Հայերեն՝ վտանգված լեզու

Վերջին քառասուն տարիների ընթացքում սփյուռքահայ, մասնավորապես ֆրանսահայ համայնքների օրակարգում հաճախ է հայտնվում մի հարց, անունը՝ հայապահպանում: Խնդրո առարկայի շուրջ համաժողովներ են կազմակերպվում, և, սակայն, սայլը տեղից չի շարժվում:

Որո՞նք են հիմնական պատճառները: Մինչ օրս դպրոցներում ընդունված մանկավարժական մոդելն արդարացնո՞ւմ է իրեն: Ֆրանսիայի նման երկրում, որտեղ հայ համայնքն, ըստ էության, իր տեղը չունի հանրային տարածքում, ո՞րն է խնդրո առարկայի իրագործելի և երկարաժամկետ լուծումը:

Ֆրանսիայում հայապահպանումը պատմականորեն ունեցել է երեք մեծ փուլ: Իհարկե Ֆրանսիայում հայապահպանման մեջ մեծ ավանդ են ունեցել մի շարք կառույցներ կամ հաստատություններ (հայկական մամուլ, «Սամուէլեան» գրախանութ, «Նուբար» գրադարան, Հայ մշակույթի տուն), որոնց, սակայն, չենք անդրադառնա սույն հոդվածում:

Ֆրանսիայում հայ համայնքի ձևավորման գործընթացը

Առաջին փուլը 1920-ականն թթ. հետցեղասպանական շրջանն էր: Ֆրանսիայում ապաստան գտնելով՝ հայերը եկեղեցիներ կառուցեցին հեքսագոնի ողջ տարածքում և, օգտվելով եկեղեցու ենթակառույցներից, բացեցին շաբաթօրյա դպրոցներ:

Երկրորդ փուլն սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեցին քաղաքական, մշակութային կազմակերպություններ ու միություններ: Ի դեպ, 1947թ. ծնվեց «Նոր Սերունդը»[i]:

Եվ վերջին` մեծ փուլը, երբ 1980-ական թթ. հայ համայնքը որոշեց հայաշատ քաղաքներում կառուցել ամենօրյա ֆրանս-հայկական դպրոցներ՝

1978թ. Ս. Մեսրոպ դպրոցն Ալֆորվիլում,

1980թ. Համազգային դպրոցը Մարսելում,

1988թ. Մարգարյան-Փափազյան դպրոցը Լիոնում,

1988թ. Բարսամյան դպրոցը Նիսում,

1996թ. Համազգային-թարգմանչաց դպրոցը Իսի լե Մուլինոյում,

2007թ. Հրանտ Դինք դպրոցը Առնուվիլում:

«Հայ ժողովուրդի ազգային եւ հայ անհատի ինքնագիտակցութեան գլխաւոր բաղադրիչները կը հանդիսանան հայոց լեզուն, գիրը, եկեղեցին, մշակոյթը, հայրենիքը եւ Հայ Դատը: Առանց այս բաղադրիչներուն, սերունդները դատապարտուած են լիակատար ուծացման»,- վերջերս գրել էր «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարակաչյանը:

Այդ ոգով այսօր Ֆրանսիայում հիմնվել են դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային ու քաղաքական ընկերություններ: Այնուամենայնիվ, վերջին քառասուն տարիների ընթացքում նվազել է եկեղեցի այցելողների և հայկական ընկերություններին անդամակցողների թիվը: Իհարկե, կարող էինք ուրախանալ ֆրանս-հայկական դպրոցների ավելացմամբ: Եվ սակայն, այդ դպրոցների շրջանավարտների՝ հայոց լեզվի, պատմության և հայկական ավանդույթների իմացության մակարդակն ապշեցնում է: Հետևաբար պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչպիսին է մեր հաստատություններում ընդունված մանկավարժական մոտեցման որակը: Հայապահպանման հարատևության հարցը Ֆրանսիայում մտահոգիչ է:

