Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Այնտեղ, ուր թույլ է դիմադրությունը օտարաբանություններին, տարալեզու բառերն ու ոճերը, շարունակ հնչելով տպավորվող մանկան ականջին, խուռներամ թափանցում են նրա խոսքի մեջ, մինչև որ հետագայում, դպրոցական ուսումնառության տարիներին դժվարությամբ դուրս մղվեն:

Երբեմն ծնողները խառնալեզու միջավայր են ստեղծում գիտակցաբար: Նրանց մտադրությունը բարի է. ուզում են, որ իրենց զավակը մանկուց սովորի երկու լեզու: Չէ՞ որ լեզուներ գիտենալը հոգու հարստություն է: Եվ հետո՝ մեր օրերում երբ ավելանում են միջազգային շփումները, այլ ժողովուրդների հոգևոր մշակույթին հաղորդակից լինելու պահանջը, անհնարին է լինել կիրթ ու լայնախոհ մարդ գիտենալով միայն մեկ լեզու:

Բայց բարի մտադրությունն էլ կարող է խափանվել, եթե չի ընտրվում այն իրագործելու ճիշտ եղանակ: Դժվար է անտարբեր նայել այն մայրիկներին, որոնք տանը, փողոցում, զբոսայգում իրենց մատաղ զավակների հետ համառորեն խոսում են մի արտառոց լեզվով, որը ո՛չ հայերեն է, ո՛չ ռուսերեն, ո՛չ ֆրանսերեն, այլ ավելի նման է տարբեր լեզուներից պոկված բեկորների խառնակույտի: Երեխայի զգայուն ականջի տակ, անգթաբար աղավաղվելով, իրար են բախվում տարբեր լեզուների հնչյունները, բառերն ու քերականական ձևերը: Կսովորի՞ երեխան հաղորդակցվել այս լեզուներով: Պարզունակ մակարդակով՝ թերևս: Մի քանի տարի հետո այս երեխան ինչ-որ բաներ կբլբլացնի, մոր պես վայրիվերո իրար խառնելով, ասենք հայերենն ու ռուսերենը: Բայց որովհետև գիտակցությունը մանկուց չի խարսխվել լեզվական կուռ հենարանի վրա, միտքը միշտ կխարխափի անղեկ նավի նման: Փոքր-ինչ բարդ միտք արտահայտելու համար երեխան մեկ այս լեզվին կդիմի, մեկ այն, ջանալով մի կերպ կցմցել իր լեզվական անսիստեմ գիտելիքների բեկորները: Նրա խոսքն ընդմիշտ կարող է մնալ տարտամ և անարյուն: Եվ նա, ի վերջո, դառնացած կգիտակցի, որ ինքը, ըստ էության, ոչ միայն չի յուրացրել մեկեն երկու լեզու, այլև զրկվել է մայրենի լեզվից: Ինչպիսի՜ անդառնալի կորուստ: Չէ՞ որ, ինչպես գրում է Կ.Դ. Ուշինսկին. «…Յուրացնելով մայրենի լեզուն, երեխան յուրացնում է ոչ միայն բառերը, նրանց կառուցվածքն ու փոփոխությունները, այլև անսահման քանակությամբ հասկացություններ, հայացքներ իրերի նկատմամբ, բազմաթիվ մտքեր, զգացմունքներ, գեղարվեստական կերպարներ, լեզվի տրամաբանություն ու փիլիսոփայություն և երկու-երեք տարում հեշտ ու արագ յուրացնում է այնքան, որ դրա կեսն անգամ անհնարին էր յուրացնել բարեխիղճ ու մեթոդիկ կերպով սովորելով քսան տարի: Ահա թե ինչպիսին է այդ մեծ, ժողովրդակական մանկավարժը՝ մայրենի լեզուն»:

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը, հոգեպես հաշմել նրան, կտրել հոգու թևերն այդ հասակում, երբ նա պետք է կատարեր իր ամենամեծ թռիչքը: Մինչդեռ, եթե մեկից հինգ տարեկան հասակում գիտակցությունը ձևավորվում է մայրենի լեզվի հիմքի վրա, երեխան այնուհետև հեշտությամբ է յուրացնում նաև երկրորդ լեզուն, երրորդը:

Իսկ հնարավոր չէ՞, արդյոք լեզուներ սովորել ոչ թե հաջորդաբար, այլ միաժամանակ: Հնարավոր չէ՞, որ երեխան մեկ տարեկանից սկսած զուգահեռաբար յուրացնի երկու լեզու, ձեռք բերի երկու լեզվամտածողություն, նույնքան անկաշկանդ օգտվի երկու լեզուներից էլ, առանց թարգմանելու միտքը մի լեզվից մյուսին:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս խնդիրը հաջողությամբ լուծվում է, եթե հետևողականորեն կիրառվում է նույն խոսակիցը նույն լեզվով սկզբունքը: Դեռևս մեր դարի առաջին քառորդում գերմանացի հոգեբան Վիլյամ Շտերնը բերել է մի աշխարհագրագե-ճանապարհորդի օրինակը: Երկարատև ուղևորության մեկնելիս նա իր հետ տանում է նաև կնոջը և ինն ամսական որդուն: Երեխան, որն անընդհատ շփման մեջ էր մալայացի ծառաների հետ, սկսում է խոսել մալայերեն, նրանց միջավայրում ականջի ետև թողնելով ծնողների գերմաներենը: Ծնողների մոտ եղած պահերին էլ նա խոսում էր գերմաներեն: Հայրենիք վերադառնալիս տղան երեք տարեկան էր և անկաշկանդ գործածում էր երկու լեզուներն էլ, բնավ չխառնելով իրար: Երկու լեզուները դարձել են ընդօրինակման անկախ, անջատ օբյեկտներ, առանց իրար խառնվելու: Թեև երեխան ստիպված է եղել կատարել, առաջին հայացքից դատելով, կրկնակի աշխատանք, որպեսզի առարկան, գործողությունը անվանի երկու անունով, բայց դա նրան դժվարություն չի պատճառել: Միևնույն բովանդակությունը տարբեր լեզուներով արտահայտելու անհրաժեշտությունից երեխայի գիտակցության մեջ շարունակ հակադրվել են երկու լեզուների՝ միևնույն նաշանակությամբ բառերը: Երկու լեզվական համակարգերը աստիճանաբար սահմանազատվել են երեխայի խոսքում, կապվելով տարալեզու խոսակիցներից յուրաքանչյուրի հետ: Այս պայմաններում երեխան զուգընթաց յուրացրել է երկու լեզուն էլ, և սրանցից յուրաքանչյուրն ըստ հարկի ծառայում է նրան որպես մտածողության և հաղորդակցության միջոց:

Հռիփոիմե Ղաջոյան, Քսան զրույց երեխաների մասին, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1976թ., էջ 11-14:

Գրառումը կատարվել է Լուրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.