Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). VII

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VII

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Ներով կազմվող բառեր

Օտար լեզուներից փոխառված բառերը հիմնականում հոգնակիով են կազմվում՝

շտաբներ, բլոգներ, բլոգերներ, բրոնխներ…

Բառի հոգնակին «ներ» է ստանում, եթե գրաբարում գրվել է ն-ով (մուկն-մկներ, ձուկն-ձկներ, դուռն-դռներ), վերջին միավանկ արմատը բայական իմաստ ունի, դրա նախնական իմաստը մթագնված է կամ ածանցավոր է: Առաջարկում ենք հիշել. 

հեռուստացույցներ

հեծանիվներ

արագացուցիչներ

գրադարանավարներ

գրագիրներ

որդեգիրներ

վիպագիրներ

ջրաչափներ

խմբագիրներ     

սևամորթներ (սև մորթ ունեցողներ)

շիկամազներ (շեկ մազ ունեցողներ)

մեծատուններ (հարուստ տուն ունեցողներ)

մրցավարներ

կոշկակարներ

մեղսագործներ     

մեղվագործներ

հանքափորներ

նամակագիրներ

վիրաբույժներ

տոնացույցներ

կետորսներ

մսակերներ

կարմրամորթներ

բուսաբույժներ

բաղաձայններ:

Վերջին տարիներին սկսել են ներ-ով գրել նաև պետ, նիշ և երթ արմատներով վերջացող բարդ բառերը.

վարչապետներ

սպարապետներ

համայնքապետներ

քաղաքապետներ

գյուղապետներ

ցեղապետներ

նավապետներ

նամականիշներ

չափանիշներ

ցուցանիշներ

խորհրդանիշներ

ուղերթներ

մորաքույրներ

չվերթներ:

 

Երով կազմվող բառեր

Եթե վերջին միավանկ գոյականի իմաստը մթագնած չէ՝ +եր

զարդակարեր

մեղրամոմեր

օրագրեր

ծրագրեր

ձեռագրեր

պատվոգրեր

տոնածառեր

մոլախոտեր

նավթահորեր

փառատոներ

ծանուցագրեր

կիզակետեր

նշանակետեր

ծովախորշեր

երկրամասեր

արքայազներ

խաչքարեր:

 

Բացահայտ սխալներ

ծառներ (պետք է լինի` ծառեր)

ճյուղներ (ճյուղեր)

արկղներ (արկղեր)

ծրագրներ (ծրագրեր)

մատեր (մատներ)

դրոշեր (դրոշներ)

 

Գծիկը պարտադիր է

Հայերենում այսօր նկատվում  է գծիկի վերացման միտում: Միգուցե լեզվաբանները դա չեն նկատում կամ խորհուրդ չեն տալիս, սակայն գրչի մարդիկ այդ անհրաժեշտությունն զգում են: Որոշ անձնանուններում և աշխարհագրական անվանումներում, համենայնդեպս, գծիկը պահպանվում է: Ահավասիկ.

Շահ-Աբաս

Սայաթ-Նովա

Հաջի-Մուրադ

Խնկո-Ապեր

Թամարա-խանում

փոքր-ինչ

ինչ-որ

ինչ-ինչ

շուտ-շուտ

հեռու-մոտիկ

 

Միացում

Հարադրությունների միացումը ևս մեր լեզվի զարգացման միտումներից է, ըստ որում այդ գործընթացը կատարվում է շատ ավելի բուռն թափով և մոտ ապագայում ավելի արագ կընթանա, քանի որ մարդկանց մտածողությունը գնալով դառնում է ավելի սրընթաց: Բացի դրանից` հարադրության առանձին մասերն ինքնուրույն միտք չեն արտահայտում: Խնդրեմ` մի քանի բնորոշ օրինակ.

