«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

«Լազաթ» բառը երեւի մեկ էլ լսել եմ հեռավոր 1960-ականներին, իմ ծննդավայրի մեծահասակներից։ Ի դեպ, բառն ինձ համար միշտ էլ օտարոտի հնչողություն է ունեցել։ Ավելին՝ այդ բառով հաղորդակցվողը գոնե իմ կողմից երբեք չի ընդունվել իբրեւ բարձր ինտելեկտի կրող կամ խորագետ մեկը․ այդ բառն ինձ համար համարյա միշտ մատնանշել է այն գործածողի լեզվամտածողության ցածրակարգությունը եւ պրիմիտիվիզմը։

Եվ ահա երբ երկրիդ ղեկավարն է այդ բառը գործածում, երբ դա անում է՝ առանձնահատուկ մի լազաթ ապրելով դրա արտաբերումից, ընդսմին՝ ուսանողության «անունից», համակվում ես բանական անհարմարության ու անհամատեղելիության խոր զգացողությամբ․ եղբա՛յր, ինչպե՞ս թե՝ «լազաթ», էս ո՞ր թիվն է, էդ ի՞նչ կոնտեքստ է, որ հայաշունչ «հաճույքին» ու «բավականությանը» առոք-փառոք (որովհետեւ հնչել է երկրիդ թիվ մեկ «փառավորի» շուրթերից) փոխարինել է տարօրինակ մի «լազաթ»։

Անցյալի նույնիսկ ուրվականների դեմ մահու եւ կենաց կռիվ տվող մերօրյա իշխանապետը, որ սիրում է ամենժամյա ռեժիմով իր առավելություններով համեմատվել նախորդների հետ, երբեւէ մտքով անցկացրե՞լ է, որ իր նախորդներից ո՛չ մեկը՝ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը մայրենի բարբառն ու բարբառային մտածողությունը հրապարակ չեն բերել որպես պաշտոնական խոսք եւ ասուլիս։ Գուցե սխալվում եմ, բայց ես դեպք չեմ հիշում, որ Ռ․ Քոչարյանը, օրինակ, հանրային լսարանի առջեւ «ա»-ախոսեր․ նրա, ինչպես նաեւ Ս․ Սարգսյանի հանրային խոսքում շատ-շատ լսելի լինեին Ղարաբաղի բարբառի հնչական ինչ-ինչ շեշտեր, մի քանի բառերի բարբառային արտաբերումներ, բայց երբե՛ք բարբառ եւ «ա»-ախոսություն։ Ի դեպ, Ռ․ Քոչարյանը հայոց լեզվի հանդեպ, որը նրա մայրենի լեզուն չէ, ավելի հարգալից վերաբերմունք ունի նույնիսկ դատարանում ելույթ ունենալիս։ Իսկ Ն․ Փաշինյանն ահա անկաշկանդ «ա»-ախոսում է, ազատ բարբառախոսում է, որը երբեմն խորանում է՝ ժարգոնախոսության հասնելու չափ։ Նա այդ անում է բոլոր հնարավոր պաշտոնական իրադրություններում՝ կառավարության նիստերը վարելիս, Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ֆեյսբուքյան տեսաուղերձներում․․․ ամենուր։

Հետեւաբար, ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյան լեզվակիրն ամենօրյա սպառնալիք է հայոց լեզվի մաքրությանն ու կանոնականությանը․ նրա «շնորհիվ» հայոց լեզվի հնչական մակարդակը հագենում է բացասական պաթոսով, ջղային ինտոնացիաներով, ոչ հայեցի առոգանությամբ։

(Փակագծերում բա ականջը կանչել չտա՞մ ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի եւ նրա ղեկավարի։ Տիկնա՛յք եւ պարոնա՛յք կոմիտեականներ, դուք վերջին երկու տարվա ընթացքում գոնե մի հորդորակ խիզախե՞լ եք ուղարկել ՀՀ կառավարություն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով, որ նա/նրանք փորձեն հանդես գալ իբրեւ օրինապաշտ քաղաքացիներ եւ հարգեն Լեզվի մասին օրենքը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ ՀՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է։ Դուք երբեւէ մոնիտորինգ արե՞լ եք, թե ի՛նչ արդյունք են տվել ձեր հորդորակները, եթե, իհարկե, կրկնեմ խոսքս, խիզախել եք ուղարկել)։

Շատերն են նկատել, թե ինչպես են Ն․ Փաշինյանն ու կողմնակիցները համարյա խռովում «ապերախտ» հանդիսականից եւ ունկնդրից, երբ վերջիններիս կողմից համեմատվում են նախորդների հետ, եւ այդ համեմատությունն իրենց՝ քայլարածների օգտին չէ։

Հիմա ուզում եմ ամենասովորական մի հարց տալ Ն․ Փաշինյանին ու իր «թմին»․ այդ ինչպե՞ս պատահեց, որ ես՝ ամբողջ կյանքում հակասերժական եւ ընդդիմադիր հրապարակագրությամբ զբաղված հեղինակս, որ 2018-ի մայիսից երկու ամիս շարունակ հրապարակային համերաշխություն եմ արտահայտել եւ լրագրողաբար սատարել իրենց հենց այս թերթի («Հրապարակ») էջերում, կամաց-կամաց դարձել եմ ոչ թե նիկոլական «լազաթ»-ի, «ասֆալտին փռեմ»-ի, «պատերին ծեփեմ»-ի, «թաթիկները կտրեմ»-ի, «վնգստացողներ»-ի կողմնակիցը, այլ իմ կողմից ժամանակին ու պարբերաբար քննադատված, համարյա ատված Արմեն Աշոտյանի եւ Արփինե Հովհաննիսյանի ինտելեկտուալ խոսքի եւ մաքուր լեզվի համակիրը։ Թող չնեղանա «ժողովրդի վարչապետը», բայց ես անհամեմատ մեծ հաճույքով (եւ բնավ ոչ «լազաթով») կարդում ու լսում եմ այս երկու (վերջիններիս «կողմանէ»՝ էլի մի քանիսի) գրավոր ու բանավոր կշռադատ խոսքը, քան իր ու իր թիմակիցների ցածրակարգ հոխորտանքներն ու ամբարտավան լեքսիկոնը։

Ասեմ ավելին՝ վաղուց ի վեր չեմ ուզում եւ չեմ կարողանում լսել Նիկոլի ու որեւէ նիկոլականի ձայնն ու խոսքը։

Եվ ես՝ 2018-ին փողոց ելած ՀՀ քաղաքացիս, հիմա առավելագույն չափով անկեղծ եմ, բայց խիստ կասկածում եմ, որ գոնե խորհրդածության տրվելու չափ այդպիսին կլինեն նրանք, ում այս խոսքն ուղղված է։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուրը՝ www.hraparak.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Իրավական, Խախտումներ, Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.