Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). II

«Սխալների ողբերգություն»,  բաժին II, մաս II

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Արդյունքում

Հայերենում այսօր տարածված որոշ արտահայտություններ ու բառեր առանց այլևայլության պետք է արգելել, քանի որ դրանք կամ մակաբույծ են, կամ սխալ իմաստներով են գործածվում: Ժամանակակից հայերենն ապականող բառերից մեկը «արդյունքում»-ն է, որը ռուսերենի մեքենայական կապկում է և ոչ մի առնչություն չունի մեր լեզվամտածողության հետ: Այդ բառի փոխարեն պետք է գրել «հետևանքով», «շնորհիվ», «պատճառով» և այլն: Ըստ որում եթե ռուսերենում որակական տարբերություն չի դրվում` այդ արդյունքը դրական է, թե բացասական, հայերենում շատ որոշակի անջրպետ կա` արդյունքն արգասիքն է, դրական իմաստ ունի, իսկ հետևանքը` բացասական: «Արդյունքում»-ից պարզապես պետք է հրաժարվել, դա հայերեն չէ, ինչպես հետևյալ «միտքը». «Նայելու արդյունքում  նա տեսավ»:

Վերջինս

Բառն օգտագործվում է, եթե հաջորդում է թվարկմանը. «Հանդիպմանը ներկա էին արվեստագետներ, գիտնականներ, պատգամավորներ, ինչպես նաև մշակույթի նախարարը: Վերջինս խոսեց մշակութային քաղաքականության մի քանի դրույթների մասին»: Մնացած բոլոր դեպքերում բառը սխալ է գործածվում և հիմնականում փոխարինում է դերանվանը:

Կարդալով հայ մամուլը, լսելով հեռուստատեսային ելույթները կամ հայտնի մարդկանց խոսքը` կարելի է մտածել, թե մեր լեզվում դերանունն իսպառ վերացել է` տեղը զիջելով այս  կապկումին: Ճիշտ իմաստը հասկանում են միայն եզակի գիտակները, ուստի հարկավոր է մյուսների խոսքում այս բառն ուղղակի արգելել: Դա կլինի ոչ թե ինքնանպատակ քայլ, այլ լեզուն մաքրելու պարտադիր միջոց: «Վերջինս»-ի հեղեղումն ապացուցում է, թե լեզուն աշխատանքային գործիք դարձրածների համար որքան փոքր նշանակություն ունի նրա իմացությունը` բավական է մեկն ինչ-որ նոր ձև կիրառի` անգետների բանակը սոված գայլի ախորժակով հարձակվում է ու …այս դեպքում մայրենին է հոշոտվում:

Ի դեպ երբ ասում եմ արգելել` նկատի ունեմ տվյալ լրատվամիջոցը կամ հրատարակչությունը: Թեև պետությունն էլ կարող է դա անել:

Դե ինչ

Կրկին անմիտ կապկում: Հատուկ է հատկապես հեռուստառադիո հաղորդավարներին, ովքեր իրենց նեղություն չեն տալիս նոր արտահայտչամիջոցներ գտնել,  գնում են տրորված ճանապարհով` կրկնում են ուրիշներին: Իրեն հարգող յուրաքանչյուր հաղորդավար ու լրագրող պետք է ունենա սեփական բառապաշարը և արտահայտությունները: Միայն այդ պարագայում կարժանանա ունկնդրի վստահությանը և հարգանքին: Այլապես նա ընկալվում է որպես խղճուկ նմանակող, իսկ դրան սովորաբար հաջորդում է ալիքի փութկոտ փոփոխությունը:

Այս պահին

Կարծես հայերենն այլ համարժեքներ չունի, աշխարհն սկսվում ու ավարտվում է այս երկու բառով: Այս եզրակացությանն ես գալիս հատկապես ուղիղ եթերները դիտելիս-լսելիս: Այս երկու բառերի գրոհին դիմանալու համար երկաթե նյարդեր պետք է ունենալ, և զարմանալի չէ, որ հեռուստադիտողը նախընտրում է քիչ թե շատ տանելի հաղորդում գտնել:

Ինքը

Սա ևս տգիտության ուղիղ ցուցիչ է՝ «ինքը լավ կոշիկ է»: Այս բառը թեթև ձեռքով փոխարինվում է ցանկացած հասկացությամբ, իսկ իրականում դիմացինի լեզվական սնանկությունը մատնող բացահայտ միջոց է: Հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեր հայտնիների համար «ինքն» է թե տեսահոլովակը, թե կյանքը, թե խորտիկը, թե հոգին, ամեն, ամեն ինչ: Մեկը սխալմամբ արտասանել է, և ահա բոլորն շտապում են նրանից հետ չմնալ` չմտածելով տեղի ու նշանակության մասին: Դա այն բառերից է, որոնք հարկավոր է բառապաշարից դեն նետել:

Նրան ասա, որ նրան կանչել եմ

Իսկ այս դեպքում հենց «ինքը»-ի կարիքը կա: Անսխալ հայերենը սա է. «Նրան ասա, որ իրեն կանչել են»: Հակառակն օտար մտածողության հետևանք է, ավաղ, ահավոր չափերի հասած: Նա-ինքը-ի այս խառնիճաղանջում մոլորվում են մինչև իսկ շատ գրողներ ու լեզվաբաններ: Ինչ պահանջես շարքային լրագրողներից: Այդուհանդերձ ոչ միայն պահանջել, այլև պարտադրել է պետք, չէ՞ որ լրագրողն այսօր ամենաերևացող դեմքն է, նրանից ակնկալում են ոչ միայն ճշմարիտ, այլև ճիշտ խոսք լսել:

Հանդիսանում է

Մերժելի ռուսաբանություն է: Հայերենում ոչինչ չի հանդիսանում, սա ավելորդ, մակաբույծ բառ է, առանց որի մեր լեզուն հիանալի յոլա է գնում: «Գիրքը հանդիսանում է քաղաքակրթական արժեք» ասելու փոխարեն պետք է ասել` «Գիրքը քաղաքակրթական արժեք է »: Մի փուչ բառ դեն ենք նետում և ունենում հակիրճ, զուլալ ու իմաստավոր խոսք:

Կայանում է

Կրկին ավելորդություն է, ռուսերենի տառացի թարգմանություն: Այս բառը մեր խոսքին ոչինչ չի տալիս, ընդհակառակը` խլում է նրա դիպուկությունը, ուստի անհրաժեշտ է այն թողնել որպես ռուսերենի մենաշնորհ: «Նրա հաջողությունը կայանում է վարպետության մեջ»: Ոչ. «Նրա հաջողությունը վարպետության մեջ է»: Սա է մեր լեզվին բնորոշը:

Խոսքը գնում է

Հայերենում խոսքը ոչ թե գնում, կանգնում, պառկում կամ սողում է, այլ լինում է ինչ-որ բանի կամ մեկի մասին: «Խոսքը գնում է գրականության մասին»-ը սխալ է, ճիշտ է «Խոսքը գրականության մասին է» ձևը:

Պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնել

Հայերենին անհարիր ձևեր են, մի բան ասելու համար մենք կարիք չունենք երկար-բարակ խոսելու, նախապատրաստվելու կամ ժամանակ շահելու: Հայն իր միտքն արտահայտում է ուղղակիորեն՝ ասում եմ, նշում եմ, տեղեկացնում եմ: Իսկ եթե ուզում է նրբերանգներ նշել` գործածում է «ի դեպ», «իմիջիայլոց» և այլ բառեր:

Կողմից

Հայոց լեզվի քննաթերթիկներում մի ժամանակ այսպիսի օրինակ կար. «Անտունի» երգը գրվել է Կոմիտասի կողմից»: Նույնիսկ` «Ծառն օրորվում է քամու կողմից»: Այս անհեթեթությունները, բնականաբար, քննատոմսերից հանվեցին, բայց «կողմից»-ի տիրակալությունը մեր լեզվում շարունակվում է:

Գրում են. «Եվրամիության նախագահի կողմից ասվել է»: Ինչ է, նախագահը չի՞ կարող միանգամից արտահայտվել. «Եվրամիության նախագահն ասել է»:

Մի կողմից, մյուս կողմից

Սա էլ այլ կարգի սխալ է: «Նա մի կողմից խոստովանել է, մյուս կողմից փորձել պատասխանատվությունից խուսափել»: Ճիշտ է հետևյալը. «Նա խոստովանել է, միաժամանակ փորձել պատասխանատվությունից խուսափել»: Կամ. «Նա խոստովանել է, բայցև փորձել պատասխանատվությունից խուսափել»:

Հիմքում ընկած է

Գալիս է ռուսերենից, և եթե այդ լեզվում տեղին է հնչում, հայերենը դարձնում է ծիծաղելի. իսկ գուցե հիմքում ոչ թե «ընկած է», այլ տեղադրված, հառնած կամ կարկառա՞ծ… Ուրեմն  «Տեսության հիմքում ընկած է այսինչ գաղափարը» նախադասությունը հայեցի չէ, ճիշտ է` «Տեսության հիմքն այսինչ գաղափարն է»:

Մեզ մոտ կստացվի

«Ես հավատում եմ, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի»: «Նրա մոտ անգլերենը զարգացած է»: Համանման անհեթեթությունները հայերենում սփռված են, ինչպես աշնանը` դեղին տերևները: Մեր լեզվում «մոտ» բառը ճշգրիտ իմաստ ունի, նշանակում է կողքին, մերձակայքում, ոչ հեռու: Ռուսերենից անմտած պատճենված այս բառը, չեմ վարանում ասել, խեղաթյուրում է հայերենը, իմաստազրկում մեր բարձրակարգ լեզուն: Հասկանալի է, որ շատերն այս բառն օգտագործում են սովորույթի ուժով, բայց նաև ակնհայտ է, որ դա մտքի ծուլության նշան է, մարդիկ չեն ուզում մտածել, փնտրել, գտնել ճիշտ արտահայտչաձևը: Վերևի նախադասությունը հայերեն այսպես կհնչի. «Ես վստահ եմ, որ դու ամեն ինչ կհաջողես» կամ` «հաջողության կհասնես»:

Իրենից ներկայացնում է

«Դա իրենից ներկայացնում է բազմահարկ շենք»: Եթե իրենից չներկայացնի` բազմահարկ շենք չի՞ կոչվի: Կամ առհասարակ` ռուսերենի այդ երկու բառերի անքննադատ թարգմանությունը հայերենին ի՞նչ է տալիս: Բացարձակապես ոչինչ, այնինչ խարխլում է նրա տրամաբանական ամրությունը: «Դա բազմահարկ շենք է»: Սա է հայերենը` կարճ և առանց ավելորդության:

Ինչո՞ւմն է բանը

Առանց օրինակներ բերելու` միանգամից նշենք ճիշտ տարբերակները. «Ի՞նչ է պատահել», «Ի՞նչ է եղել», «Ի՞նչ կա»:

Դա

Որևէ մարդու լեզվական գիտելիքներն ստուգելու համար կարելի է ուշադրություն դարձնել հենց այս բառին: Եթե նա ասում է` «Երաժշտությունը դա իմ հրապուրանքն է» կամ «Լեզուն դա մտածողություն է»՝ նշանակում է երբևէ չի մտածել դա-ի նշանակության կամ նպատակահարմարության մասին, այսինքն չի ճշտել, որ երկտառանի այդ կարճ բառն իրականում լեզվական մեծ խոչընդոտ է: Ինչը հարազատ է ռուսերենին, հայոց լեզվին կարող է միայն խանգարել, ինչպես այս պարագայում: «Երաժշտությունն իմ հրապուրանքն է», «Լեզուն մտածողություն է». ահա ճիշտ հայերենը:

Կարծիքը կիսել

Մեր ազգին ոչ կարծիք կիսելն է հատուկ, ոչ տպավորությունը, ոչ էլ նույնիսկ զգացմունքը: Մենք դրանք փոխանցում ենք, հաղորդում, իսկ կիսում ենք այն առարկան, որը պետք է երկու հավասար մասի բաժանել, օրինակ հացը, քարը, թուղթը… Փոխաբերական իմաստով էլ ասենք պատմությունը կարող ենք կիսել: Մնացած «կիսումները» օտարամոլություն են կամ թարգմանական արվեստի չիմացություն:

Հարցը բարձրացնել

Բարձրացնում են ծանրությունը, որևէ առարկա, ընկած կամ մի կողմ շպրտված արժեք: Դա մարմնի որոշակի գործողություն է, կարող է նաև վերացական հասկացություն լինել, սակայն հարցին երբեք չի առնչվում: Թող դա անեն ուրիշ ազգերի ներկայացուցիչները. մենք հարցը ոչ թե բարձրացնում ենք, այլ քննարկում, շոշափում, արծարծում, բարձրաձայնում, վեր հանում:

Ակնոցներ

Ռուսաց լեզվի բառապաշարը հարուստ է առարկայի զույգ իմաստ պարունակող ձևերով, դրանցից է նաև «ակնոցները»: Բայց մենք հո գիտենք, որ խոսքը մի հատիկ առարկայի մասին է, ուստի այն պետք է գործածել եզակի թվով: «Իմ տատիկն արդեն ակնոց է դնում»: Այսպես կասի անգամ ամենափոքրիկ հայ երեխան, եթե դաստիարակված լինի կիրթ ու ազգասեր ընտանիքում: Նրանից արժե օրինակ վերցնել:

Գլխարկ հագնել

Ուրիշ ազգերը միգուցե իսկապես ակնոց, ձեռնոց ու գլխարկ են հագնում, բայց մենք դրանք կրում կամ դնում ենք: Բացատրություններ ու հիմնավորումներ պետք չեն` սրանք այն իրողություններն են, որոնք «ինչու» հարցը չեն հանդուրժում:

Դասել շարքը

Դասում են շարքին, թվին, կարգին, և սա վիճելի հարց չէ, հայերենի քերականական օրինաչափություններից է:

Տակ

Ռուսաց լեզվում այս բառի իմաստը մեկեն ըմբռնելի է, իսկ հայերենում շփոթի տեղիք է տալիս: Երբ մոսկվացին ասում է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իր քաղաքի տակ թեժ մարտեր են ծավալվել, նա նկատի չունի հենց Մոսկվայի ընդերքը, ուր կոյուղին ու էլեկտրալարերն են, այսօր էլ` մետրոն, այլ նրա մերձակայքը: Այդպես էլ պետք է արտահայտվել հայերենում, այսինքն  օգտագործել հայերենի համարժեքները, ոչ թե պատճենված ու խորթ «տակը»:

Նպատակ հետապնդել

Ինչո՞ւ հետապնդել, նպատակն ինչ-որ հանցա՞նք է գործել: Խոսքն արդյոք նպատակ ունենալու մասին չէ՞: Կամ էլ նպատակադրվելու:

Անհայտ կորած

Հայտնի կամ անհայտ լինելն այս արտահայտության մեջ որոշիչ չէ. խոսքն այն մասին է, որ մարդը կորչում է առանց հետք թողնելու` անհետ: Այսինքն նրա մասին ոչինչ հայտնի չէ, տեղեկություն չկա, փաստեր ու վկայություններ չկան: Այս արտահայտությունն աղավաղված են օգտագործում նույնիսկ որոշ կազմակերպություններ, որոք իրենց առաքելությունը դարձրել են անհետ կորածների մասին տվյալներ հավաքելը կամ նրանց ընտանիքներին օգնելը: Ավաղ, այս երկու տխուր բառերը մեր կյանքում վերահայտնվեցին Արցախյան ազատամարտից հետո, բայց նույնիսկ այդ պարագայում հարկ է լեզվի կանոնները պահպանել: Ուրեմն անհետ կորած` անհայտ կորածի փոխարեն:

Շարունակելի …

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Զանազան, Զրույցներ լեզվի մասին, Խախտումներ, Հայերենագիտություն, Շտեմարան, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.