համենայնդեպս

նախևառաջ

բայցևայնպես

իմիջիայլոց

այլևայլ

օրօրի

ըստորում

ընդորում

թռիվռի

նեղանձնական

հինհայկական և այլն:

 

Եւ, Ու

Երկնիշ տառն ամենևին էլ բարեհարմարության արտահայտություն չէ, շատ ավելի լավ կլիներ, եթե մեր եւ-ը և ու-ն գրվեին մեկ նիշով: Բայց իրականությունն այս է, ուստի պարտավոր ենք կանոններին հետևել: Եթե ամբողջ բառը գրվում է մեծատառերով` պետք է գրել` ԵՎ և ՈՒ: Եթե միայն առաջին տառն է մեծատառ` գրվում է` Եվ, Ու: «Եւ» գրությունը միանգամայն անընդունելի է, պարզապես հայերեն չէ:

 

Այսպես կոչված

Արտասանության մեջ այս երկու բառերը մատնանշում են որևէ մտքի չակերտված լինելը: Իսկ գրավոր խոսքում հարկ չկա դրանք գրել` չակերտներն ինքնին բավական են:

 

Չի գտընվում

Ուղղախոսության կանոնները հաճախ են խախտվում, օրինակ գտնըվելը հնչում է գտընվել, ինչը բարբառային դրսևորում է: Հիշենք.

ձեռընտու

ձեռընպահ

ուղղվել

քըննըվել

հանձնըվել

ամենավօրակյալ (ձայնավորից հետո՝ հնչում է վօ)

բարձրօրակ (բաղաձայնից հետո հնչում է օ)

բըզկըտվել

լուսատըտիկ

բռնըկվել:

 

Օտար բառերի գրությունը

Բարակ Օբամա

Թվարկումն սկսենք գրավոր և բանավոր խոսքում ամենաշատը հայտնվող անձնանունից, խոսքն անշուշտ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի մասին է: Նրա անունը բոլորը գրում են Բարաք` տուրք տալով չգիտես որտեղից հայտնված առաջին գրությանը: Բայց անգլերենի տառերն իմացող յուրաքանչյուր ոք կարող է google-ը բացել և համոզվել, որ այդ անունը գրվում է ոչ թե q-ով, այլ ck-ով: Այսինքն հայերեն կլինի Բարակ, որքան էլ դա հաստ բառի հակառակը լինի կամ էլ կենդանու որոշակի տեսակ: Նաև պետք է նկատի ունենալ, որ անգլերենում երկրորդ վանկից սկսած` հնչյունների արտասանությունը թուլանում է` համապատասխանելով մեր այբուբենի փափուկ բաղաձայններին:

Հիփոթեքային

Վարկի տեսակ է, ամենաշրջանառվող դրսեկ բառերից:  Առանց հնչյունաբանական վերլուծությունների փորձենք բարձրաձայն կարդալ` հի-փո-թեք-ային:  Նույնիսկ լեզո՞ւն է հրաժարվում նման բռնության ենթարկվել: Խնայեք ձեր արտասանական համակարգը և հայոց լեզուն, ճիշտ գրությունն է` հիպոտեկային: Արժե նաև հիշել, որ հայերենում պարզ խուլերն ավելի շատ են, քան շնչեղները:

Չեխիայի մայրաքաղաքը Պրագան չէ

Պրահան է: Նախկինում արտասահմանյան ամբողջ գրականությունը թարգմանվում էր ոչ թե բնագրից, այլ ռուսերենից, այդ իսկ պատճառով տառադարձությունը ենթարկվում էր ռուսերենի օրենքներին, Չեխիայի մայրաքաղաքը ևս այդ ցանկում էր: Ճշտենք աշխարհագրական այլ անուններ ևս.

Իրաք (ոչ թե Իռաք)

Իսրայել (ոչ թե Իզրայել)

Իրան (ոչ թե Իռան)

Ջենովա (ոչ թե Ճենովա)

Ճավա (ոչ թե Յավա)

Ճամայկա (ոչ թե Յամայկա)

Վենետիկ (ոչ թե Վենեցիա)

Նեղոս (ոչ թե Նիլ)

Բելառուս (ոչ թե Բելոռուսիա)

Մոլդովա (ոչ թե Մոլդովիա)

Բեթհեղեմ (ոչ թե Բեֆելեմ)

Հայիթի (ոչ թե Հաիթի)

Հորվաթիա (ոչ թե Խորվաթիա)

