Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). III

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս III

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Ծանոթանալ հետ

«Զբոսաշրջիկները ծանոթանում են մեր քաղաքի հետ»: Որքան տարածված և սխալ խոսք: Ծանոթանում են մարդու հետ, իսկ առարկաների պարագայում բավարար է միայն ճիշտ հոլովը` քաղաքին:

Էլ ավելի

Կարճենք` «էլ»-ը մեր խոսքին ոչինչ չի տալիս, միայն անհարկի ծանրաբեռնում է: «Ավելի» բառը նախադասության միտքն ինքնին իմաստավորում է: «Այդ դեպքն էլ ավելի ամրապնդեց նրանց մտերմությունը» նախադասությունից ջնջելով «էլ»-ը` ունենում ենք հակիրճ ու դիպուկ խոսք` առանց կորուստ ունենալու:

Լայն հասարակություն

Թարգմանիչների «նվերն» է. փոխանակ գրելու «հասարակության շատ շերտեր կամ խավեր »` «հայտնագործել» են այս անհեթեթությունը և փաթաթել նույն հասարակության վզին: Կրկնողներն էլ գոնե մի ակնթարթ չեն ուզում պատկերացնել, թե օրինակ ինչպիսին կարող է լինել այդ «լայն» հասարակությունը` փքվա՞ծ, ձգվա՞ծ, թե ասենք` ուռճացված: Իսկապես, անհեթեթ է հնչում, հետևաբար անհրաժեշտ է դեն նետել այդ բառազույգը և գտնել հայոց լեզվին շատ ավելի համահունչ որոշիչներ, օրինակ` մեծաթիվ մարդիկ, հասարակության հազարավոր ներկայացուցիչներ և այլն:

Պարտվել մեկին

Մեր մարզական մեկնաբանների սիրելի արտահայտությունն է, ըստ որում մասնագետները որքան շատ են նրանց ուղղում, այնքան մեծ համառությամբ են կառչում այդ սխալից: Փորձենք մտորել. ինչպե՞ս կարելի է մեկին հաղթվել: Մեկից հաղթվում են: Նույնը վերաբերում է «պարտվել» բառին` մեկից պարտվում են: Նույնիսկ խոսակցական «կրել»-ը բացառական հոլով է պահանջում` մեկից կրվել: Իսկ մեկին տանուլ են տալիս: Ըստ որում մեր շատ մեկնաբաններ խոսում են բավականին տանելի հայերենով, բայց հենց հասնում են այս կետին` խոսքները մեկ արած սխալն են կրկնում: Հայերենից մի պարտվեք, սիրելիներ, ձեզնից բյուրավոր մարդիկ են սովորում:

Դասերը պատրաստել

Իհարկե, ռուսերենն է մեր լեզուն այս արտահայտությամբ «հարստացրել»: Բայց ռուսերենն ինչ մեղք ունի, երբ ինքնես ենք սեփական լեզուն յուրացնելու փոխարեն օտար լեզվի գերին  դառնում: «Պատրաստել» բայը ճիշտ է առարկաների վերաբերյալ կիրառել, օրինակ` աթոռ պատրաստել, իսկ դասերին համապատասխանում է սովորելը: «Դաս սովորել ». հակիրճ է և ճիշտ:

Ճաշ պատրաստել

Հայերեն է մուտք գործել նույն ճանապարհով և այնպես է արմատակալել, որ հեռուստաեթերը նվաճած խոհարարները միաձայն մոռացել են հայերեն «եփել» բառը: Նրանք տեղի-անտեղի կրկնում են այդ բառակապակցությունը` իրենց հաշիվ չտալով, որ խոսում են հայկական լսարանի համար, ուստի պարտավոր են շինծու խոսվածքը փոխարինել ճիշտ հայերենով և որպես կարևոր պարտականություն` փնտրել-գտնել նաև ճաշատեսակների հայերեն անվանումները: Թող դա էլ չանեն, գլուխը քարը, բայց գոնե պատրաստելու փոխարեն եփեն ու թխեն: Իսկ աղցանը, այո, կարելի է պատրաստել:

Գնի թանկացում

Ապրանքները թանկանում կամ էժանանում են, իսկ գները` բարձրանում կամ իջնում, աճում կամ նվազում: Գները չեն թանկանում և չեն էժանանում:

Տարբերեք, ի սեր Աստծո, մանավանդ եթե տնտեսագետ կամ բարձրաստիճան պաշտոնյա եք:

Հրավերք

Պատկերացրեք` շքեղ ռեստորան կամ պուրակ, ծանրաբեռ սեղաններ, նվագախումբ, տոնականորեն զարդարված ուրախ մարդիկ: Սա հրավերքն է` խնջույքը: Մարդիկ այստեղ եկել են հրավերով, այսինքն կանչով, բայց մասնակցում են հրավերքի` այսինքն խրախճանքի: «Նա ինձ հրավերք է ուղարկել»: Ոչ, նա ձեզ հրավեր է ուղարկել: Անշուշտ բացառված չէ, որ միասին մասնակցեք որևէ հրավերքի:

Անգլերեն լեզու

«Երեն»-ը ենթադրում է լեզու: Երբ դուք ասում եք` անգլերեն լեզու` կրկնաբանում եք, այսինքն ավելորդաբանում և… սխալվում:

Օրեկան, ամսեկան

Սխալի արմատը «տարեկան» բառն է: Ճիշտ տարբերակն իմանալու համար ընդամենը պետք է բառերը մասնատել. «տարի» բառը վերջանում է ի-ով, որը ա հոդակապին միանալով տալիս է իա, սա էլ հայերենի կանոններով դառնում է ե, այսինքն ունենում ենք «տարեկան»: Իսկ օր և ամիս բառերն այլ կերպ են բառաբարդվում` «ական »-ի ավելացմամբ «ամիս»-ից ի-ն սղվում է, իսկ «օր»-ը պարզապես միանում է վերջածանցին, և ունենում ենք «ամսական», «օրական» ճիշտ ձևերը:

Մեղանչել

Ճիշտ կլինի այս բառը կոչել փորձաքար, որովհետև բուն իմաստը շատ քչերը գիտեն: Մեղանչելը մեղք, հանցանք, ոճիր գործելն է, պետք չէ շփոթել մեղքը քավելու, ապաշխարելու կամ մեղքը խոստովանելու հետ:

Եղկելի

Գրեթե առանց բացառության` այս բառի իմաստը շփոթում են «նողկալի»-ի հետ: Եղկելի նշանակում է խղճալի, ողորմելի, արգահատելի, կարեկցության արժանի, ողբալի, թշվառ: Որքան գիտեմ` իմաստափոխություն չի կատարվել, հետևապես կամ պետք է բառը ճիշտ տեղում օգտագործել, կամ ծիծաղելի չդառնալու համար նրանից հրաժարվել:

Արգահատելի

Ընթերցողի ուշադրությունից թերևս չվրիպեց քիչ վերևում` հոմանիշների շարքում տեղ գտած այս բառը: Քաջատեղյակներն անշուշտ հասկացան, որ այն հավուր պատշաճի էր վկայակոչվել, իսկ կասկածողներին տեղեկացնենք, որ «արգահատելին» ամենևին էլ ատելին կամ արհամարհելին չէ, այլ հենց նշանակում է խղճալի, ողբալի, ցավալի, կարեկցական:

Քստմնելի

Նախնական և ներկա իմաստը նույնն է` սարսափելի, զարհուրելի, ահավոր, սահմռկեցուցիչ,  փշաքաղեցուցիչ, սոսկալի: Որևէ առնչություն չունի «զզվելի», «գարշելի», «նողկալի» հասկացությունների հետ, օգտագործվում է` ողբերգական իրադարձությունները կամ պատկերները բնութագրելու համար. «Հայոց ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ գործված քստմնելի արարք է»:

Հակամետ

Հատուկենտ մարդիկ են այս բառի բուն իմաստը հասկանում և ճիշտ օգտագործում, չգիտես ինչու` նրանք կարծում են, թե բառի առաջին արմատը նշանակում է հակա, հակառակ: Իրականում «հակամետ»-ը կազմված է «հակված» և «միտված» արմատներից և նշանակում է` ինչ-որ հարցում ունենալ նույն միտումը, նույն հակվածությունը: Երկու գրեթե միանշանակ բառերի միացման նպատակը իմաստի շեշտադրումն ավելացնելն է:

Տարամետ

Հիմա արդեն խոսքը տարբեր միտումներին է վերաբերում: Տարամետ տեսակետներ ունեցողները մտածում և արտահայտվում են այլ   չափանիշներով: Դրանք կարող են թե տարբեր, թե հակառակ լինել:

Ներհակ

Ներսում հակառակ լինել: Գեղեցիկ, միաժամանակ շատ որոշակի երևույթ, վիճակ բնութագրող բառ է, պետք է գործածել ծայրագույն զգուշությամբ:

Հոգեբարձուների խորհո՞ւրդ

Խորհուրդներ կամ այլ մարմիններ ստեղծում են հոգաբարձուները՝ բարեսիրական որոշակի գործունեություն ծավալելու, այս պարագայում՝ հոգսեր վերացնելու համար: Բառի առաջին արմատը «հոգս»-ն է, երկրորդը՝ «բարձել»-ը: Այս մարդիկ ուրիշների հոգսն իրենց ուսերին են բարձել, դա անում են հոգով ու սրտով, բայց «հոգի» արմատի հետ առնչություն չունեն: Հետևապես ճիշտը Հոգաբարձուների խորհուրդն է:

