Ընդդեմ մարտնչող օտարապաշտության

Իմ լավագույն ուսուցիչներից մեկը պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանն է եղել՝ հայկականի, հայոց գիր ու գրականության, հայոց լեզվի մաքրության անխոնջ պաշտպանը: Հայերենի մաքրությանն այդքան նվիրված լինելով, նա պուրիստ չէր բոլորովին, ինչպես հաճախ փորձել են ներկայացնել, այլ շեշտում էր. «Ես ձեզ չեմ ասում՝ տանկին ասեք հրասայլ, բայց դույլին վեդրո չպետք է ասեք»:

Իշխանյանն ասում էր մի պարզ բան. բազմաթիվ լեզուներ իմացեք, խոսեք ու գրեք, բայց դրանից առաջ իմացեք ձեր մայրինին: Ու սրանով նա ռուսական դպրոցները, ռուսախոսությունն ու ռուսագրությունը կուռք դարձնողների դեմ անհաշտ պայքարողն էր ու հայկական կրթության, հայախոսության եւ հայագրության պաշտպանը:

Առիթը կա (օտարալեզու դպրոցների վերաբացման որոշումն ու օտարամոլության ու օտարագրության վերջին բուռն դրսեւորումները), եւ ուզում եմ հատվածներ ներկայացնել Իշխանյանի «Ալեքսանդր Գրիշչյան» պատմվածքից (մեջբերումներն ըստ Ռաֆայել Իշխանյան «Իրական պատմություններ», «Վան Արյան» հրատարակչություն, Երեւան – 2004):

Պատմությունը հետեւյալն է, գործի բերումով Թիֆլիս այցելած Իշխանյանը իմանում է, որ Վրաստանի պետական գրապալատից ատեստավորումից հետո աշխատանքից հեռացրել են  Ալեքսանդր Գրիշչյան անուն ազգանունով հայ աշխատակցին եւ երբ հետաքրքրվում է, թե ինչու, տնօրենի տեղակալը բացատրում է:

«… Գոգլիձեն (տնօրենի տեղակալը – Մ. Հ.) ասաց «Նա շատ բարեկիրթ անձնավորություն էր, վեց լեզու գիտեր՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերենայդպիսի մեկը գրապալատին շատ էր պետք: Ես նրան հարցրի.

Իսկ վրացերեն գիտե՞ք:

Ո՛չ:

Գոնե տառերը..

Չգիտեմ:

Ես ցնցվեցի,-շարունակում էր Գոգլիձեն,-ամբողջ կյանքն ապրել Վրաստանում եւ վրացերեն բոլորավին չիմանալ, ինձ համար սարսափելի էր:

Հետո հարցրի.

Իսկ հայերե՞ն:

Չգիտեմ:

Տառերը:

Ոչ:

Եվ ես որոշեցի նրան հեռացնել: Մեր երկրում ապրում է, մեր լեզուն չգիտի, բայց վեց ուրիշ լեզու է սովորել այստեղ: Լավ, գուցե մեզ արհամարհում է, բայց իր ազգի լեզուն էլ չգիտի»:

Այնուհետեւ Ռաֆայել Իշխանյանը պատմնում է, որ տարիներ հետո Երեւանում գործի բերումով պատահաբար հանդիպում է Գրիշչյանին, որը խոսում էր ընտիր ռուսերենով եւ պատմում, որ դստերն էլ են նույն պատճառով Թիֆլիսում հեռացրած լինում գործից, եւ իրենք ընտանիքով տեղափոխվում են Երեւան ու անիջապես աշխատանքի անցնում գիտական հիմնարկում. լեզուների իմացությունն օգնում է: Շարունակենք կարդալ Իշխանյանի պատմվածքը.

«Որպես օրինավոր մարդ, Գրիշչյանը աշխատանքի ընդունվելիս տնօրենին հայտնում է, որ հայերեն չգիտի: «Դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի».-լինում է պատասխանը:

Ես հարցրի.

— Իսկ դուք ինքներդ ձեր նախաձեռնությամբ չե՞ք ուզում գոնե մի քիչ սովորել ձեր պապերի լեզուն:

— Իսկ ինչի՞ համար. այդ լեզուն ինձ բոլորովին պետք չի գալիս՝ ոչ հիմնարկում, ոչ տանը: Իսկ սովորելու ուրիշ շատ բան կա:

— Լավ, գոնե մեր տառերը սովորեիք:

— Ոչ, ոչ,- ժպտաց Գրիշչյանը»:

Ինձ համար, այս պատմվածքում ամենակարեւորը հետեւյալ պահն էր. վրացին Գրիշչյանին աշխատանքից ազատում է իր մայրենին՝ հայերենը չիմանալու համար, իսկ հայ տնօրենը դա անկարեւոր հանգամանք է համարում: Ցավոք, այս մտայնությունը դեռ կա Հայաստանում, եւ հենց դրա հետեւանքն է այն հորթային հրճվանքը, որով ժամանակից լեզվասպանները նախաձեռնեցին օտարալեզու կրթության ներմուծումը:

Մեսրոպ Հարությունյան

www.mesropharut.wordpress.com

Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին, Հայերենագիտություն, Հրապարակախոսական, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.