Քիշնև (ոչ թե Քիշինյով)

Խարթում (ոչ թե Հարթում)

Ղրղզստան (առանց ը-երի)

Ուկրաինա (ոչ թե Ուկրայնա)

Կոստանդնապոլիս

Սփյուռքահայերն այս բառի շատ լավ տարբերակն ունեն` Կ.Պոլիս, սակայն արևելահայերենում ընդունված են բառի ամբողջական գրությունն ու արտասանությունը: Ավաղ` հիմնականում սխալ: Ճիշտ տարբերակն է` Կոստանդնուպոլիս:

Դիանան ձիերի հետ կապ չունի

Ռուսերեն բառերը պետք չէ քմայնացնել` ծ և ձ հնչեցնել: Գրել և կարդալ.

Դիանա

մատերիա

դիամետր

Տիտով

Մեդվեդև

Դեմյանենկո և այլն:

Պաստերնա՞կ

Իհարկե, ոչ, ռուս հայտնի գրողի ազգանունը գրվում է ռ-ով: Նաև` Սմիռնով:

 

Անթարգմանելի բառեր և ածանցներ

Թերմո, հիդրո, տեխնո, կիլո-ով բարդվող բառերը ո-ն պահպանում են` թերմոդինամիկա, հիդրոկայան տեխնոլոգիա, կիլոգրամ: Ֆոն-ով վերջացող բառերը ևս կապվում են ո-ով` գրամոֆոն, սաքսոֆոն, քսիլոֆոն: Էլեկտրականություն, էլեկտրալիցքեր, էլեկտրասարքեր և համանման բառերը գրվում են ա-ով: Այս կանոնին է ենթարկվում նաև «ամինաթթու» բառը:

 

Կրկնակի բաղաձայններ

Այլ լեզուներից փոխառած բազմաթիվ բառեր գրվում են կրկնաբաղաձաններով, ինչը դրանք հաճախ դարձնում է դժվարընթեռնելի: Այդ անհարկի բարդությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում գրության մեջ թողնել միայն մեկ բաղաձայնը, մանավանդ եթե անվանումն ավանդական չէ, նորամուծություն է: Բայց ըստ իս «բեռնաթափման» կարիք ունեն նաև ավանդական բառերը: Օրինակ ավելի նպատակահարմար է գրել.

Աքիլես

Ապոլոն

Պուչինի

Դոնիցետի

Բելինի

Հավանա

Տալին

Հանիբալ:

 

Վաղուց «ֆ» ունենք

Մինչև մեր այբուբենում այս տառի հայտնվելը գործածվել է փ-ն. Ափրոդիտե, Դելփիք: Կարծում եմ` վաղուց ժամանակն է հատկապես հունարեն անվանումները ֆ-ով գրել, ինչն ավելի հարազատ է այդ լեզվին: Այս դեպքում ավանդապաշտությունն արդարացված չէ. Աֆրոդիտե, Դելֆիք, Արիստոֆանես, Քսենոֆոն:

 

Թբիլիսին կարելի է

Վրաստանի մայրաքաղաքի, ինչպես նաև այդ տարածաշրջանի մի քանի բնակավայրերի անվանումներում ի-ին կարելի է պահպանել` Թբիլիսի, Փոթի, Գորի, իսկ մյուսները պետք է գրել առանց ի-ի` Բորժոմ, Սուխում, Բաթում, Քոբուլեթ, Ուրեկ և այլն:

 

Շեշտադրություն

Հատկապես արտասահմանյան կինոնկարների թարգմանություններին հետևելիս կարելի նկատել, թե մեր դերասաններն օտար տեղանուններն ու անձնանունները որքան սխալ են շեշտադրում: Առանց չափազանցության` նման խոսքն անհնար է լսել: Մեր լեզվում վաղուց որոշակիացված է` գրական հայերենի բառերը շեշտ (ինչպես նաև հարցական) ընդունում են վերջին վանկի ձայնավորի վրա (մի քանի բացառությամբ): Օտար բառերն ուղղական և հայցական հոլովներում արտասանվում են` ինչպես բնագրում, իսկ հոլովվելիս, խոնարհվելիս կամ բառակազմության ժամանակ ենթարկվում են հայերենի շեշտադրությանը. Պո՛ւշկին, բայց` Պուշկինի՛ն: Լո՛նդոն, բայց` Լոնդոնի՛ց: Ռո՛բերտս, բայց` Ռոբերտսի՛:

 

Կրճատ գրություններ

Լեզվի պետական տեսչությունը հանձնարարում է կրճատ գրել հետևյալ հասկացությունները.

