Որքան էլ ցավալի է, հայոց լեզվով ստեղծագործող ու աշխատող քիչ անհատներ են հասկանում, թե հայերենն ինչ ներուժ ունի։ Շատերն այն օգտագործում են որպես օտար լեզուներից մեխանիկորեն ընդօրինակված կաղապարների շարք։ Ընդ որում՝ այդպես են վարվում ոչ միայն օտարալեզու կրթություն ստացածները և ոչ միայն թարգմանություն անելիս։
Թերևս Հայաստանում ռուսալեզու դպրոցների երկարատև առկայության պատճառով է, որ հայերեն է թափանցել մի բառ՝ արդյունքում, որը քաղցկեղի ճանկերի նման սպառնում է ոչնչացնել մեր լեզվի կենդանի «հյուսվածքները»։ Այդ բառը խոսքի մեջ հիմնականում կապի դեր է կատարում և հավակնում է փոխարինել հայերենի բազմաթիվ ու բազմիմաստ մի շարք կապերի, հոլովների, ինչպես նաև միօրինակ դարձնել լեզվի բազմազան կաղապարները։
Դիտարկենք, օրինակ, ԶԼՄ–ներից վերցված հետևյալ նախադասությունը. «Դրանք իրենց կազմավորման և գործունեության արդյունքում խախտում են գործող օրենքներն ու բնապահպանական նորմատիվները»։ Այս նախադասության մեջ «արդյունքում» բառի փոխարեն պետք է լիներ «ընթացքում»։ Կարելի է նաև «հետևանքով»։ Մանավանդ՝ արդյունք ասելով՝ հայը հիմնականում հասկանում է որևէ գործողությունից մնացած դրական արգասիք, իսկ այստեղ խոսքը միայն բացասականի մասին է։
Ահա մեկ այլ նախադասություն. «Բայց երկարատև փաստերի ուսումնասիրությունների արդյունքում մենք պարզում ենք, որ դա կեղծ ահազանգ է»: «Երկարատև փաստեր» անիմաստ բառակապակցությունը թողնելով հեղինակի խղճին՝ անդրադառնանք «ուսումնասիրությունների արդյունքում» բառակապակցությանը։ Սա կարող էր լիներ՝ «ուսումնասիրություններից հետո», «ուսումնասիրությունների շնորհիվ», «ուսումնասիրելով» և այլն։ Թերևս հայերեն մտածող մարդը պարզապես կասեր՝ «Երկար ժամանակ ուսումնասիրելով փաստերը՝ մենք պարզում ենք, որ դա կեղծ ահազանգ է»։
«Մրցույթի արդյունքում նա հաղթող ճանաչվեց», «Ստուգումների արդյունքում 5,5 միլիոն դրամը վերականգնվել է պետբյուջե, մնացած գումարը ենթակա է վերադարձման», և այլն, և այլն։ Քանի՞ այսքան ավելորդ «արդյունքում» է ամեն օր խցկվում հայերեն խոսքի մեջ՝ այն դարձնելով միօրինակ ու անհետաքրքիր։ Նախ նշեմ, որ մեջբերված նախադասություններից առաջինում ուղղակի կարելի է ասել՝ մրցույթում հաղթող ճանաչվեց, իսկ երկրորդ դեպքում՝ «արդյունքում»–ի փոխարեն դնել «շնորհիվ», «հետևանքով» կապերը կամ միտքն արտահայտել այլ կաղապարով (օրինակ՝ «ստուգումներից հետո»՝ մտահոգություն չունենալով, թե խոսքի հասցեատերը վնասի հատուցումը և ստուգումները իրար հետ չի կապի)։
Ահա ևս մեկ կարկառուն օրինակ. «Ըստ Մ. Ավիլայի` կազմակերպության գործունեության արդյունքում էապես կրճատվել է կանանց մահացության ցուցանիշը»: Ոչինչ չասող «արդյունքում» բառի փոխարեն դնում ես «շնորհիվ», և հասկացվում է նաև հեղինակի վերաբերմունքը՝ կատարվածը լավ բան է։ «Ինձ չի հետաքրքրում, թե քաղաքական տվյալ ուժի շահերը ինչպես կբավարարվեն, ինձ հետաքրքրում է այն, որ դրա արդյունքում մարտի 1-ը ուղղակի չկոծկվի…»։ Այստեղ էլ ակնհայտորեն «արդյունքում»–ի փոխարեն «պատճառով» պետք է գրվեր՝ նաև մատնանշելով, որ խոսողը բացասաբար է վերաբերվում երևույթին։ Հետևյալ հատվածում էլ՝ «…եթե Լևոն տեր–Պետրոսյանն իր թիմի ճնշման արդյունքում երկխոսության հինական խնդիրը դարձնի արտահերթ նախագահական ընտրությունների հարցը…», մեզ հետաքրքրող բառակապակցությունը՝ «ճնշման արդյունքում», կարող էր լինել «ճնշման ներքո»։ Որոշ դեպքերում «արդյունքում» ձևն օգտագործվում է «որպես արդյունք» բառակապակցության փոխարեն, երբեմն՝ «դրա հետևանքով»–ի և այլն։
Օրվա մեջ մի քանի անգամ հայերեն խոսքում ու տեքստերում դեմ ես առնում ձևակերպումների, որոնցում «արդյունքում»–ը դրված է պարզապես անճարակությունից ելնելով։ Տտեսնում ես, որ հեղինակն այդ բառը խցկել է՝ միտքը մի կերպ ավարտելու համար, քանի որ այլ կերպ չի կարողացել։
Հայերենը բացառիկ լեզու է, որը հնարավորություն է տալիս երկարաշունչ խոսքի մեջ խուսափել կրկնություններից, միօրինակ ձևակերպումներից, և դրանից պետք է օգտվել։ Ուշագրավ է, որ փոխառությունները կոչված են հարստացնելու լեզուն, մինչդեռ ակնհայտ է, որ այս բառի պարագայում հայոց լեզվում հակառակ արդյունքն է գրանցվել։ Եվ խոսքը բնավ էլ «արդյունք» բառն իր տաբեր քերականական տեսքերով հայերենից բացառելու մասին չէ, այլ այն տեղին, պատճառաբանված կիրառելու։
Կարող եմ նշել, որ ինքս հոդվածներ կամ տարբեր բնույթի աշխատանքներ գրելիս երբևէ «արդյունքում» բառի կարիքը չեմ զգացել։ Հաշված դեպքերում թարգմանություններ անելիս եմ դեմ առել նման կաղապարների, սակայն մի քանի ձևեր ծանրութեթև անելով՝ միշտ գտել եմ միտքը հայեցի կառուցելու հնարը։ Բարեբախտաբար՝ մեր լեզուն դրա ներուժն ունի, հարկավոր է միայն լավագույն տարբերակը գտնել կարողանալ։ Որովհետև որքան էլ ծեծված խոսք է դառնում, չենք կարող ժխտել՝ լեզուն մտածողություն է։ Իսկ երբ դու, միտքդ հայերենով կառուցելու փոխարեն, պատրաստի, այն էլ օտարի կաղապարներ ես օգտագործում, մտածելու կոչված ուղեղդ պարզապես պահեստ ես դարձնում…։
Արմենուհի Փալանդուզյան