Գիրագոսյանը, Քարդաշյանը, Բոգոսյանը

Յուրաքանչյուր հայ դպրոցական թե Հայաստանում, թե Արցախում, թե Ջավախքում ու սփյուռքյան ցանկացած համայնքում կգրի՝ Կիրակոսյան, Քարտաշյան, Պողոսյան, որովհետև գիտի, որ թեև հայկական ազգանուններն օտարներն այլ հնչողությամբ են արտասանում, դրանց հայերեն գրությունը մնում է նույնը: Իսկ թե ինչու է ասենք Կիրակոսյանը դառնում Գիրագոսյան, պարտավոր են իմանալ ոչ միայն դպրոցականներն ու մասնագետները. գրական արևմտահայերենում պարզ խուլ հնչուններ չկան, ուստի կ-ն արտասանվում է գ, տ-ն՝ դ, պ-ն՝ բ:

Ոմն Կիրակոսյան սփյուռքահայ իր ազգանունն արտասանելով Գիրագոսյան՝ տեղիք է, տալիս, որ օտարագիրներն այդ ձևով էլ գրեն: Մեր գուգլականներն էլ, բնականաբար, հայերենից անտեղյակ՝ գրում են իրենց միակ մատչելի ձևով՝ գուգլերեն: Այդպես Քարտաշյանը դառնում է Քարդաշյան, Պողոսյանը՝ Բոգոսյան:

Ավելորդ չէ այստեղ նշել արևմտահայերենի արտասանության մի քանի կանոն ևս. բ-ն, ի տարբերություն արևելահայերենի, ամենուրեք արտասանվում է փ, գ-ն՝ ք, դ-ն՝ թ: Իսկ ձ-ն մեր արևմտահայ և սփյուռքահայ հայրենակիցներն արտասանում են ց ¥ձրի՝ ցրի¤, ծ-ն՝ ձ (ծիրան՝ ձիրան), ջ-ն՝ չ (ջուր՝ չուր), ճ-ն՝ ջ (Ճապոնիա՝ Ջաբոնիա):

Ասվածը հիշողության մեջ ամրապնդող մի քանի օրինակ. «տար» բառը գրական արևելահայերենում հնչում է «դար», իսկ «դարը» ¥հարյուրամյակ¤՝ «թար»: «Կին» բառը հնչում է՝ «գին», իսկ «գինը» (արժեք)՝ «քին», «պատը» հնչում է «բադ», իսկ «բադը»՝ «փաթ» և այլն:

Այս կանոնները շատ հաճախ խախտում են նաև մեր դերասանները՝ արևմտահայ խոսքն արտաբերելով արևելահայերենի նման, ինչն անշուշտ մերժելի լինելուց առաջ անթույլատրելի է:  

Արժանին մատուցել

Մատուցում են ասենք հարգանքի տուրքը, մինչդեռ այստեղ խոսքը վերաբերում է հատույցին: Այսինքն մեկին հատուցում են նրա կատարած լավ արարքի համար: «Արժանին հատուցենք հայ մայրերին` նրանք հերոս զավակներ են դաստիարակել»:

Այսօր առավել, քան երբեք

Երբեք-ի մասին չի կարելի խոսել, որովհետև ժամանակն անվախճան է: Խոսում ենք մինչև հիմա եղածի մասին, որը մեզ հայտնի է: Ճիշտ է` «այսօր առավել, քան երբևէ»:

Չոր գինի

Այսինքն գինու փոշի՞: Իհարկե` ոչ, սա սոսկ տառացի թարգմանություն է: Նկատի ունեն դառը գինին: Բնականաբար կիսաչորն էլ կիսադառը կամ կիսաքաղցր գինին է:

Ծնունդդ շնորհավոր

Մարդու ծնունդը, ինչ խոսք, շնորհավորանքի արժանի իրադարձություն է, ավելին` ծնողների կյանքում ամենասպասված տոնն է: Սակայն այս արտահայտությունը պատեհ-անպատեհ կրկնողները բնավ էլ բուն ծնունդը չեն շնորհավորում, այլ տարեդարձը: Ոչ միայն սովորական մարդիկ են անգիտության մեջ տառապում, այլև երգեր ու բանաստեղծություն գրողները: Այս սխալն առանց տատամսելու կարելի է դասել ամենախայտառակների թվին: Միմյանց շնորհավորենք, միշտ շնորհավորենք, բայց` իրադարձությունները տարբերակելով:

Շարունակելի …

Գրառումը կատարվել է Գիտական նյութեր, Զրույցներ լեզվի մասին, Լուրեր, Խախտումներ, Հայերենագիտություն, Հայերենացնենք ցանցը, Հատուկ, Հրապարակախոսական, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.