մ.թ.ա.

հազ.

հս. լայն.

հվ. լայն

կՎտ

կՎտժ

մլն

մլրդ 

պ-ր (պարոն)

դ-ր (դոկտոր)

ս-բ (սուրբ)

 

Փոխառություններ

Փոխառությունների թարգմանել-չթարգմանելու անհրաժեշտությունն անվախճան վեճ է: Ինքս լիովին ընդունում եմ Դերենիկ Դեմիրճյանի տեսակետը, որ փոխառությունների հարցում  չափազանց վախը և չափազանց խիզախությունն ավելորդ են: Ավելացնեմ. եթե հնարավոր է ստեղծել դիպուկ, բովանդակալի, կարճ և բարեհունչ բառ` գերադասությունը պետք է դրան տալ: Մեկնաբանությունը հակիրճ է. հայ մարդը ճիշտ թարգմանված բառի իմաստն անմիջապես ընկալում է, իսկ օտար եզրույթը հիշողության մեջ ամրակայում է միայն մեքենաբար: Գրքի հաջորդ գլխում ընթերցողը կտեսնի վերջին տարիներին հայերենում ամրակայված նորաբանությունների մի ցանկ, որը հավաքել եմ ամենայն բծախնդրությամբ: Ես համոզված եմ, որ այդ բառերի ու եզրույթների հայացումից մեր լեզուն միայն շահել է:

Հետաքրքրվողների համար այս բաժնում ներկայացնում եմ մի քանի սեփական թարգմանություն, միաժամանակ առաջարկելով միասին խորհել.

գենոֆոնդ — ազգակազմ (ազգի կազմը) կամ հանրակազմ

սենսացիա — ցնցադեպ (ցնցող դեպք) կամ ցնցալուր

սկանդալ — աղմկադեպ (աղմկահարույց դեպք)

ֆինանսավորում — դրամավորում

գազիֆիկացիա — գազապահովում

դիլետանտ — թերիմաց

ֆելիետոն — ծաղրագիր

ռեկորդ — հաղթանիշ

բրենդ — որականիշ:

 

Արևմտահայերենն է առաջարկում

կարտոֆիլ-հողկիթ

նավթ-քարյուղ

տանկ-հրասայլ

էներգիա-եռանդուժ:

 

Անհեթեթությունների «շքերթ»

Սրանց անդրադառնալու կարիք չէր լինի, եթե հնչեին, գրվեին ու անհետանային: Դժբախտաբար սխալը վարակելու անսանձելի հատկություն ունի, մեկ անգամ ասպարեզ նետվելով` ոչ միայն չի մոռացվում, այլև ավելի է ճոխանում, ավելի ամրանում` այդպիսով քարուքանդ անելով լեզվի հիմքերը, սպառնալով նրա վաղվան:

Իմ ծանոթ ֆիզիկոսներից մեկը մի օր զայրացած երեսիս նետեց. «Ինչո՞ւ պետք է ասենք խաղաց, բայց չասենք` խոսաց»: Բացատրեցի, որ հայերենում բայերը լինում են երկու խոնարհման` ա և ե: Խոսելը ե խոնարհման բայ է` խոսել, իսկ խաղացը` ա` խաղալ: Թյուրիմացության մեջ չընկնելու համար դրանք պետք է զանազանել:

