Օ՛, խաղատուն դարձած հայրենական մեր տուն
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան։
Ս. Կապուտիկյան
Հաստատվեց այն, ինչի համար մոգոնվել էր անկախ Հայաստանի անշոշափ շինվածքը։ Հաստատման նախադրյալները կային դեռ նոր-նոր ձեւավորման փորձ անող պետության հիմքում, երբ կատաղի պայքարի գնով 1993-ին ընդունվեց հայոց անկախությունը ամենից շատ իրենո՛վ վավերացնող լեզվի օրենքը։ Մինչեւ հիմա կար այդ օրենքը։ Թեեւ տկար էր գործում թոփուզաերիցաաշոտենաբնույթ «գործիչների» մեքենայություններով, բայց կար, քանի որ կար հույսը հայոց կանաչ լեռների հեռանկարի։ Հիմա դա էլ չկա, եւ գլխահակ շրջում ենք մենք մեր «լավ հույսերի գերեզմանների շարքերի միջով» (Թումանյան)։
Ինչքան էլ բութ լինեին, միեւնույն է, անցնող այս սեւ տարվա մեջ այնքան շատ էին տագնապահունչ զգուշացումները, որ անհնար է՝ չգիտակցեին ազգային սեւագործները իրենց անդնդատար քայլի վտանգավորության ահագնությունը։ Վերջին սրիկայի մեջ էլ մարդկայնության ծիլեր կան պահ տված։ Բայց տասնյակ միլիոնները սրանց վա՜յ թե մոռանալ են տվել իրենց մահկանացու լինելը. հո այդ գումարը հետները չե՞ն տանելու. ինչո՞ւ են ուզում, ուրեմն, սեփական մահից առաջ իրենցից հետո եկող ազգակիցների մահն ապահովել։
Գրոշի արժեք չունեցող այդ աստղաբաշխական թվե՞րն են խանգարում ինքնահարցում անել՝ եթե այդքան լավ բան է բազմալեզու կրթությունը, ինչո՞ւ այն չի կիրառվում Անգլիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ Երեւի այդ երկրների ղեկավարները խելքի պակաս ունեն, այնքան պակաս, որ չեն գիտակցում սեփական երկիրն ու ժողովրդին ստրկության առաջնորդելու ամենակարճ ուղին…
Լեզվի օրենքի հավելախեղումը Անկախության հռչակագրի եւ մեր Սահմանադրության ամորձատումն է, վերջին ազատամարտին մեր սուրբ նահատակների թափված արյան՝ պետության գնահատողական գինը։ Կրկնակի ապտակ է մեր երեսին այն, որ այս օրերի ընթացքում պետական-պաշտոնական լրատվությամբ տարփողում են ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության հնարավոր հարցը բովանդակող 252-րդ բանաձեւը։ Ուզում ես հարցնել՝ ի՞նչ իրավունքով. 15 թվականի ողբերգությունը մանկական խաղ է հայկական համարվող պետության նկրտումների հանդիման։
Գոնե մեզ գոյատեւելու հնարավորություն տային, որ մի հարյուր տարի հետո այդ նույն Կոնգրեսին դիմեինք՝ 2010 թվականի ոճրագործության համար, այն ոճրագործության, որ սկիզբ առավ Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի հենց շեմին եւ արդյունացվում է Հանրապետական կուսակցության հոբելյանի շռնդալից օրերին ու տարեմուտին՝ իբրեւ Ամանորի անօրինակ պարգեւ։ Այս անգամ չեմ երկարացնի. շատերն են խոսել եւ ասել են հնարավոր ու անհնար ամեն բան։ Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձրագույն դրսեւորմանը՝ լեզվասիրական ոգորումին մասնակցություն բերած բոլոր անձնուրաց արյունակիցներիս, նրանց մեջ՝ նաեւ ազնիվ պատգամավորներին, նրանց իսկ հավանական թույլտվությամբ մի վերջին ճիգով, այս անգամ՝ Չարենցի օգնությամբ ուզում եմ թարմացնել երկրի ղեկավարի մասնագիտական հիշողությունը.
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ՛, Վահագն արի։- Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա։
Արդ՝ տարեմուտի մաղթանքս այդ նույն ղեկավարին.
— Շնորհավո՜ր Ամանորդ, հայո՛ց նախագահ. աջդ աներեր՝ ազգասպան օրենքը վավերացնելիս…
Դավիթ ԳՅՈւԼԶԱԴՅԱՆ