Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, եւ նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի եւ նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար, այս վերջինները «խեղճ թզուկներ» կերեւան մտքի այդ հսկայի համեմատությամբ:
Մարկվարտ
Հրանտ Բագրատյանն ինձ հունից հանեց: Հանգիստ իմ գործով էի զբաղված, ու մեկ էլ աչքովս ընկավ նրա ֆեյսբուքյան գրառումն Արմենիայի (Հայաստանի) եւ արմեներենի (հայերենի) մասին: Անկեղծ ասեմ` կարդալ սկսեցի հաճույքով, որովհետեւ ինձ համար իսկական հայտնություն էր Բագրատյանին լեզվաբանության ոլորտում տեսնելը: Բայց երբ հասա գրառման այն մասին, որտեղ նա հայերենի մասին խոսում է այնպես, ինչպես իրեն հաջորդած վարչապետների մասին (պոլի փետ, կոշիկի ձախ թայ եւ այլն), հաճելի զգացումներս փոխվեցին զայրույթի:
Բագրատյանը գրում է. «Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպեսեւ մեր տնտեսությունն է) լեզուներից է…»: Յաաա… Երվանդ Մանարյանը կասեր` չափահաս մարդ մը, որ այսպիսի արգահատելի կարծիք ունի մայրենի լեզվի մասին, ես անոր հետ ճամփա չեմ երթա…
Պարոն Բագրատյան, Դուք, որպես լեզվաբանության ոլորտի ծագող աստղ, ամենայն հավանականությամբ, դեռ չեք հասցրել քննադատական աշխատություն գրել, օրինակ, գերմանացի խոշոր արեւելագետ եւ հայագետ Նիկողայոս Մառի մասին: Արդ, ուրեմն, աշխատեք սրանից հետո էլ չքննադատել այդ մարդուն եւ պիտակներ չկպցնել, քանզի նա ամենահարգված հայագետներից մեկն է աշխարհում: Մառն իր ուսումնասիրությունների արդյունքում հանգել է այսպիսի եզրակացության. «Հայերենը, իբրեւ Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է»:
19-դ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերեւելի ներկայացուցիչներից եւ Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը` Ջորջ Բայրոնը (1787-1824), առաջին հայագետներից է: Նա Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության վանականներից էր սովորել հայերեն: Բայրոնի օգնությամբ անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական եւ աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Եվ ինչ էր ասում այդ Բայրոնը հայերենի մասին: Նա ասում էր. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Չեմ անդրադառնա հայոց լեզվի մասին մյուս մեծերի հիացական ասույթներին: Դրանք հայտնի են դպրոցական երեխաներին անգամ: Սակայն վաղամեռիկ բանաստեղծ Միսաք Մեծարենցի խոսքերը չհիշատակել չեմ կարող, որովհետեւ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան կիսագիտական հոդվածում շոշափում է մի հարց, որին Մեծարենցն անդրադարձել է դեռեւս 19-րդ դարի վերջին: Ահավասիկ, Բագրատյանը զայրացած գրել է. «Ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել «կոմպյուտեր» կամ «ինֆլյացիա» բառերը։ Ոչ միայն նրա համար, որ «կոմպյուտեր» բառը «համակարգիչը» չէ, իսկ «ինֆլյացիան» ամենեւին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ-գործառույթներ, բառ-ինստիտուտներ, բառ-առարկաներ են… Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է»: Մեծարենցի հետեւյալ խոսքերը Բագրատյանի այս հարցադրման եւ ոչ այնքան խելացի մտքի ճիշտ պատասխանն են. «Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետեւեն վազենք»:
Աշխարհահռչակ հայ աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը համոզված էր, որ անհնար է տիեզերքում հայտնաբերել մի շարժում կամ առարկա, որը հնարավոր չլինի հայերենով արտահայտել: Տարիներ անց, ինքզինքը մեգաէկոնոմիկայի հիմնադիր հռչակած Հրանտ Բագրատյանը պետք է բողոքեր, որ հայերենը զարգացման համար բավարար լեզու չէ, որ հայերենով գիտական աշխատությունները երկար են ստացվում, ժամանակատար են, ծախսատար. «Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի եւ 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ․։ Գրել արմեներեն՝ նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել»: Միայն տնտեսագետն այսպես «չոտկի» կհաշվեր: Մարդը համակարգչի այս դարում խոսում է չարչարանքի մասին: Պատկերացնել կարելի է, թե ինչ էին քաշում հայ գրիչներն ու թարգմանիչներն Աստվածաշունչը ոսկեղենիկ հայերենի վերածելիս: Բագրատյանի ասածից դուրս է գալիս, որ ռուսները, ուկրաինացիները եւ գերմանացիներն էլ պետք է իրենց լեզուներն անգլերենախեղդ անեն, որ աշխատանքն ավելի հեշտանա: Բայց, ախր, նման բան ոչ ոք չի անի, որովհետեւ յուրաքանչյուր լեզու ունի որոշակի մինիմում, որից ներքեւ դա արդեն այդ լեզուն չէ: Եվ ապա` լեզվի հարցում չի կարելի առաջնորդվել տնտեսագիտությամբ: Լեզուն կենդանի օրգանիզմ է, ունի զարգացման իր կանոնները, որոնց արհեստական շրջանցումները նույնն են, ինչ առողջ մարդու բնական օրգանները պրոթեզով փոխարինելը:
Ավարտելով` կցանկանայի մի բան խնդրել Հրանտ Բագրատյանին` հաշվի առնելով մոտ 4-5 լեզվով գիտական աշխատություններ գրելու նրա աստվածատուր կարողությունը: Ի դեպ, պարոն Բագրատյանին ասեմ, որ եթե մարդու մայրենի լեզուն հայերենն է, ապա ինչ լեզվով էլ նա գիրք գրի, ապա, միեւնույն է, այդ գիրքը որոշ առումով թարգմանություն է հայերենից, որովհետեւ մարդը, սովորաբար, մտածում է լեզվով, տվյալ դեպքում` հայերենով:
Իմ շատ հարգելի Հրանտ Բագրատյան, Ձեր իմացած լեզուներից մեկով կամ մի քանիսով թարգմանեք, խնդրեմ, Թումանյանի «Անուշը» պոեմի նախերգանքից հետեւյալ երկու տողը.
Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թեւին թռչելով`
Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով…
Հենց թարգմանեք, կխոսենք արդեն հայերենի աղքատության հետ կապված Ձեր մյուս մտահոգությունների մասին, նաեւ այն մասին, թե ինչու մենք այդպես էլ մի տնտեսագետ չունեցանք, որ մեզ հաներ այս փոսից, թեկուզ՝ անգլերենով:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Աղբյուրը` http://hraparak.am/?p=153943&l=am/