Քննադատս (իրականում նա ամբողջ հայերենն էր քննադատում) անչափ զարմացած էր, բայց հետագայում խորհրդիս սրբորեն հետևում էր, սիրում էր հատկապես ա խոնարհման բայեր գտնելն ու հիշողության մեջ ամբարելը: Նա հասկացավ, որ ճիշտ խոսելու համար քերականական կանոններ իմանալը պարտադիր է, ընդ որում ոչ միայն բանասերների ու լրագրողների, այլև յուրաքանչյուր կիրթ մարդու, այդ թվում և` ֆիզիկոսների համար: Ինչ վերաբերում է հանրային դեմքերին` պաշտոնյաներին, մտավորականներին, լրագրողներին ու հաղորդավարներին` նրանց պետք է ուղղակի պարտադրել, որպեսզի մայրենի լեզուն բավարար չափով իմանան: Չէ՞ որ մատաղ սերունդը նրանցից է սովորում: Կամա թե ակամա` նրանք են ուղղորդում լեզվի ընթացքը, թե դեպի առաջ, թե դեպի հետ: Իսկ որ լեզուն պետք է զարգացնեն խելոք-գիտակները, ոչ թե թեթևսոլիկ-անգետները` կարծես թե կասկածանքի առարկա չէ:

Ստորև ներկայացնում եմ մերժելի բառերի ու արտահայտությունների մի շարք` ձեռնպահ մնալով դրանք քերականորեն վերլուծելուց:  Գծիկից հետո նշվում է ճիշտ տարբերակը.

խոսաց — պետք է լինի` խոսեց

ասեց — ասաց

փախնել է — փախել է

փախնել — փախչել

չփորձվես — չփորձես

ցրտից սառել — սառչել

դիպչեց նրան — դիպավ նրան

ավելնորդ — ավելորդ

գրքերից ոմանք — որոշ գրքեր

կրկնվում եմ — կրկնում եմ

երիտասարդ տերև — մատղաշ տերև

չափավոր տաք ջուր-գոլ ջուր

մեր համար-մեզ համար

ձեր համար-ձեզ համար

բրոնխյալ-բրոնխային

հորմոնալ-հորմոնային

ճրագալուծ-ճրագալույց

քո սիրված երգը-քո սիրած երգը

հիշացնել-հիշեցնել

խրթվիլակ-խրտվիլակ

կառույցն հարմար է-կառույցը հարմար է

պատանի տղա-պատանի, տղա, երիտասարդ, պարմանի

ձմեռ պապուն- Ձմեռ պապին

եթե չամանչենք-եթե չամաչենք

ճանանչենք-ճանաչենք

վարքաբեկել-վարկաբեկել

առայժմս-առայժմ

գերանալ-գիրանալ

ավիրել-ավերել

թաթերական-թատերական (թատրոն)

այսօրվա դրությամբ, վիճակով-այսօր

մանրեցնել-մանրացնել

թարմեցնել-թարմացել

արածացնել-արածեցնել

սառում է-սառչում է

հաչալ-հաչել

խաբնվել-խաբվել

միևնույնն է-միևնույն է

առընչվել-առնչվել

առնթեր-առընթեր

անձեռնոցիկ-անձեռոցիկ

ապռես-ապրես

հոգեբարձու-հոգաբարձու

խաղապահ-խաղաղապահ

կկատարվի ծիսակատարություն-արարողություն

ուտացնել-ուտեցնել, կերցնել

կաթացնել-կաթեցնել

իմ համար-ինձ համար

իմ մոտ-ինձ մոտ

իմ նման-ինձ նման

իրեն նման-իր նման

քո համար-քեզ համար

ձեր համար-ձեզ համար

ծիծաղացել-ծիծաղել, ծիծաղեցնել

հարված կատարել-հարվածել

կարանք-կարող ենք

բալանի-բանալի

կցույց տամ-ցույց կտամ

ըստուց-այստեղից (գոնե` էստեղից)

