․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։
-Դու Մովսես, պետք է անգիր հիշես հայերեն այն տասնմեկ բառ անունները, որոնք երեքից-չորս հազար տարեկան են և զուգահեռներ չունեն մյուս լեզուներում՝ երկաթ, ոսկի, արծաթ, պղինձ, կապար, որ կոչվում է նաև արճիճ, արույր, որ կոչվում է նաև դեղին պղինձ, ծծումբ, անագ, զառիկ, որ կոչվում է մկնդեղ, սնդիկ։ Այդ տասնմեկ բառը ազգության դիմագիծը ցուցանող մի ամբողջ հարստություն է, դրանով կարելի է հավաստել, որ հայերենն աշխարհի վրա հնչող չորս ամենահին լեզուներից է, այդ չորսի մեջ էլ՝ գուցե երեցը։ Նոյն աստծու հետ հայերեն է խոսել։ Չկա մի խորհուրդ, իմաստասիրական մի խրթին ծալք, որ չկարողանաս արտահայտել հայերենով։ Հայերենով դու կարող ես լսել տիեզերքի ամենանուրբ շշուկն ու ամենաահեղ գոչյունը, նռան ճայթյունն ու դեռատի աղջկա սիրո հևքը։ Բռնակալները հիմա ստիպում են, որ հայերը ուրանան իրենց մայրենին և խոսեն պարսկերեն կամ հունարեն։ Դա տիեզերական եղեռնագործություն է։ Չի կարելի մոռացության տալ Նոյի լեզուն։ Աստված կզայրանա և այս անգամ աշխարհն այնպիսի ջրհեղեղի տակ կթողնի, որ ոչ մի մարդ չի ազատվի։ Մայրենին մոռացողը ցեց է։ Մայրենին ուրացողը սերմնակեր է։ Այո, Մովսես, հայերենը պիտի մնա աշխարհում։ Առանց հայերենի տիեզերքը մեզ համար ինչ-որ տեղ կմնա անթարգման։ Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին։ (23-24)
․․․ Մովսեսը դարձել էր բնության ունկնդիր։ Նրան թվում էր, թե ինքն ավելի շատ ձայներ է լսում, քան մյուս մարդիկ։ Գողթնի Բիբ գուշակը սաղարթների սոսափյուն է լսում, ինքն էլ ՝ թռչունների հազարաձայն կանչերը։ Գուցե ծնվել է թռչնահմա՞ դառնալու համար։ Մտաբերեց իր ուսոցիչ Մեսրոպ Մաշտոցին։ Հայոց գրերը ստեղծելու ժամանակ երևի նա էլ է ունկնդրել բնության ձայները։ Հունարեն այբուբենում ոչ ծ կա, ոչ էլ ղ։ Իսկ Կամարայի պարտեզը լցված է ծ-ով ու ղ-ով։ Առավոտյան իշխանուհու աքաղաղները իրենց փառահեղ ծուղրուղուով ազդարարում են լուսաբացը։ Բնության հարաշալիքներից է ծուղրուղուն։ Այդ բառը կամորձատվեր՝ եթե հայերենը չունենար ծ և ղ տառերը։ Իսկ թռչունների ծլվլոցը, նրանց քաղցր ծիվ-ծիվը։ Մաշտոցը լսել է բոլոր ձայները, աստծու պես ծանրութեթև է արել ամեն ինչ։ (198)
․․․ Այնուհետև հենց որ հարմար պահ էր որսում Մանդակունին մտնում էր մայր տաճար և խորհրդավոր լռության մեջ կարդում մատյանը։ Կարդում էր աստծու համար աստվածային ներշնչմամբ։ Ամեն օր մի քանի մագաղաթ։ Կարդում էր ավելի ջերմեռանդորեն, քան Աստվածաշունչը։ Նրան թվում էր, թե աստված իրոք լսում էր Հայոց պատմության էջերը։ Հետո սկսեց ինքն էլ հավատալ, որ դրանից հետո Մովսեսի գրած գիրքը չի կորչի։ Բարձրաձայն ընթերցելով հայրապետն ասես Հայոց պատմությունը պահ էր տալիս աստծուն։ (212)
․․․ Վերջացնելուց հետո ասպետը դիմեց օրիորդին․
— Դու գիտեի՞ր, որ ծովածավալ հիշողություն ունես։
— Ոչ։
— Հիմա էլ դա կդառնա մի նոր հոգս։
— Ի՞նչը։
— Քո հիշողությունը։
— Ինչո՞ւ։
