Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). I

Հանրությանը մատուցվող հատորը լրագրողական երկարամյա փորձի յուրատեսակ թանձրացում է` հասցեագրված բոլոր նրանց, ովքեր այս մասնագիտությունն ընտրել են սրտի կանչով և մտահոգ են ոլորտին սպառնացող իրական վտանգով:

Հեղինակն ասելիքն ամփոփել է չորս բաժնում. «Ինքնախոհագրությունը» ժամանակակից հայ լրագրության համապատկերի վերլուծությունն է` երբեմն հագեցած ինքնակենսագրական դրվագներով, երբեմն՝ ոչանձնական տպավորություններով կամ քնարական շեղումներով: Նշանակետն այն անբեկանելի դրույթն է, որ լրագրողն արդարության մարտիկ է, իսկ լրագրությունը` ոչ թե սոսկ մասնագիտություն կամ սովորական բնագավառ, այլ հասարակությանն ազնվացնող, մաքրագործող  առաքելություն:

«Սխալների ողբերգություն» բաժինը վերլուծական զգալի աշխատանքի արդյունք է, այն ընթերցողի ուշադրությունը կբևեռի մեր լեզուն աղճատող սխալներին և կմատուցի ճիշտ ձևերը: Այս բաժնի կարևորությունը գնահատելու համար հարկավոր է հաշվի առնել մի պարզագույն ճշմարտություն. որևէ լեզվի աղավաղում նրա կործանման առաջին փուլն է, երկրորդ փուլում սկսվում է տեղապտույտը, որն ավելի սարսափելի անուն ունի՝ զարգացման արգելակում: Հաջորդում է ճահճացումը՝ ստույգ ոչնչացումը: Այսօր հայերենն աղավաղվում է մի խելագար հրճվանքով,  թշնամանքի մի անբացատրելի մոլուցքով, որոնք կասեցնելը յուրաքանչյուր հայ մտավորականի սուրբ պարտականությունն է:

«Գործածական բառացանկը» կազմվել է տարիների ընթացքում, այն երբևէ տպագրելու մտադրություն չի եղել: Սակայն հեղինակը նպատակահարմար գտավ ներառել այս հատորում, քանի որ շոշափելով կյանքի ամենատարբեր ոլորտները` ցանկը կօգնի առանց դժվարության գտնել մեր գրավոր ու բանավոր խոսքը հեղեղած օտարաբանությունների հայերեն նոր` առավել դիպուկ և բարեհունչ տարբերակները:

«Երկրորդ հրապարակում» այսպես է կոչվում ակնարկների, հոդվածների և հարցազրույցների այն փունջը, որը զետեղվել է մեկ նպատակով` տեսական նյութը ներկայացնել օրինակներով և օրվա ելևէջներով:

Աշխատությունը հավակնում է դառնալ մի փոքրիկ լապտեր՝ ուղղված լրագրություն լեռանը՝ ստորոտից մինչև գագաթ և հակառակը:

ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Հրաչուհի Փալանդուզյան

«Սխալների ողբերգություն»,  բաժին II, մաս I

«Այդ դո՞ւ ես, ո՜վ տգիտություն, ես գիտեի, որ դու մի օր ինձ կհաղթես»

Չգիտեմ ու չեմ էլ կարող կռահել, թե իմաստունն այս հուսահատ բառերն արտաբերելու ինչ պատճառներ է ունեցել, բայց համոզված եմ, որ եթե մահվան շեմին չի եղել՝ ճիշտ իմ հոգեվիճակում է եղել: Մեր փառապանծ խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց լեզվի և հանրակրթության մասին օրենքների այն փոփոխությունները, որոնք Հայաստանի 15 դպրոցներ կմատնեն հայափոխության: Շեֆացած օտարամոլներն իրենց ժառանգներին արտասահման ուղարկելու փոխարեն որոշել են նրանց տեղում օտար դարձնել: Փողն ափսոս է: Սա անպայման նախասկզբնական նպատակն է, իսկ հետևանքները շատ ավելի պարզ են. որպեսզի այդ վայրերը բոլոր փողատերերին ու քաղքենիներին բավականացնեն՝ շատանալու են, 15-ը միայն նախնական կեղծ թիվն է:

Այնուհետև հասարակության բևեռացումն է խորանալու: Այնուհետև արտագաղթը… այնուհետև հակահայերի թիվը… այնուհետև…

Օրենքներ են փոխում, երբ մայրենի լեզվով գոնե մի պարզ համառոտ նախադասություն չեն կարողանում կազմել, անտեղյակ են հայագանձի տարրական նրբություններից ու ընդամենը կենցաղային-խոհանոցային խղճուկ լեզվի կրողներ են: Ամենաշատը կարողանում են սրանից-նրանից լսած սարքովի արտահայտություններ կրկնել, հիմնականում՝ սխալ կամ զավեշտական: Իրենց հետ էլ՝ գրեթե ամբողջ հասարակությունն է այս վիճակում: Փոխանակ հայոց լեզուն մահվան ճիրաններից փրկելու՝ դահիճի կացինն են ձեռքներն առել:

Այդուամենայնիվ չեմ ուզում ընդունել, որ պարտված ենք: Հենց ես վերջին ճիգով փորձելու եմ տգիտության դեմ պայքարել և գոնե մամուլում ու եթերում հայոց լեզվի տանելի մակարդակ ապահովել, համենայնդեպս՝ այդ մակարդակն առաջարկել:

«Ապահովել» բառը, համոզված եմ, ներողամիտ  ժպիտ չէ՝ քմծիծաղ էլ կարող է առաջացնել, բայց ես թերահավատներին խորհուրդ եմ տալիս ավելի դժնդակ պատմափուլեր հիշել, որոնք վաղուց խառնվել են տիեզերական փոշուն, մինչդեռ հայերենը ոչ թե պարզապես մնացել-գոյատևել է, այլ շարունակել իր վերընթաց երթը:

Հենց այս բաժնում փորձելու եմ ներկայացնել մեր լեզուն խեղաթյուրող, պղծող ու կործանող սխալները և դրանց ուղղումը: Բոլորից լավ եմ հասկանում՝ դա ոչ հաճելի, ոչ էլ դյուրին գործ է. ահա արդեն քանի ամիս է՝ հավաքում-գրառում եմ խմբագրածս նյութերում, մամուլում, գրքերում ու հեռուստատեսային եթերում կուտակված անհամար սխալները: Գոյացել է մի ահռելի նյութ, մի անծայրածիր ճահիճ, որը հաղթահարելու համար ոչ միայն փորձ ու գիտելիքներ, այլև ծով համբերություն է պետք: Դեռ չեմ խոսում այն մասին, որ չգիտեմ, թե գրածս ամբողջ շարադրանքն ինչպես եմ հրատարակելու՝ իմ այս անկռիվ բնավորությամբ ու հրատարակչական աշխարհը լավ ճանաչելու խանգարիչ բեռով:

Բայց ինչ արած, մեկը պետք է ժամանակ ու ջղեր ներդնի թեկուզև այսքան անշնորհակալ գործում: Քավ լիցի, չեմ անտեսում մյուս մտավորականների արածը, նրանց ելույթներն ու հոդվածները, ամեն դեպքում ես իրերի բերումով արդի լրագրության կիզակետերից մեկում եմ, ուր խաչվում են հանրության գրեթե բոլոր խավերի մտքի արգասիքները, երբեմն հաճելիորեն զարմացնող, սակայն մեծ մասամբ՝ ընկճախտի հասցնող: Արդեն հասկանում եմ մի տառի համար ինքնասպանություն գործած ռուս մարդուն: Ի դեպ ռուսերենի մասին. գրեթե ամեն օր այդ լեզվից թարգմանված մի քանի հոդված եմ խմբագրում և ամեն անգամ սարսափահար լինում, թե խորհրդային ռուսամոլությունն ինչ ավերմունք է գործել մեր լեզվում: Եվ դեռ պետք է պատրաստ լինենք այլևայլ լեզուների գրոհին, նայած թե մեր քաղքենիների քիմքը դրանցից որին կհասնի:

Ճիշտ տարբերակներ առաջարկելով՝ ես մտադիր չեմ լեզվաբանական դատողություններ անել, հիմնավորումներ բերել: Բանասիրական կրթություն ունենալով և ամբողջ կյանքում լեզվի խնդիրներով հետաքրքված լինելով, իհարկե, կարող եմ գիտելիքների զորահավաք անել, սակայն դրա կարիքն ամենևին չկա: Նախ՝ ավելի ճիշտ կլինի, եթե շահագրգիռ ընթերցողն ինքը դասագրքեր ու բառարաններ բացի, դա կամրակայի նրա հիշողությունը, և հետո՝ անմիջական խոսքն ավելի տպավորիչ է. ինչը հնարավոր չէ անել երկար-բարակ դատողություններով, այն կանի արագ և մեկընդմիշտ:

Նման մի վերլուծություն կամ երևի հանդգնություն ասեմ, ես պարտավոր եմ կատարել մեկ այլ պատճառով ևս: Սովորաբար լեզվի հարցերն արծարծում են հմուտ լեզվաբանները, ովքեր, բնականաբար, նրա օրինաչափություններն ամենալավը գիտեն: Բայց մի ցավալի հանգամանք կա` նրանք գրեթե միշտ մնում են տեսության սահմաններում, գեղարվեստական գրականություն կամ թեկուզ լրագրություն չեն ստեղծում, այսինքն կենդանի լեզվի կրողներ չեն դառնում: Այդ պատճառով էլ հաճախ անհաղորդ են մնում զարգացման միտումներին և երբեմն էլ կռիվ են հայտարարում նորարարներին:

