2010 թվականը հայտարարված է մայրենի լեզվի տարի։ Մայրենիին նվիրված միջոցառումները լայն արձագանք են գտնում մայրաքաղաքում։ Հույս ունենանք, որ մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումները աստիճանաբար դուրս կգան և կտարածվեն նաև մարզերում։
Երևույթն, իհարկե, դրական է և կարևոր, միգուցե տոնացույցի այս մեկ տողի իրական արժևորումը մի օր հակակշիռ կդառնա ամեն օր մեր բառապաշար մուտք գործող օտարաբանություններին, օտարածին ու հաճախ նաև իմաստով և բովանդակությամբ աղավաղված նորամուծություններին։
Սակայն այս ոլորտում էական տեղաշարժեր չեն լինի, եթե բավարարվենք առավելապես համերգային բնույթի զանգվածային միջոցառումներով և զուգահեռաբար գործնական քայլեր չձեռնարկենք մայրենի լեզվի պաշտպանության համար։
Դրա համար անհրաժեշտ իրավական և օրենսդրական հենքը վաղուց ստեղծված է, սակայն ինչպես հասարակական իրավահարաբերությունների մի շարք այլ ոլորտներում, այստեղ էլ մեծ խնդիր ունենք օրենքի և իրավունքի ճշգրիտ ու միատեսակ կիրառման հարցում։
Ո՞վ է մեղավոր։
Ցավոք, համահասարակական տարբեր երևույթներ գնահատելիս իբրև կանոն փնտրում – գտնում ենք այն ամենաթույլ օղակը, որի վրա պետք է բարդենք ամբողջ պատասխանատվությունն ու, մատնանշելով օբյեկտիվ պատճառներ, փորձենք արդարացնել ստեղծված վիճակը։
Այս օրերին և առաջիկայում էլ այդ օղակը լինելու է դպրոցը։ Եվ որպես օրինաչափություն մայրենի լեզվի կիրառման, պաշտպանության պատասխանատվության ամբողջ բեռը չի իջնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ուսերից։
Բնավ չթերագնահատելով դպրոցի ուսուցչի դերակատարությունը, սխալ կլինի ամբողջ պատասխանատվությունը դնել միայն նրա վրա։ Ի վերջո, դպրոցը հասարակության մի օղակն է և չի կարող զերծ մնալ նույն այդ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններից։
Որ տեսանկյունից էլ վերլուծելու լինենք, միևնույն է՝ մայրենին անաղարտ պահելու լավագույն երաշխիքը կարող է լինել գործող օրենսդրության, ցավոք, երբեմն հնացած դրույթների կիրառումը՝ սկսած դպրոցից, վերջացրած պետական կամ տեղական ինքնակառավարման համակարգում թափուր պաշտոնների համալրմամբ։ Այլ կերպ ասած՝ եթե ամբողջ այս շրջանառությունում անվերապահորեն ընդունվի օրենքի և իրավունքի գերակայության սկզբունքը։
Զարմանալի և առնվազն աններելի է, որ մեր մայրենի լեզվի հանդեպ ոչ հազվադեպ «խաչակրաց արշավանքների» փաստերը (որ ոլորտում էլ լինեն) տեղի են ունենում օրենքի և իրավունքի ոտնահարումների, անտեսումների կամ, մեղմ ասած, իրավական տգիտության պայմաններում։
Ինչո՞ւ։
Ոմանք, հատկապես հումանիտար ոլորտի մասնագետները, երբեմն իրավիճակի պատճառը համարում են լեզվաքաղաքականությունը։
Չժխտելով այս ոլորտում բացերն ու բացթողումները, նշենք, որ այս դեպքում էլ մեր ցավը ոչ այնքան լեզվաքաղաքականության մեջ է, որքան օրենքի և իրավունքի գերակայությունը չընդունելու, չկիրառելու և գործընթացի չափազանց թույլ վերահսկողության մեջ։
Այսօր մեր մայրենի լեզվին սպառնացող վտանգը ոչ այնքան լեզվական քաղաքականության վիճակն է, որքան կադրերի (որ ոլորտում էլ լինեն) ընտրության ու նշանակման գործընթացում տեղ գտնող երկակի չափորոշիչներն ու մայրենի լեզվի՝ թույլից չափավոր իմացության «բավարար» գնահատականը։
Ինչի՞ց սկսել։
Նախ և առաջ՝ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ մայրենի լեզվի անաղարտության և պաշտպանության պարտավորություններ ու իրավասություններ ստացած վերահսկող կառույցների գործունեության խորքային վերլուծությունից և գնահատականից։ Ի վերջո ժամանակն է, որ այս կառույցների գործունեությունը ուղղորդվի դեպի իրական գործունեության հարթություն, որտեղ նույն այդ կառույցները վիճակագրողի կարգավիճակից կանցնեն իրավակիրառական գործնական հարթություն։ Ընդ որում, համապատասխան որակյալ անձնակազմ ունենալու և իրավակիրառական լիարժեք գործունեության արդյունքում հենց այդ կառույցներն էլ կարող են վեր հանել լեզվական քաղաքականության բնագավառում մեր առաջնահերթություններն ու գերակայությունները և դրանք ներկայացնել իրավասու պետական մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։ Այդ շրջանակը չափազանց առաձգական է և օրենքով պաշտպանված։ Այսինքն՝ միայն կամք և ցանկություն է պետք։
Հակառակ դեպքում գոնե այսօր մենք արդեն կունենայինք մի շարք հրատապ հարցերի պատասխաններ.
— բուհերի ոչ հումանիտար բաժիններում մինչև ե՞րբ է հայերենը դիտվելու որպես ոչ մասնագիտական լեզու, դրանից բխող մեղմ գնահատումներով,
— ինչպե՞ս կարգավորել բարձր տեխնոլոգիաների ներմուծմամբ պայմանավորված՝ նոր բառեզրերի հայերենացման կամ հայերեն պաշտոնական թարգմանության խնդիրը,
— ի՞նչն է խանգարում հայերենի ընդունելության քննությունից 17-20 միավոր ստացած առաջին կուրսեցուն առաջին իսկ կուրսում բավարարվել գոնե 5-10 ուղղագրական սխալով,
— ի՞նչն է պատճառը, որ որոշ օրենքները խրթինության ու անհստակության պատճառով երկակի մեկնաբանության և կիրառման հնարավորություն են տալիս,
— մինչև ե՞րբ է շարունակվելու առևտրային գործարքները հիմնավորող փաստաթղթերում համատարած օտարալեզվությունը,
— մինչև ե՞րբ է շարունակվելու առողջապահության ոլորտի համատարած այլալեզվամոլությունը …
Հարցադրումների այս շարքը շատ կարելի է շարունակել։
Հստակ է, որ հետևանքների դեմ պայքարը միշտ էլ շատ ավելի է բարդ է և ծախսատար, քան պատճառները վերացնելը։
Ուրեմն, համերգներին ու մայրենիին նվիրված տոնական միջոցառումներին ականատես ու ունկնդիր՝ շատ լուրջ պետք է մտածենք այս վիճակի առաջացմանն ու տարածմանը նպաստող պատճառների ու պայմանների մասին։ Որպեսզի սա ոչ թե մի անգամվա կամ մի տարվա տոն լինի, այլ տոն, որը միշտ պետք է մեզ հետ լինի…
Սասուն Մամյան
sasunmamyan.wordpress.com