Բաց նամակ

ՀՀ առողջապահության նախարար Պարոն Հ. Քուշկյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Պարոն Ա. Աշոտյանին


Հարգելի պարոնայք նախարարներ,

Սույն նամակի նպատակն է Ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր խնդրի վրա, որը վաղուց արդեն մտահոգում է բազմաթիվ ծնողների և իսկական փորձություն է մեր երեխաների համար։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, սակայն ուզում ենք մի հարցադրում անել։ Տեղյակ եք արդյոք, թե քանի՞ ժամ են աշխատում մեր երեխաները։ Այս զարմանալի հարցադրմանը պատասխանենք միանգամից, այնուհետև փորձենք ներկայացնել իրավիճակը։

Երեխաներն աշխատում են 12-14 ժամ մեկ օրվա ընթացքում, կամ որ նույնն է՝ շաբաթական 60-70 ժամ։ Այնինչ աշխատանքային շաբաթը չափահասների համար սահմանվում է 40 ժամ։ Զարմանալի է, չէ՞, բայց սա փաստ է։ Առաջարկում ենք փոքր շրջայց կատարել դպրոցներում դասերի ժամանակ, կամ երեկոյան բնակարաններում՝ դասապատրաստմանը հետևելու նպատակով։

Երբ դպրոցներում անցան հնգօրյակի, թվում էր, թե երեխաների ծանրաբեռնվածությունը չի ավելանա, երեխաները ժամանակ կունենան ավելի շատ հանգստանալու, բայց վիճակն էլ ավելի վատթարացավ։ Ասվածը մերկապարանոց հայտարարություն չընդունելու համար բերենք հետևյալ օրինակը։

10-11 տարեկան երեխաները նախկինում ունենում էին 5-6 դաս դպրոցում (խոսքը 1 օրվա մասին է), իսկ տանը պատրաստում էին հաջորդ օրվա 5-6 դասերը։ Այժմ երեխաները դպրոցում ունեն  6-7 դաս, իսկ հաջորդ օրվա համար պիտի նախապատրաստեն նորից 6-7 դաս։ Որպես հետևանք դպրոց պետք է տանեն ավելի ծանր պայուսակ (1-2 ավելի գրքեր ու 4-6 ավելի տետրեր)։ Թվում էր, թե շաբաթ օրվա ազատ լինելը կլրացներ այդ բացը, սակայն ծրագրերի բարդ և անհամեմատ ծանր լինելու պատճառով (որոնք դժվար թե նախատեսված են միջին ունակություններ ունեցող աշակերտների համար) ուսուցիչները ստիպված ավելի շատ տնային հանձնարարություններ են տալիս, քանի որ յուրաքանչյուր ուսուցիչ մտահոգ է ծրագիրը իրականացնելու, հասցնելու համար։ Եվ ստացվում է, որ երեխան պետք է թե՜ շաբաթ, թե՜ կիրակի աշխատի, որ կարողանա պարտաճանաչ ձևով հասցնել պատրաստվել բոլոր դասերին։ Նույն պատկերն է նաև արձակուրդային օրերին, որովհետև արձակուրդ տրամադրելու հետ մեկտեղ յուրաքանչյուր ուսուցիչ իր պարտքն է համարում երեխաներին  ծանրաբեռնել լրացուցիչ առաջադրանքներով, որը սկզբունքորեն բացառելու է նրա հանգստանալու հնարավորությունը։  Մի՞թե հնարավոր չէր հնգօրյակի անցնելու հետ միաժամանակ  թեթևացնել նաև ծրագրերի ծավալը, կամ գոնե տնային հանձնարարությունների ծավալը։

Դպրոցում երեխան նստում է նստարանին 6-7 դասաժամ, իսկ տանը՝ 6-7 ժամ։ Ստացվում է, որ մեր երեխաները դպրոցում և տանը դասերը պատրաստելու նպատակով նստած են լինում գրեթե նույն դիրքով մոտ 12-14 ժամ։ Մի՞թե հնարավոր է այդքան ժամ նույն դիրքով մնալ և մի՞թե դա չի անդրադառնում մեր երեխաների առողջության վրա։ Դրան էլ ավելացնենք, որ երեխային օրվա ընթացքում ժամանակ չի մնում գոնե կես ժամ խաղալու, վազվզելու բակում, որը նրա առողջության և որպես սոցիալական մարդ զարգանալու համար ոչ պակաս անհրաժեշտ ու կարևոր է, որքան անվերջանալի տետրերում ամենօրյա վարժություններ գրելը և գործնական աշխատանքներ կատարելը։ Այս ամենից հետո էլ ինչպե՞ս մենք՝ ծնողներս, մտածենք սպորտային կամ երաժշտական դպրոց լրացուցիչ հաճախելու մասին։

