— Ի՞նչ է քո անունը, — հարցրեց արքայից-արքան:
— Ես հայերեն չգիտեմ, — հունարեն պատասխանեց Եվպատորի զորապետը:
Մի ակնթարթում Տիգրանի դեմքը փոխվեց:
Զայրույթից նա չկարողացավ նստած մնալ տեղում, ելավ գահից և, առանց որևէ մեկի կողմը նայելու, սկսեց անցուդարձ անել:
Հետո նորից բազմեց գահին և դիմելով անծանոթ զորապետին, հունարեն հարցրեց:
— Դու հա՞յ ես:
— Այո:
— Ի՞նչ է քո անունը:
— Հեկտոր:
— Քանի՞ տարեկան ես:
— Քսանյոթ:
— Քսանյոթ տարի աշխարհի վրա ապրել ես առանց հայերեն խոսելո՞ւ:
— Արքայից-արքա, Պոնտոսում հունարեն են խոսում:
— Բայց դու հայ ես:
— Այո, և այնուամենայնիվ Պոնտոսում կարելի է ապրել նաև առանց հայերենն իմանալու:
— Մի՞թե այդպես են մտածում Պոնտոսում գտնվող բոլոր հայերը:
— Երևի ոչ բոլորը:
Բայց հայերենով ես չէի կարող զորապետի աստիճանի հասնել Միհրդատ Եվպատորի մոտ:
— Օտարազգի թագավորին ծառայելու համար դու մոռացե՞լ ես մայրենի լեզուն:
— Չգիտեմ, արքայից-արքա, բայց այդպես եմ վարվել:
— Որտե՞ղ ես ծնվել դու:
— Փոքր Հայքում:
— Ահա թե ինչու էր Եվպատորը պինդ գրկել Փոքր Հայքը:
Լսո՞ւմ ես, Մամիկ, թե ինչքան ենք ուշացել մենք:
Փոքր Հայքում հայերը ուրանում են մայրենին, պաշտոններ ձեռք բերելու և բարեկեցիկ կյանք ստեղծելու համար խոսում են հունարենով, փոխում են նույնիսկ իրենց տոհմանունները:
Ինչո՞ւ են քեզ Հեկտոր կոչել:
— Չգիտեմ, հայրս է դրել այդ անունը:
— Իսկ դու երբևիցե մտածե՞լ ես, որ աստվածները կպատժեն քեզ մի օր դավաճանությանդ համար:
— Իսկ ո՞ւմ եմ դավաճանել ես:
— Հայքին:
— Բայց ես երբեք գործ չեմ ունեցել Հայքի հետ, ես Եվպատորի հետ կռվել եմ միայն հռոմեացիների դեմ:
— Դու չե՞ս դավաճանել Հայքին:
— Ոչ:
Նույնիսկ հոգուս խորքում հպարտացել եմ, որ Հայքն ավելի զորեղ է, քան Ասիայի որևէ տերություն, որ արքայից-արքա Տիգրանն ավելի մեծ է, քան աշխարհի որևէ մեծություն:
— Քո հաճոյախոսությունն ինձ չի ուրախացնում:
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը:
— Ի՞նչ օրենքով:
— Մեր հայկյան օրենքով:
Մենք աշխարհ ենք եկել հայերենով և եթե մի օր հեռանանք աշխարհից, մեր հրաժեշտի խոսքը պետք է հայերեն լինի։
Հայկ Խաչատրյան “Տիգրան Մեծ” պատմավեպից
Աղբյուրը՝ Զարուհի Թովմասյանի դիմատետրի էջը