամրագրված կարգավիճակը` այն վերակազմակերպվեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման: Օրենսդրությամբ իրավազոր համապետական մարմնին նախարարության ստորաբաժանման կարգավիճակ տալը իրավական խառնաշփոթ ստեղծեց և խաթարեց լեզվաքաղաքականություն իրականացնող մարմնի գործունեությունը: Այս խառնաշփոթը վերացնելու, ազգային, պետական ու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը կարգավորելու փոխարեն հիմա էլ շրջանառվում է Լեզվի պետական տեսչությունը լուծարելու նախագիծ: Այո’, Լեզվի տեսչության աշխատանքից հանրությունը դժգոհ է: Այդ դժգոհությունը երկու պատճառ ունի` օրենսդրական խառնաշփոթի հետևանքով տեսչության գործառույթների սահմանափակում, աշխատակազմի մասնագիտական անհամապատասխանություն կառույցի գործառույթներին: Լեզվի տեսչության գործը ո’չ լեզվի ուսուցումն է, ո’չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո’չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթները իրավական, հասարակագիտական, քաղաքական բնույթի են: Ազգային-պետական լեզվաքաղաքական շահը ներկայացնող կադրերը պետք է լինեն ո’չ թե ուղղագրության, ուղղախոսության մասնագետներ, լրագրողներ, այլ` ազգի իրավունքի մասնագետ իրավաբաններ, լեզվաքաղաքականության մասնագետներ. բայց գլխացավից ազատվելու համար գլուխ չեն կտրում: «Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպությունը խիստ մտահոգված է` Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի ուժով լեզվաքաղաքականության ոլորտի խնդիրները կարգավորելու իրավազոր մարմինը` Լեզվի պետական տեսչությունը, լուծարելու Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ: Այս նախաձեռնության պատասխանատուներից մեկը` Հայկ Այվազյանը, որպես այս դավադիր գործընթացի հիմնավորում, հարցազրույցում նշել է լեզվական խնդիրները կարգավորող, ավելի բարձր կարգավիճակով կառույց ստեղծելու հեռանկարը: Այդ նույն հարցազրույցից պարզ է դառնում, որ «Ավելի բարձր կարգավիճակով» կառույցը խորհրդային տարիներից մեզ հիշատակ մնացած, տերմինաբանական կոմիտեին համարժեք կառույց պետք է լինի. «Հայերենի բարձրագույն խորհուրդ» կոչվող` խորհրդատվական գործառույթներով, հասարակական հիմունքներով գործելու կարգավիճակով, վարչապետին կից, բացառապես աշխատանքային այլ պարտականություններ ունեցող լեզվաբաններով համալրված կառույցն արդեն ստեղծվել է: Մենք համոզված կարող ենք պնդել, որ այսպիսի կառույցը համահայկական, համապետական լեզվաքաղաքական խնդիրներ լուծելու ունակություն ու ներուժ չի կարող ունենալ. պետական իրավազոր մարմինը` ի սկզբանե լեզվաքաղաքական գաղափարաբանությունից զուրկ, լեզվագիտական խնդիրների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավասություն ունեցող և տերմինաստեղծ աշխատանք կազմակերպող կառույցով փոխարինելը քողարկված հարված է մեր ազգային անվտանգությանը:
Ուշադրություն հրավիրելով այս հրատապ խնդրին` ակնկալում ենք կառավարման օրենսդիր և գործադիր մարմինների իրավասու պաշտոնյաների, լեզվաքաղաքականության մասնագետների, մտավորականների գործուն միջամտությունը` Լեզվի պետական տեսչությունը լուծարելու գործընթացը կասեցնելու և այս համապետական կառույցի կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապա¬տասխան լուծում տալու գործում:
«ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ խորհուրդ
Աղբյուրը` Դիմատետր