Սա հանգեցնում է նրան, որ երեխան ժամանակ չի կարող ունենալ նաև  ծնողի հետ նորմալ շփվե­լու, իրեն հուզող հարցերի մասին զրուցելու ու լիարժեք պատասխաններ ստանալու համար։ Վերը նշվածի պատճառով մեր երեխաները դարձել են նյարդային, դյուրագրգիռ և վատառողջ։

Դիմում ենք նաև ծրագիր կազմողներին՝ մի՞թե կարելի է երեխաներին ստիպել ամեն օր տանը դասապատրաստման ընթացքում միջինը 7-8 էջ տեքստ գրել։ Կամ ինչո՞ւ է պահանջվում նույն առարկայից նվազագույնը երկու տետրի առկայություն՝ գործնական աշխատանք կատա­րե­լու համար։ Տետրերը կազմված են տվյալ առարկայի մասին երեխայի իմացությունը ստու­գելու համար՝ հարցերին պատասխանելու միջոցով։ Եթե անհրաժեշտ են այդ տետրերը, ապա ինչո՞ւ է պահանջվում նույն դասի վերջում գրված հարցերին էլ գրավոր պատասխանել մեկ այլ տետրում։ Եթե ամեն ինչ չի հանգում միայն կոմերցիոն նպատակով այդ տետրերի վաճառ­քին, ուրեմն գուցե պետք է բացառել նույն առարկայից լրացուցիչ տետրի (տետրերի) առկա­յու­թյու­նը։ Վերը նշված տետրերը կառաջարկեինք լրացնել տետրերն ստեղծողներին, քանի որ դրա­նցում որոշ հարցերի լիարժեք պատասխանները տեղավորելու համար հարկավոր է գրել այնքան մանր, որ կարդալուց անհրաժեշտ կլինի դիմել խոշորացույցի օգնությանը, իսկ որոշ դեպքերում էլ այդ տետրերում եղած հարցի պատասխանը դասի մեջ բացակայելու պատճառով, երեխան դիմում է ծնողի օգնությանը, իսկ եթե ծնողն էլ չգիտե, ապա՝ հանրագիտարանի օգնությանը։

Ուզում ենք հարցնել նաև, թե ինչո՞վ է պայմանավորված տարեցտարի նույն առարկայի վերաբերյալ մեկ այլ հեղինակի գրած գրքերի աճող մրցավազքը, որոնցում, ավելի ու ավելի բարդ և խճողված ձևով ներկայացվում է նույն բանը, ինչն էլ ավելի բարդացնում է մեր երեխաների համար տվյալ դասն ընկալելու հնարավորությունը։

Ամեն տարի հունիսի 1–ին մենք նշում ենք երեխաների պաշտպանության օրը, ցույց տալով ու համոզելով երեխաներին, որ նրանց շատ ենք սիրում ու ամեն ինչ անում ենք նրանց համար։ Սակայն արդյունքն հիշեցնում է հայտնի ասույթը՝ ուզում ենք ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ։

Շարադրվածը փորձենք ներկայացնել օրինակներով.

Օրինակ 1

10-11 տարեկան երեխայի (6-րդ դասարան) ուսումնասիրվող առարկաների քանակը, պահանջվող տետրերի քանակը, տնային հանձնարարությունների քանակը, տետրերում գրավոր աշխատանքների էջերի քանակը.

Ընդամենը՝ 19 տետր  (տետրերի թերթերի միջին քանակը 24)

Օրինակ 2

10-11 տարեկան երեխայի (6-րդ դասարան) շաբաթվա 1 օրվա դասերի քանակը,

1.    Հայոց պատմություն
2.    Հայոց լեզու
3.    Ֆիզիկական դաստիարակություն
4.    Ինֆորմատիկա
5.    Աշխարհագրություն
6.    Ռուսաց լեզու
7.    Անգլերեն

Օրինակ 1–ի աղյուսակում նշված թվերի հիման վրա փորձենք կատարել 1 օրվա գրավոր աշխատանքների էջերի փոքրիկ հաշվարկ.