համաձայնվել-համաձայնել

սիրիալ-սերիալ

մոտացնել-մոտեցնել

իրանց-իրենց

մեկնարկվել-մեկնարկել

ժողովածո-ժողովածու

հավաքածո-հավաքածու

գողուն-գողոն

ընձեռնել-ընձեռել

բարձրունք-բարձունք

ընչի-ինչու

համաձայնվել-համաձայնել

երկուս-երկու

եկրորդ-երկրորդ

արծաթեպատ-արծաթապատ

բայց դրա հետ մեկտեղ-բայցև

պըտի-պիտի, պետք է

նշանակալից-նշանակալի

իմաստալից-իմաստալի

լվաց-լվացավ    

որեվհետև-որովհետև

ներեղություն-ներողություն

գլուխս պտտվում է-գլխիս պտտվում է

իրոքից-իրոք, իսկապես

ինձ հետաքրքիր է-ինձ համար հետաքրքիր է, ինձ հետաքրքրում է

կամուրջի-կամրջի

սնունդի-սննդի

գլուխի-գլխի

գթնել-գտնել

իր մեջ ներառում է-ներառում է

ոտքս կոտրել եմ-ոտքս կոտրվել է

պոչին նստել են-հետևում են

կզանգվենք-իրար կզանգենք

գընհատել-գնահատել

կաղնել-կանգնել

ունդունել-ընդունել

ունտրություն-ընտրություն

ըլնել-լինել

կըլնի-կլինի

պայթացնել-պայթեցնել

կրկին անգամ-կրկին, վերստին

բազմիցս անգամ-բազմիցս, բազմաթիվ անգամներ

արկղներ-արկղեր

վայրենի աղջիկ-վայրի աղջիկ

նրա թիվն է 5 թիվը- նրա թիվը 5-ն է

կապնվել-կապվել

նրան ստել-նրան խաբել

յուղ վառել-շաղակրատել, ավելորդախոսել

կայնել-կանգնել

լավ է երևում-սազում է, վայելում է

ավիրել-ավերել

ավիրածություն-ավերածություն

հաշվենկատ հարված-դիպուկ հարված (ֆուտբոլ)

բացարձակ լսողություն-կատարյալ, անթերի 

ամփոփել իր մեջ-ամփոփել

նա իրեն վատ է զգում-նա վատ է զգում

անհաջողությամբ պսակվել-անհաջողության մատնվել

նորմալ-բնականոն, բնական, կարգին

հերթական խանդի նոպա-խանդի հերթական նոպա

կապ պաշտպանել- կապ պահպանել

կորչել է -կորել է

խոնավեցնել-խոնավացնել

չուզեցավ-չուզեց

ձկեր-ձկներ

իրեն համար-իր համար

սարքի օգնությամբ պայթեցնել-սարքով, սարքի միջոցով

պեղումների հետևանքով բացահայտել-շնորհիվ

կամանց-կամաց

ավելնորդ-ավելորդ

խաբնվել-խաբվել

թույնավոր-թունավոր

համբյուր-համբույր

ի շնորհիվ-շնորհիվ

փլաֆ-փլավ

լյավ-լավ

նախագա-նախագահ

ուրեմ, ուրեմս-ուրեմն

ընտանեական – ընտանեկան

պատանեական – պատանեկան

գույնավոր-գունավոր

վիճվել-վիճել

առայժմս-առայժմ

քցել-գցել

քթալ-գդալ

երբեմը-երբեմն

առնվազը-առնվազն

այսինքը-այսինքն

ալուր-ալյուր

հարուր-հարյուր

բուջե-բյուջե

թիկնապա-թիկնապահ

հաշվապա-հաշվապահ

հերթապա-հերթապահ

կոկորթիլոս-կոկորդիլոս

մակարթակ-մակարդակ

ծննթական-ծննդական

տասհինգ-տասնհինգ (արտասանել՝ տասնըհինգ)

չի ասե- չի ասել

Խորհուրդ. բառապաշարում «ըլնել» և «կըլնի» բառերը փոխարինելով «լինել» և «կլինի» բարեհունչ բառերով, կտեսնեք, թե ձեր լեզուն ինչպես է մեկեն դառնում կիրթ և սահուն: Դրան կնպաստի նաև «ըտենց», «ըսենց», «ըստուց» և այլ գռեհկություններից հրաժարվելը:

Վերոնշյալ և նման կարգի անճշտություններն ու անմտությունները մեր լեզվից բացառելով` կարելի է զգալի վերընթաց արձանագրել: 

 

