Հայոց անկախությունը խեղդվում է խանձարուրում

Զրույց  լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի հետ

Լրագրող – Մեր թերթում տպագրված մի քանի հոդվածներից արդեն տեղյակ ենք Ձեր վերաբերմունքին` կապված ԿԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը: Ի՞նչ կասեք հունիսի 24-ին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:

Դ. Գյուլզադյան – Հունիսի 24-ի տոնական օրը` կապված Սահակ և Մեսրոպ սուրբ անունների հետ , 2010 թվականին վերածվեց մահազդի անարգական օրվա, որի բարոյական առաջին պատասխանատվությունը կրում է Հայ առաքելական  եկեղեցին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ղեկավարությամբ ու լուռ համաձայնությամբ: Այդ օրը վերջնականապես ազդարարվեց նաև Հանրապետական կուսակցության` մինչև ուղնուծուծը այլևս ապազգային լինելու փաստը: Գիտե՞ք` ի’նչ տարօրինակ պահվածքի ականատեսը եղա այս օրերին: Տարիներ առաջ մեկ այլ կուսակցության համատիպ նախաձեռնության առիթով հանդես էի եկել քննադատությամբ: Այդ օրերին հսանդիպեցի Գալուստ Սահակյանին, որն ինձնից պակաս չէր զայրացած: Հիմա հասկանում եմ, որ այն ժամանակ Սահակյանի` վտանգի գիտակցումը պայմանավորված էր Անդրանիկ Մարգարյանի վարչապետությամբ, իսկ այսօր այն չտեսնելու և չգիտնալու տալը` Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ…

Լրագրող – Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 25-ի ասուլիսում ասել է, թե մեր ազգային անվտանգությանը ոչինչ չի սպառնում, որովհետև 1500 դպրոցի կողքին 2 մասնավոր դպրոցը վնաս չէ:

Դ. Գ. – Նախ` երկու դպրոց չէ, այլ տասնմեկ` չհաշված տասնյակ ռուսականները, ապա` զարմանալի է, որ ինը միջպետական դպրոցները դեռ չունեն ինը կառավարության արձագանք. սա ի՞նչ է, սեփական դպրոցն ու լեզուն աճուրդի հանելու հրավե՞ր, հետո` կարդացե’ք ս. թ. մայիսի 18-ի` ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` նախագծերի փաթեթը ոչ միայն «համապատասխանում է» ՀՀ Սահմանադրությանը, այլև պիտի համապատասխանեցնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի «5-րդ հոդվածով ամրագրված և հանրակրթության բնագավառում պետության կողմից երաշխավորված` հանրակրթության հավասար հնարավորությունների ու մատչելիության», կարճ ասած` օտարալեզու և  խառնալեզու «ուսուցումը» հանրապետությունում համատարած դարձնելու պահանջին: Իսկ հիմա խոսենք փաստերով. 1937-ին Երևանում կար միայն մեկ ռուսական դրպոց. այդ նույն թվականին Թիֆլիսում կար 140 հայկական դպրոց: Ուզում եմ հարցնել` քանի՞ ռուսական դպրոց ու աշակերտ կար Հայաստանում և, մասնավորապես, Երևանում խորհրդային երկրի մայրամուտին, և քանի՞ հայկական դպրոց կա այսօր Թբիլիսիում:

Լրագրող – Ասում են` հայագիտական առարկաները հայերեն են անցնելու:

Դ. Գ. – Այս առիթով ես պիտի մեջբերեմ հայտնի լրագրող Հասմիկ Գուլակյանի հեգնական արձագանքը պատահաբար փողոցում հանդիպած ԿԳ նախարարին` հարցազրույցի ընթացքում այդ նույն փաստը չարչրկելիս. «Մինչև գետին շնորհակա~լ ենք, պարո’ն նախարար, որ թույլ եք տալիս մեր դպրոցում հայոց լեզուն հայերեն անցնել»… Բայց բանն էլ հենց այն է, որ թույլ չեն տալիս, որովհետև, ինչպես գրել եմ ձեր թերթում, հայոց լեզու է նրանով դասավանդվող ամեն առարկա: Լավ, ասենք հայոց պատմությունը երեխան հայերեն է սերտում, իսկ ընդհանո՞ւր պատմությունը: Չէ՞ որ օտար պատմագիտությունը շատ կողմերով ծուռ հայելու մեջ է ներկայացնում մեր պատմական իսկությունը: Մի քանի տարի առաջ, օրինակ, եվրոպացի «պատմաբանները» Հայաստանի մասնագետներին փորձում էին համոզել, որ այսրկովկասյան երեք հանրապետությունները պատմությունը «պարտավոր են» նույն ծրագրով ու դասագրքերով անցնել (ինտեգրում եմ ասե~լ): Եվս մի իրողություն, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել. մինչև 18 տարեկան մարդը երեխա է, այսինքն` ձևավորման փուլում է բոլոր առումներով, հասկանալիորեն` նաև աշխարհընկալման: Դեռ չկազմավորված անհատին օտար լեզուն օտար աշխարհընկալում է պարտադրում:

Լրագրող – Օրենսդրական նախաձեռնության կողմնակիցներն ասում են, որ Կառավարության շենքի մոտ վանկարկողները 150 հոգի են, նշանակում է` մնացածները համաձայն են:

Դ. Գ. – Ենթադրենք` այդքան է, և ենթադրենք` ամբողջ Հայաստանում միայն իրենց ասած 150 մարդն է կռիվ տալիս ազգային լեզվի համար: Ձեր կարծիքով բանական հային դա ցա՞վ, թե՞ դիվային հաճույք պիտի պատճառեր: Եվ հետո` մնացածներն ինչի՞ն են համաձայն` Սահմանադրության ոտնահարմա՞նը: Ախր հավաքվածները եկել էին` մեր Սահմանադրությունը օրենսդիրներից ու գործադիրներից պաշտպանելու…

Լրագրող – Ի՞նչ կուզեիք ավելացնել:

Դ. Գ. – «Ժողովրդի ոգին նրա լեզուն է, ժողովրդի լեզուն նրա ոգին է», ասում է Հումբոլդտը: Այդ ոգու համար ենք ոտքի ելել, բայց նաև, թող տարօրինակ չթվա, օրենսդրական փոփոխությունը պարտադրողների փրկության համար, որովհետև չկա առավել անաստված բան, քան սեփական ժողովրդի ոգին ճզմելը, նրա ազգային դիմագիծը խեղելը: Դա թշնամո’ւն չի ներվում, ուր մնաց` յուրայինին: Անգամ եթե գերհզոր բանակ ունենա Հայաստանը, դրանով դեռ ապահով համարվել չի կարող: Անկախության գերագույն զենքն ու զորքը ազգային-պետական լեզուն է. նրա որևէ օղակի թուլացումը դուռ է բացում լեզվական էքսպանսիայի առաջ, պետական լեզվի գործառույթներ են սկսում կատարել այլ լեզուներ: Ո’չ մի արտաքին ճնշման չեմ հավատում: Իսկ եթե նույնիսկ կա այդ ճնշումը, պիտի հրաժարվել ճնշվելո’ւց ու ճնշող կազմակերպությունի’ց, անգամ եթե այն Եվրախորհուրդը կամ Եվրամիությունը լինի, ո’չ թե լեզվից: Մեր պետության արածը նման է ամուսնական առագաստապղծության` առագաստատիրոջ հոժար կամքով: Ասեմ նաև, որ իրենց հաշվապահությամբ 150 հոգին փորձում էին մոլորյալ պաշտոնյաներին փրկել պղծությունից ու ամբողջ կյանքում իրենց հետապնդող հալածախտից: Եվ եթե նրանք հույսները դրել են պալատական հտպիտի դեր ստանձնած բժշկի վրա, կրկնակի մոլորության մեջ են, որովհետև առավելագույն ախտը նրան է բաժին հասել: Չսխալվող մարդ չկա աշխարհում, բայց ամեն ոք գիտե, որ չեն ներվում ճակատագրական սխալները: Պետական օրենքով սեփական երկրի անկախությունը խանձարուրում խեղդելը, այդ երկրի տեր ու տնօրեն ժողովրդին գիտակցաբար անդունդ մղելը քիչ է ասել` պետական խուլիգանություն է…

Ձեր թերթում տպագրած վերջին հոդվածս վերնագրել էի` «Դեռ ուշ չէ»: Հիմա ասում եմ` արդեն ուշ է… իրե’նց համար, անգամ եթե երկրորդ ընթերցմամբ չանցնի այդ խայտառակությունը…

hraparak.am

Գրառումը կատարվել է Հրապարակախոսական բաժնում։ Էջանշեք այս հղումը.