Հայոց լեզուն Ֆրանսիայում

Ինչպիսի՞ն է հայ ինքնության հիմնասյունը հանդիսացող հայոց լեզվի կարգավիճակը Ֆրանսիայում: Մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010թ. արևմտահայերենը չդասեց «վտանգված լեզուների» շարքը, համայնքը չգիտակցեց խնդրի հրատապությունը: 2014թ. Ինալկօյի[ii] իրականացրած հարցախույզի արդյունքում պարզվեց, որ Ֆրանսիայում հայոց լեզուն անկում է ապրում: Ֆրանսիայում ծնված հայ ծնողների զավակների (ովքեր նույնպես Ֆրանսիայում են ծնվել) 98%-ի համար գերիշխող լեզուն ֆրանսերենն է:

Ֆրանսիայում ապրող, սակայն արտերկրում ծնված հայերի 62%-ն, իսկ նրանց զավակների ընդամենը 21%-ն է հայերենը համարում գերիշխող: Հայերենը գերիշխող է հաջորդ սերնդի ընդամենը 5%-ի համար: Նույնիսկ եթե «գերիշխող լեզու» հասկացությունը կարող է երկդիմի թվալ, այս թվերը վկայում են, որ հայոց լեզվի կիրառությունը  սաստիկ անկման եզրին է:

Հարցախույզի մասնակիցները գնահատել են իրենց հասակակիցների և իրենցից տարիքով փոքրերի հայերենի իմացությունը (գրել, կարդալ, խոսել): Տասը բալանոց սանդղակում հայերենի իմացությունը միջինում գնահատվել է 6, իսկ տարիքով փոքրերինը՝ 5,3 բալ: Զեկույցում ընդգծված է, որ «պետք է հաշվի առնել, որ ինքնագնահատումը հաճախ լավատեսական շեշտադրություն ունի»: Այս թվերը բացահայտորեն ցույց են տալիս, որ համայնքում հայոց լեզվի իմացությունը սահմանափակ է: Եվ իրավիճակը բնականաբար կվատթարանա սերնդեսերունդ, եթե լեզուն փոխանցելու պայմանները չվերանայվեն:

Եթե իրավիճակը չփոփոխվի, ոչ միայն հայապահպանումը չի հարատևի, այլև հայոց լեզուն Ֆրանսիայում կվերանա: Սարսափելի է, բայց, դժբախտաբար, հեռու չէ իրականությունից: Ի՞նչ անել:

Վերանայել մանկավարժական մոտեցումը

1912թ. հայր Կոմիտասն այդ հարցի պատասխանը տվել է Ստամբուլի Եսայան վարժարանի ուսուցիչներին ուղղված իր ելույթում: Այս մի քանի նախադասությունը բավարար է հասկանալու խնդրի ողջ խորությունը.՝ «Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն յարմարցուած դասագիրքեր չունինք, մեր դասագիրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշդ մանկական նիւթերով։ […] Անոնց որ տակաւին կեանքի հասկացողութիւնը չունին, դուք տուած էք կեանքի փիլիսոփայութեան դասեր։ Ասիկա՝ իր մտաւոր ստամոքսը չի կրնար մարսել. ծուռ, ծո՜ւռ դաստիարակութիւն է։ Իսկական վարժապետներ չկան։ Եթէ մանուկը չի հասկնար ձեր դասաւանդութիւնը, յանցանքը ձերն է, որովհետեւ չէք կրցած հասկնալ անոր հոգին. պէտք է վար իջնել մինչեւ անոր հոգեկան աստիճանը»:

1912թ. Կոմիտասի արտասանած այս խոսքերը միշտ արդիական են և պետք է ծառայեն որպես մանկավարժության համընդհանուր սկզբունք: Հավիտենականության գաղտնիքը մանկավարժական այնպիսի մոտեցում ստեղծելու մեջ է, որի առաջնային նպատակը անհատի զարթոնքն է: Ամեն երեխա իր տիեզերքն ունի: Մանկավարժը պետք է այդ տիեզերքը դասի մեջ ներառի և աշխարհին նայի երեխայի աչքերով: Դա՛ է նրա հոգեբանությունը հասկանալու և միտքը զարգացնելու լավագույն ճանապարհը: Ցայսօր ընդունված մոտեցումները շրջանցում են այս հարցը: Այդ իսկ պատճառով դպրոց գնալը երեխաների համար հաճելի չէ: Ձանձրույթը, միապաղաղությունն ու ստիպելը ո՛չ մի անհատի համար, ո՛չ մի տարիքում հաճելի չեն: Հետևաբար, ինչո՞ւ այդ ամենը պարտադրել երեխաներին: Մենք ապրում ենք այն սխալ մտքով, թե հանրակրթությունն ու անհատի զարթոնքը անհամատեղելի են: Սխալ է: Ընդհակառակը: Երեխան առավել հեշտությամբ կսովորի, երբ զգա շահագրգռվածություն ու հաճույք:

Այսօր մեզ համար բեկումնային պահ է: Մենք պետք է վերաիմաստավորենք հայեցի կրթության հիմքերը: Դպրոցը պետք է դառնա խաղասպարեզ: Հետևաբար դպրոցներում և մանկապատանեկան դաստիարակությամբ զբաղվող միություններում պարտադիր պետք է ստեղծել մի մոդել, որի հիմքում հաճույքն է և համագործակցությունը, որը կարելի է համապատասխանեցնել յուրաքանչյուր երեխայի հոգեբանությանը:

Հայերենը՝ որպես աշխարհաճանաչողության ստեղծագործական միջոց

1915թ. բնաջնջման քաղաքականության նպատակը ոչ միայն մարդկանց սպանդն էր, այլև մի ողջ քաղաքակրթության անէացումն՝ իր լեզվով, մշակույթով, պատմությամբ և ավանդույթներով հանդերձ: Վերապրելով այդ հրեշավոր քաղաքականությունը՝ հայերը վերստին ոտքի ելան` սփյուռքում զարկ տալով հայապահպանմանը: Այդ գործընթացն անհրաժեշտ էր հայ ժողովրդի վերածննդի համար և տվել է խիստ դրական արդյունք, հատկապես հետցեղասպանական հիսուն տարիների ընթացքում: Բայցևայնպես, այսօր այդ գործընթացը հնացած է և, ինչպես վերը նշեցինք, կարող է ունենալ ողբերգական հետևանքներ: Դեռևս 1968թ. ուսուցիչ, մանկավարժ և գրող Հարություն Քյուրքչյանը գիտակցելով խնդիրը՝ գրել է. «Ստեղծել հայութեան նոր որակ. որակ՝ որ միայն աւանդութեան ու նոր պայմաններու կրկնակ տիրապետումէն կը ծնի։ Ստեղծել, եւ ո՛չ թէ պահպանել. ստեղծումը արդէն կը պահպանէ. իսկ պահպանումըբա՛ն մըն ալ չի պահպաներ պահպանումը. ո՛չ իսկ ինքզինք։»

Մի խոսքով՝ ջնջել հայապահպանումը և սկսել հայաստեղծման ու հայազարգացման քաղաքականություն: Այլևս դուրս գանք հայապահպանումից, զարգանանք ու ստեղծագործենք հայեցի: Հայոց լեզվի ուսուցիչները կարիք ունեն արմատապես վերափոխվելու: Հայերենն այլևս չպետք է դասավանդել որպես օտար լեզու, քանի որ արդյունքներն ուղղակի հեռու են գոհացուցիչ լինելուց: Հայոց լեզու առարկան պետք է դասավանդվի այնպես, ինչպես ֆրանսերենը (գրականություն, թելադրություն, գրական տեքստի վերլուծություն, քննադատություն, շարադրություն…): Երեխային հետաքրքրող բնագիտական, արվեստին և սպորտին առնչվող առարկաները պետք է դասավանդվեն ոչ միայն ֆրանսերեն, այլև հայերեն: Այլ կերպ ասած՝ հայերենի դասեր, որոնք ստեղծագործականության, մտորումի, վերլուծության և մտավոր զարգացման հիմքն են: Հետևաբար պետք է վերանայել դասավանդման մեթոդաբանությունը: Այսպիսով լեզուն կդառնա աշխարհաճանաչման պատուհան:

Գյուլբենկյան հիմնադրամի՝ արևմտահայերենի զարգացման ծրագրի պատասխանատու Անի Կարմիրյանն այսպես է նկարագրել այդ գաղափարախոսության անհրաժեշտությունը՝. «Հայերենի դասավանդումը կորցրել է աշխարհաճանաչողության լեզու լինելու կարողությունը: Հենց այս կարողությունը պետք է վերստին բացահայտենք: Հայերենը միասին պետք է այնպես դասավանդենք, որպեսզի երեխայի համար այն ծառայի որպես աշխարհի հետ խոսելու պատուհան: Երկլեզվության օրենքն է՝ երկու կամ ավել լեզու մեկ աշխարհի համար:»