— Որովհետև հիմա էլ կարող են քեզ գողանալ, որ կրկնակի հարված կլինի ինձ համար։
— Ինձ ինչո՞ւ պիտի գողանան։
— Որովհետև Վանադուխտ, մենք ազգ և հայրենիք ենք պահում նաև հիշողությամբ։ Մովսեսի մատյանը Հայքի ամենամեծ հոգևոր հարստությունն է։ Դու ի բերան ես ուսանել այն և պահում ես մեր մտավոր գանձը, ինչպես դա կարող է անել մի անմատչելի բերդ։ Թշնամին կարող է կործանել մեր բերդերը, բայց չի կարող քեզանից խլել քո հիշողությունը։ Յուրաքանչյուր ազգի հարստություն են նաև նրա արտասովոր հիշողության տեր զավակները։ (280)
․․․ Բյուզանդիայի և Հայքի կապերը երբեք էլ բարի-դրացիական չեն եղել։ Բացորոշ չեն եղել նաև գժտություններն ու թշնամությունը։ Բյուզանդիան միշտ էլ խանգարել է Հայքի արտաքին կապերի ընդարձակմանը։ Իրավ է, երբեմն հույները հայերի հետ միջազգային համագործակցության խնոցի են հարել, բայց միշտ յուղը մնացել է հույներին, թանը՝ հայերին։ Բյուզանդացիները պարսիկների հետ հաճույքով կիսեցին Հայքը։ Ճիշտ է, մեծ պատառը բաժին ընկավ Պարսից աշխարհին, բայց կարևորն այն է, որ Հայքը դադարեց մեծ տերություն և Բյուզանդիայի մրցակից լինելուց։ Շատ տարիներ առաջ Բյուզանդիան համաձայնեց, որ Հայքի բյուզանդական մասում հայկական դպրոցներ բացվեն և Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերը ուսուցանեն հայերին։ Դա չարվեց մարդասիրական ու քաղաքակրթության մղումներից։ Սեփական այբուբեն ունեցող ժողովուրդը կրոնափոխ չէր դառնա։ Բյուզանդիան թույլ չէր տա, որ Պարսից աշխարհը հզորանա Հայքի հաշվին։ Հույները փորձեցին հայերին ձուլել աստծո զորությամբ։ Սակայն հայերը դեմ կանգնեցին և ասացին․ «Մեր Հիսուս Քրիստոսն ուրիշ է, հույների Հիսուս Քրիստոսն՝ ուրիշ»։ Բայց այբուբենը կիսով չափ գոտեպնդեց հայերին։ Եթե հայերն ստեղծեն իրենց ազգային պատմության դասագիրքը, ապա անկարելի կլինի նրանց հաղթելը։ Այդ դեռ ոչինչ։ Եթե որևէ մեկը կարողանա ճշմարտապես տարեգրել վերջին հազարամյակի պատմությունը, ապա հայերի համաշխարհային կշիռը շատ կբարձրանա։ Հելլենական պատմաշերտի տակ հայկական շատ գանձեր են թաքնված։ Հավերժական մրցավազքի դիմանում են այն ժողովուրդները, որոնք երեք բան ունեն՝ լեզու, պատմություն և բանակ։ Այդ պատճառով էլ հայոց պատմության մատյանի ստեղծումը ամենևին էլ բյուզանդացիների սրտովը չէ։
Այդ մասին Եզրն արտահայտվեց ավելի կարճ ու պարզ․
— Զենոնին դուր չի գալիս, որ իմաստասեր Մովսեսը աստվածային հունարենը թողած պատմագիրք է գրում հայերեն։
— Ոչ ոք չի ուզում անպատվասեր մնալ աշխարհում, իսկ ով պատմություն չունի՝ պատիվ էլ չունի,-զրույցը եզրափակեց Արձանը։ Ապա ինչ-որ բան մտաբերելով ավելացրեց,-հիմարություն է կարծել, թե հունարենը մի օր կդառնա տիեզերական լեզու։ Աշխարհում ոչ մի ծառ չի աճել, որից կարողանաս և խնձոր քաղել, և խաղող, և ծիրան, և թուզ, և ուրիշ մրգեր։ (325-326)
Հայկ Խաչատրյան, Քերթողահայրը, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1985թ․
Թվայնացումը՝ Լեզվի ժողովրդական տեսչության