Քիչ առաջ՝ մոտավորապես 17:45-ից մինչև 18:00 տաքսիով հայտնվել էի խցանման մեջ ու հնարավորություն ունեցա հատվածաբար ունկնդրել երևանյան FM ինչ-որ ալիքով հեռարձակվող մի հետաքրքրական հաղորդում։ Վարողն ու հյուրը խոսում էին պատերազմի արվեստը, մասնավորապես, չինացի ռազմական տեսաբան Սուն Ցզիի երկը բիզնեսում կիրառելու մասին։ Զրույցը բավականին բովանդակալից էր, սակայն հյուրն էլ, վարողն էլ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում մայրենիի նկատմամբ, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում էին հայերենին ու հաստատ նախկին ռուսախոսներ չէին։ Օտար բառերի կիրառումը նրանց, կարծես, հատուկ հաճույք էր պատճառում։ Ականջս անընդհատ ծակում էին այնպիսի բառեզրեր, որոնց համարժեքները հայերենում վաղուց կան ու լայնորեն գործածվում են։ Հասցրեցի ծոցատետրումս գրանցել վայ-զրուցակիցների հաճախակիորեն կիրառած բանալի բառերից մի քանիսը։ Ահա դրանք (փակագծերում տալիս եմ հայերեն համարժեքները).
ԴՈՄԻՆԱՑԻԱ (գերիշխանություն),
ՍՏՐԱՏԵԳԻԱ (ռազմավարություն),
ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ (ռազմավարական),
ՏԱԿՏԻԿԱ (մարտավարություն),
ՊՐՈԴՈՒԿՏ (արտադրանք),
ՊՐՈԴՈՒԿՑԻԱ (արտադրանք, արտադրություն)
ԻՆՆՈՎԱՑԻԱ (նորարարություն),
ՍՏԱՏԻՍՏԻԿԱ (վիճակագրություն),
ՏՐԵՆԴ (հոսանք, ուղղություն),
ՍԵԳՄԵՆՏ (հատված, հատվածամաս, մաս),
ՄԻՔՍ (խառնուրդ, խառնվածո),
ԴԻՍՑԻՊԼԻՆԱ (կարգապահություն),
ԿՈԴԵՔՍ ([զինվորականի] վարքականոն),
ՖՈՐՄԱՑԻԱ ([պատմական] հասարակարգ),
ԲՐԵՅՆՍԹՈՐՄԻՆԳ (ուղեղային գրոհ),
ԿՈՒԼՏՈՒՐԱ (մշակույթ),
ԳԵՐՈՅ (հերոս, թեև հյուրը ավելացրեց նաև հայերեն այս հանրածանոթ բառը),
ԷԼԵՄԵՆՏ (տարր),
ՄՈՌԱԼ (բարոյական, այստեղ էլ հյուրը ավելացրեց հայերեն տարբերակը)։
Պարոնա՛յք, պատերազմի մասին եք խոսում՝ թե ինչպես այս կամ այն բիզնեսը պետք է հաղթի մյուսին, բայց չեք հասկանում, որ հայոց լեզուն էլ է պատերազմում ու ձեր բռնազբոսիկ վերաբերմունքով նրա հաղթանակին ամենևին չեք նպաստում։ Չերկարացնեմ։ Եթերում հայոց լեզվի հարցով պետք է լրջորեն զբաղվել։ Պարտադիր պետք է վերաբացել Լեզվի պետական տեսչությունը (ԼՊՏ) և տալ նրան լայնածավալ պատժիչ լիազորություններ։ Միայն այդ հիմնարկն ի վիճակի կլինի պետականորեն պայքարել նման երևույթների դեմ։ Ի դեպ, ԼՊՏ-ի փակման գործը 2017 թ. սկսեցին հին իշխանությունները, բայց այն վերջնականապես թաղեցին նորերը՝ 2018 թ.։ Հետևություններն ու մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…
Արմեն Այվազյան
13 մարտի, 2019թ․
Աղբյուրը՝ Armen Ayvazyan