Անցած շաբաթ «Սիվիլիթաս» հիմնադրամում «Մշակույթի քաղաքականությունը» թեմայով քննարկումից հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հենց սկզբից դուրս էր եկել, քանի որ, իր խոսքով, հանդուրժելի չէ, որ հայկական զարդարվեստին նվիրված գրքի շնորհանդեսի ժամանակ, հայերի քաղաք Երեւանում, վարողները` բոլորը հայեր, անգլերեն էին խոսում, եւ սինքրոն թարգմանությունը լսելու համար ականջակալ պետք էր հագնել: Սա Ս. Կարապետյանը համարեց անարգանք պետական լեզվի եւ սահմանադրության նկատմամբ, որի դեմ չէր բողոքել հանդիպմանը ներկա եւ ոչ մի մտավորական:
Ճիշտն ասած` նույն զգացողությունը ապրեցի ես, երբ օրեր առաջ պետք է լուսաբանեի «Սիվիլիթասի» կազմակերպած հանդիպումը Ժերար Շալյանի հետ: Հանդիպումը մեծ հետաքրրություն էր առաջացրել, իսկ ականջակալ արդեն չկար, եւ ականջակալ չունեցողն ավելորդ էր մի հանդիպման մեջ, ուր դահլիճում մեծ մասամբ հայեր էին թեեւ, բայց բեմից ոչ հայերեն խոսք է լսվում: Ես էլ վարվեցի նույն կերպ, ինչ Ս. Կարապետյանը` լքեցի դահլիճը եւ չլուսաբանեցի այդ հանդիպումը, թեեւ հաջորդ օրը մամուլից տեղեկացա ե՛ւ Շալյանի դարակազմիկ մտքերի, ե՛ւ դրանց հայ պատգամավորի ու, ընդհանրապես, հայ հանրույթի հասկացող մասի արձագանքների մասին: Բայց նստվածքը մնաց, որ քո երկրում այլալեզու քննարկումներ են, որտեղ հայերեն թարգմանության տեխնիկական կողմն ապահովված չէ, եւ առհասարակ, հենց բեմից, օտար լեզվին սինքրոն չի հնչում հայերենը: Կուզեի սխալ չհասկացվել, ասենք՝ բոլորովին պետք չէ քաղաքական երանգավորում փնտրել ասվածի հետեւում, բայց ցավալի է, որ բավական լուրջ քննարկումներ կազմակերպող (սա թերեւս խրախուսելի է` մտահորիզոնը լայնացնելու մղման առումով) «Սիվիլիթասը» ավելի շուտ ռեզիդենտ կառույց է ընկալվում մեր երկրում հենց այն պատճառով, որ այստեղ հայերենը տնվորի կարգավիճակում է, եւ անգլերեն խորիմաստ քննարկումը չհասկացող հայերը երկրորդ «սորտի» մարդիկ են զգում իրենց սեփական երկրում:
Ճիշտն ասած` Հայաստանի արտգործնախարար եղած եւ «Սիվիլիթասը» ղեկավարող Վարդան Օսկանյանից ավելի հոգածու վերաբերմունք էի սպասում հանդեպ հայերենը, թեեւ, մյուս կողմից, սա միակ մինի աշխարհը չէ Հայաստանում, որտեղ գերադասվում է այլ լեզուն, հատկապես անգլերենը: Այդպիսի փակ եւ իրենց «էլիտա» համարող խմբերը Հայաստանում հիմա շատ են, ովքեր պատվիրատուի կամ դոնորի պահանջով հաճախ են անգլիալեզու քննարկումներ կազմակերպում, կարծես այս երկիրն ինչ-որ մեծ պետության պրոտեկտորատ է, այլ ոչ թե անկախ Հայաստանը: Հետո էլ խոսում ենք օտարալեզու դպրոցների դեմ, մինչդեռ արմատից պիտի պոկել վատ սովորույթը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Azgdaily.am