Նրանց, ովքեր գերմաներեն չեն խոսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում. Անգելա Մերկել

Գերմանիայի փորձերը` կառուցել բազմամշակութային հանրություն, որում տարբեր մշակույթների ներկայացուցիչները կապրեին լիարժեք համաձայնության մեջ, ձախողվել են։ Այսպիսի խոստովանություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Քրիստոնեա–դեմոկրատական միության երիտասարդական թևի հետ Պոտսդամում կայացած հանդիպման ժամանակ։

«1960–ականներին ԳԴՀ իշխանություններն օտարերկրյա աշխատավորներին կոչ արեցին գալ երկիր, և հիմա նրանք այստեղ են ապրում։ Այն ժամանակ մենք խաբում էինք ինքներս մեզ՝ հայտարարելով, որ նրանք չեն մնա Գերմանիայում և կգնան։ Սակայն դա հեռու է իրականությունից»,– կանցլերի խոսքերն է մեջբերում BBC–ն։

Մերկելը նաև ասել է, որ այսօր ներգաղթյալները, ովքեր ապրում են Գերմանիայում, պետք է լուրջ քայլեր գործադրեն գերմանական հանրությանն ինտեգրվելու համար, մասնավորապես, սովորեն գերմաներեն։ «Նրանց, ովքեր գերմաներեն չեն խոսում, մենք ուրախ չենք տեսնել Գերմանիայում»,– ասել է կանցլերը։

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ Գերմանիայի բնակչության 30%–ի կարծիքով՝ երկրում չափից դուրս շատ են ներգաղթյալները։ Բացի դրանից մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարում են, որ գերմանական հանրության շատ խնդիրներ կապված են արաբական երկրներից և Թուրքիայից եկած ներգաղթյալների հետ, ովքեր գալով Գերմանիա զբաղվում են հանցավոր գործունեությամբ։

www.tert.am

Գրառումը կատարվել է Զանազան, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.