1(2)էջ+2(3)էջ+1էջ+2(3)էջ+2(3)էջ+2(3)էջ=10(15)էջ

Հետաքրքիր է իմանալ ծրագրերը կազմող ընկերները 10(15)էջ տեքստը որքա՞ն ժամանակում կգրեին, կամ արդյո՞ք հնարավոր է միջին հաշվով օրը 7-8 էջ գրավոր աշխատանք կատարել միայն (11 տարեկան երեխային) չհաշված բանավոր դասապատրաստումը։ Հիմա կարծում ենք պարզ է, թե ինչու ենք պնդում, որ երեխաներն աշխատում են (կամ առնվազն նույն դիրքով նստում) օրը 12-14 ժամ։

Եթե դասերն սկսվում են առավոտյան ժամը 9։00–ին, ապա գումարելով 12-14 ժամ կստանանք լավագույն դեպքում երեկոյան ժամը 21։00–ն (հաշվի առնելով, որ երեխան օրվա ընթացքում նաև սնվում է, դպրոցից վերադառնալուց հետո հանգստանում մինչև դասապատ­րաստման սկիզբը, ապա ստացվում է, որ դասապատրաստումը տևում է լավագույն դեպքում մինչև ժամը 22։00)։ Հետևաբար երեխան կարող է քնել ամենաշատը 23։00–ից մինչև 7։30 ընկած ժամանակահատվածը, այն է՝ 8.5 ժամ  (մի՞թե 8.5 ժամ, կամ պակաս քունը  այդ տարիքի համար բավարար է)։

Համեմատության համար հաջորդ՝ 3–րդ օրինակում հիշողությամբ փորձել ենք կազմել մեր աշակերտական տարիներին՝ 10-11 տարեկան հասակում (4–րդ դասարան, 1975-1980թ.թ.) օրինակ 1–ի աղյուսակի նմանությամբ աղյուսակ.

Օրինակ 3

Ընդամենը 12 տետր (տետրերի թերթերի միջին քանակը 12), պայուսակները թեթև էին, դասերի քանակը՝ 4-5, (4-4.5ժամ), դասապատրաստման վրա ծախսված ժամանակը կազմում էր մոտ 3 ժամ։ Երեխային ժամանակ էր մնում խաղալու կամ զբաղվելու ինքնազարգացմամբ (սիրած գրքերի ընթերցում կամ խաղ)։ Երեխան աշխատում էր ընդամենը 7-8 ժամ (1 օրում), կարողանում էր ինքնուրույն կատարել տնային հանձնարարությունները առանց ծնողի օգնության, իսկ ծրագրերը նախատեսված էին միջին ունակությունների տեր երեխաների համար։

Մենք բերեցինք օրինակներ 10-11 տարեկան երեխաների համար։ Նույն իրավիճակն է նաև այլ տարիքի երեխաների մոտ։

Դիմում ենք առողջապահության նախարարի օգնությանը խնդրանքով՝ փրկեցեք մեր երեխաներին արատավոր (ֆիզիկական) մեծանալու բախտից։

Դիմում ենք նաև կրթության և գիտության նախարարին խնդրանքով՝ վերանայեք ծրագրերը՝ հաշվի առնելով սույն նամակում առաջ քաշված խնդիրները և պայմաններ ստեղծեք առողջ սերունդ ու արժանի հետնորդներ ունենալու համար։

Հավատացնում ենք, որ ծրագրերի բարդությունը, դասերի առատությունը չի հանգեցնի ավելի ուսյալ սերունդ ունենալուն, այլ հակառակը, կհեռացնի աշակերտին դպրոցից, որպես հետևանք նաև ծնողից, ատելություն կառաջացնի գրքի հանդեպ (ինչն արդեն նկատելի է), կաղճատի նրանց առողջական և հոգեբանական պատկերը։

Հարգանքով՝ մի խումբ դպրոցահասակ երեխաների ծնողներ

Hetq.am

Գրառումը կատարվել է Լուրեր, Կրթական համակարգ բաժնում։ Էջանշեք այս հղումը.