Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

— Դու Մովսես, պետք է անգիր հիշես հայերեն այն տասնմեկ բառ անունները, որոնք երեքից-չորս հազար տարեկան են և որոնք զուգահեռներ չունեն մյուս լեզուներում` 1. Երկաթ 2. Ոսկի, 3. Արծաթ, 4. Պղինձ, 5. Կապար, որ կոչվում է նաև արճիճ, 6. Արույր, որ կոչվում է նաև դեղին պղինձ 7. Ծծումբ, 8. Ծարիր, 9. Անագ, 10. Զառիկ, որ կոչվում է նաև մկնդեղ, 11. Սնդիկ:

Այդ տասնմեկ բառը ազգության դիմագիծը ցուցանող մի ամբողջ հարստություն է, դրանով կարելի է հավաստել, որ հայերենն աշխարհի վրա հնչող չորս ամենահին լեզուներից է, այդ չորսի մեջ էլ` գուցե երեցը:

Հայերենով դու կարող ես լսել տիեզերքի ամենանուրբ շշուկն ու ամենաահեղ գոչյունը, նռան ճայթյունն ու դեռատի աղջկա սիրո հևքը:

Այո, Մովսես, հայերենը պիտի մնա աշխարհում: Առանց հայերենի տիեզերքը մեզ համար ինչ-որ տեղ կմնա անթարգման: Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին:

Հայկ Խաչատրյան, «Քերթողահայրը»

Գրառումը կատարվել է Լուրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.