Իրերի բերմամբ լրագրողական աշխատանքը զուգորդելով խմբագրականին` ես գլխովին մխրճվել եմ մեր լեզվի ծալքերի ու շերտերի, անկում-վերելքների, նրբությունների ու ոլորանների մեջ: Յուրաքանչյուր աղավաղում, կորուստ կարծես սրտիս նետված շեշտակի սլաք է: Վերջերս իմաստասեր ինքնահռչակված մի գրագետի հարցազրույց կարդացի, ուր նա առանց թաքցնելու ուզում էր ապացուցել, թե հայոց լեզուն «կոնսերվատիվ» է, նրանով հնարավոր չէ խոր մտքեր արտահայտել, լիարժեք թարգմանություններ ստեղծել, ավելին, այն խանգարում է մեր պետության զարգացմանը: Նրա քարոզի իմաստն այն է, որ հայերենը պետք է լցնել օտարաբանություններով, եզրույթները չհայացնել, այսինքն մեր ամբողջ հարստությունը թողնել դարերի փոշուն:

Չեմ վիճի, որովհետև շատ լավ գիտեմ նման «դատողությունների» իսկական ակունքը կամ որ ավելի իրական է` նման ականների տեղադրման դրդապատճառները, միայն ուզում եմ հայտարարել` ինքս հոդվածներ կամ գրական ստեղծագործություններ գրելիս երբեք օտար բառերի կարիք չեմ զգում, հայերենն իրեն ապավինողին բոլոր հնարավորություններն ընձեռում է, այդ թվում` նոր բառեր ու արտահայտություններ ստեղծելը: Մեր շատ գրողների երկերում ևս, որոնք լի են մտքի սլացքներով, բարդ դատողություններով, համամարդկային խոկումներով, իշխում է գունագեղ, իմաստուն ու ճկուն հայերենը: Բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ հենց այս որակներ են արթնացրել հայոց լեզվի հակառակորդներին, հենց նրանց դիվային ու դավադիր ջանքերն են ասպարեզը հագեցրել տգետների մարտնչող բանակով:

Այլ հիմքեր էլ ունեմ համոզված լինելու, որ այս վիճակը կարելի է շատ կարճ ժամանակում հաղթահարել` հայերենին վերադարձնել իր շուքն ու զորությունը: Վերացնելով ներքոբերյալ թերությունները` հայերենը զարգացման նոր խթան չէ, թռիչք կպարգևի իր կրողին` հայ ժողովրդին: Ահա թե ինչու է հրատապ սխալների այսօրինակ ուղղումը: Ուզում եմ հուսալ, որ սա մի փոքրիկ, գործնական ձեռնարկ կդառնա ինչպես ապագա լրագրողների ու հաղորդավարների, այնպես էլ արդեն աշխատող, բայց մեղմ արտահայտվենք` ոչ այնքան առաջադիմող հանրային գործիչների համար:

Եվ մինչև բուն առաքելությանս դառնալը` ուզում եմ  մեր պատկան ատյանների տնօրինողներին մի խորհուրդ տալ. լավ է, որ մենք լրագրություն ուսուցանող բազմաթիվ կրթօջախներ ունենք, բայց արդեն հրատապ է դրանցում խմբագրական տարրական գիտելիքներ տալը, այսինքն հատուկ մասնագետ-խմբագիրներ կրթելը: Հասկանում եմ, թե այդ գործն իրականացնելու համար կադրային ինչ խոչընդոտ է ծառանալու, սակայն այլ ուղի չկա:

Հարկավոր է զորաշարժի ենթարկել դեռևս առկա ներուժը, այն ներդնել կրթական գործընթացում, որպեսզի ամենամոտ ապագայում հնարավոր լինի բոլոր խմբագրությունները և հեռուստառադիոծրագրերն ապահովել խմբագրի հաստիքներով: Նման մասնագետների կարիք ունեն նաև պետական մարմինները, խորհրդարանը, հասարակական կազմակերպությունները, էլ չենք խոսում կրթական համակարգի մասին, որը պետք է բավարար մակարդակ ունենա առաջին հերթին: Թեկուզ մեկ ուսուցիչ կամ դասախոս չպետք է սխալ հայերենով դասավանդի:  Ստեղծագործական ամբողջ փորձս վկա բերելով հավաստիացնում եմ, որ առանց նման քաղաքականության հայոց լեզուն իսկապես անդառնալիորեն կխաթարվի:

Մնացած հետևանքների մասին մտածենք միատեղ և միաշունչ, իսկ որ ավելի խելամիտ է` իսկույն ևեթ սկսենք դրանց կանխումը:

Շարունակելի …

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Զրույցներ լեզվի մասին, Խախտումներ, Հայերենագիտություն, Հատուկ, Հրապարակախոսական, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.