Հայոց լեզվին ուղղված ոտնձգությունների դեմ Լեզվի կոմիտեն այսուհետ ակտիվ պայքար կմղի նաև թվային հարթակում։ Լեզվական հարցերում անբարեխիղճ տնտեսվարողների դեմ կոմիտեն ակտիվացրել է պայքարը նաև իրավական դաշտում։
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով շուրջ հինգ ամիսների ընթացքում հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 22 վարույթ։
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հայերենը պահպանի իր գերակայությունը որպես պետական լեզու»,- վստահեցնում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։
Լեզվի կոմիտեն փորձում է ստեղծել իր դիմագիծն ու ակտիվանալ հատկապես թվային տիրույթում։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացնում է այն, ինչ այս ուղղությամբ կատարվել է վերջին մոտ կես տարվա ընթացքում։
«Թվային տիրույթում մենք փորձում ենք ակտիվացնել մեր ներկայությունը, որովհետև դա ժամանակի պահանջն է։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջին գումարվում է YouTube-ի ալիքը։ Հասարակության տարբեր շերտերին հասանելի լինելու համար ստեղծվել է Լեզվի կոմիտեի նաև թվիթերյան հաշիվը՝ @LangComArmenia։ Հուլիսին պատրաստ կլինի կոմիտեի պաշտոնական կայքէջը՝ Langcom.am և լեզվիկոմիտե.հայ URL հասցեներով»։
Լեզվի կոմիտեն արդեն ունի իր տարբերանշանը, որով էլ այն կճանաչվի ինչպես թվային, այնպես էլ այլ հարթակներում։ Պահպանվում ու շարունակվում է լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման ու պետական մարմիններին հորդորակների միջոցով իրազեկման ձևաչափը։
«Արձագանքը միշտ դրական է ու շնորհակալական, բայց միշտ չէ, որ հետևում են մեր խորհուրդներին»,- ասում է Գյուրջինյանը։
Խորհուրդներով հարցը կարգավորելու առումով ավելի բարդ են հարաբերությունները տնտեսվարողների հետ։ Ստիպված են դիմել օրենքի միջամտությանը։ 2019 թվականի փետրվարից Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարուցել է վարչական իրավախախտման 22 վարույթ:
Մերօրյա պաշտոնյաների ու պաշտոնական ամբիոններից հնչող հայերենի մասին․ Լեզվի կոմիտեի նախագահն ասում է՝ այս հարցում երկու մոտեցում կա.մի դեպքում պահանջվում է խիստ կանոնական հայերեն, մյուս թևն էլ ընդունելի է համարում ժամանակի փոփոխություններին ենթարկվող ավելի ազատ խոսքը։ Կոմիտեի նախագահի մոտեցումը փոքր ինչ այլ է։
«Պիտի իմանալ՝ որտեղ, ինչ։ ԱԺ ամբիոնից կամ կառավարության նիստում հնչող խոսքը պետք է լինի, այո՛, կանոնական։ Բայց եթե անձը սոցիալական տիրույթում, անձնական հարթակում գրառում է անում, այդ գրառումը նրա անձնականն է, և վերահսկողության չափն էլ այստեղ պիտի տարբերվի։ Բայց զգոնության կոչ անպայման պիտի ուղղվի պաշտոնյաներին, որովհետև նրանց խոսքին հետևում են հասարակության տարբեր շերտեր, հատկապես մատաղ սերունդը»։
Լեզվին առնչվող խնդիրները, ըստ Գյուրջինյանի, ամենից շատ տեսանելի են հեռուստաեթերում, հատկապես թարգմանված սերիալներում և մուլտֆիլմերում։ Բայց որտեղ է լեզվին առնչվող ամենացավոտ խնդիրը, հարցին նա պատասխանում է՝ առաջին հերթին հենց մեր ներսում պիտի փոխենք վերաբերմունքը մեր լեզվի նկատմամբ։
«Ռադիոլուր»