Ի դեպ, պետք է մերժել լեզվին որպես սրբության օբյեկտ մոտենալը: Սփյուռքում, մասնավորապես Ֆրանսիայում, լեզուն դիտվում է կարծրացած, անձեռնմխելի երևույթ: Այսպես լեզուն հետզհետե մեռնում է, դառնում մասունք: Մի օր էլ կանհետանա: Դա՞ է մեր ուզածը: Իհարկե՝ ոչ:

Մենք պետք է լեզուն գործածենք որպես հաղորդակցության միջոց՝ իր ողջ ներուժով հանդերձ: Մյուս ժամանակակից լեզուների նման, մենք էլ պետք է կարողանանք հայերենով բառերի հետ խաղալ, նոր գաղափարներ ստեղծել: Այլ կերպ ասած՝ ստեղծագործել և մեր մեջ արմատավորել լեզուն՝ որպես արարման միջոց ընդունելու գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, սա միայն արևմտահայերենին է վերաբերում, քանի որ արևելահայերենն, ունենալով պետական լեզվի կարգավիճակ, չունի այդ խնդիրը:

Ցեղասպանության հարյուրամյակից ի վեր թվում է՝ արևմտահայերենի դասավանդումը նոր թափ է առել: Ֆրանս-հայկական ամենօրյա դպրոցները դասավանդման նոր, արդյունավետ մեթոդներ են որդեգրել: Այնպիսի երիտասարդական կազմակերպություններում, ինչպիսիք են «Հոմենընթմենի» սկաուտները կամ ՀՅԴ «Պատանիսը», հայերենը սկսում է ավելի մեծ տեղ գրավել՝ որպես հմտություններ, գիտելիք ձեռք բերելու ու հաղորդակցման լեզու: Նույնը կարելի է ասել «Նոր Սերնդի» մասին, որը երկու տարի առաջ Փարիզում կազմակերպել էր համաեվրոպական սեմինար բացառապես հայերենով՝ համախմբելու ՀՅԴ բոլոր երիտասարդական կազմակերպություններին: Այդ մեծ շրջադարձը գիտակցելու մասին է վկայում «Նոր Սերնդի»՝ սոցիալական ցանցերի ու «Հայաստան» ամսագրի միջոցով հոդվածների ու ցուցապաստառների հայերեն թարգմանությունները: Այս ամենը հույս է ներշնչում, որ հայերենը սփյուռքում կվերականգնվի: Մի օր կվայելենք դրա պտուղները, բայց երանության գիրկը չընկնենք: Մեծ աշխատանք կա անելու:

Եզրակացություն

Մտապահենք հետևյալ երեք կետերը՝

— Մանկավարժական մոդելը դպրոցներում պետք է վերանայվի: Նոր մոդելի առանցքը պետք է լինի երեխայի հաճույքն ու զարթոնքը:

-Հայոց լեզուն չպետք է դասավանդվի որպես երկրորդական լեզու: Այն երեխայի համար պետք է ծառայի որպես զարգացման ու մտավոր ստեղծագործության գործիք՝ ուղղված աշխարհը ճանաչելուն:

— Հայոց լեզուն պետք է դուրս բերել սուրբ տեքստերից: Այն պետք է լիովին գործածել՝ որպես հաղորդակցման միջոց: Սա է կենդանի և գերիշխող հայոց լեզու ունենալու միակ ճանապարhը:

Այս վերլուծության նպատակը լեզվի, մշակույթի և ավանդույթների հանդեպ սերը երեխաներին փոխանցելն է: Եթե մեր ուժերը միավորենք ու ներդնենք ի նպաստ ապագա սերունդների դաստիարակության ու կրթության, հայ ինքնությունը կհաղթի ժամանակին ու տարածությանը:

Համբիկ Օսիպյան

[i] ՀՅԴ «Նոր Սերունդը» երիտասարդական միություն

[ii] Արևելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ:

Աղբյուրը` Arménien : langue en danger

Հոդվածը թարգմանվել է ֆրանսերենից հատուկ Լեզվի ժողովրդական տեսչության կայքի համար:

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, ԼԺՏ-ի նյութերը, Կրթական համակարգ, Հայերենագիտություն, Հրապարակախոսական, Սփյուռք բաժնում։ Էջանշեք այս հղումը.