Կետադրություն

Այս թեմային համարձակվում եմ «դիպչել»` ապավեն ունենալով պետական ռադիոյում 17 և մամուլում շատ ավելի աշխատածս տարիների փորձառությունը, բայց որ ավելի կարևոր է` դրանց համադրությունը: Եզրակացությունս այն է, որ այս ընթացքում մեր խոսքը կետադրաթափելու անհրաժեշտություն է առաջացել: Պատճառը հետևյալն է. ժամանակակից մարդու մտածողությունն ավելի սրընթաց է, տրամաբանությունը` ավելի ընդգրկուն: Եթե նախկինում խոսքը հասկանալի դարձնելու համար անհարժեշտ է եղել այն տրոհել բազմաթիվ նշաններով` այժմ դրա կարիքը նվազել է` մարդիկ մտածում են արագ և փոքր դադարներով: 

Ընդդիմախոսներիս խնդրում եմ ձեռքն առնել որևէ հնատիպ գիրք կամ թեկուզ ժամանակակից մի պարբերական և բարձրաձայն որևէ հատված կարդալ: Չեմ կասկածում, որ կետադրական նշանների տեսքով խոչընդոտները նրան ոչ միայն ավելորդ թվացին, այլև զայրացրին: Քավ լիցի, ես այն կարծիքին չեմ, թե կետադրական նշաններից այն աստիճան պետք է հրաժարվենք, որ կարդացածն ըմբռնելը դառնա գլուխկոտրուկ. ամենևին,  հեղինակի միտքը ընթերցողին ճիշտ հասցնելը կետադրական նշանների գլխավոր առաքելությունն է: Կետադրության բեռնաթափումը երբեք չպետք է մտքի աղավաղման հանգեցնի:

Իմ ասածը վերաբերում է ստորակետամոլությանը, որը հիմնականում հատուկ է ինչ-որ ժամանակ քերականական կանոններ անգիր արած  և գրականության ու լրագրության մթնոլորտից դուրս մնացած որոշ գրագետների, որոնք շարունակում են պարբերականներ ու հատորներ սրբագրել: Գրչի մարդիկ հիմա գրում են շատ ավելի անկաշկանդ, սահուն, խորիմաստ: Եվ թող զարմանալի չթվա` գերադասում են տրոհումը կատարել փոքրաթիվ բութերով, ոչ թե բազում ստորակետներով: Խնդրեմ. «Եթե այդպես շարունակվի, նա, անշուշտ, կդիմի համարժեք գործողությունների, որոնք, թեկուզև, դաժան, կլինեն տեղին»: «Եթե այդպես շարունակվի` նա անշուշտ կդիմի համարժեք գործողությունների, որոնք թեկուզև դաժան` կլինեն տեղին»: Մի՞թե երկրորդ նախադասության կետադրությունը խոսքի իմաստն աղավաղեց: Իհարկե ոչ: Մինչդեռ մի քանի նշանի «խնայողություն» եղավ, ավելի ճիշտ կլնի ասել` թեթևացում:

«Ստորակե՞տ, թե՞ բութ». սա հարցականի հնչեցման ընդունված կարգն է: Փորձենք բարձրաձայն կարդալ: Այո, անիմաստ լարվածություն է առաջանում, իսկ հարցի էությունը չի փոխվում: «Ստորակե՞տ, թե բութ» հարցը հնչում է ավելի հայեցի, թե-ն արտասանվում է թույլ շեշտով, տրամաբանությունը պահպանվում է, հարցական նշանը՝ խնայվում:  

Երկրորդ հարցական նշանից հրաժարվելը կորուստ չէ, հայոց լեզվի դեմ ոտնձգություն չէ, առավել ևս լեզվաբաններին վիրավորանք հասցնել չէ, ընդամենը հայերենի զարգացման միտումներն զգալու և վավերացնելու արդար մղում է:

 

Տողադարձ

Դասագրքային ճշմարտությունների և ժամանակի պահանջների հակասությունը նկատելի է հատկապես այս կետում: Ժամանակակից ոչ մի գիրք ու պարբերական, այդ թվում գրական ստեղծագործություններն ու վերլուծությունները, տողադարձի կանոնները չեն պահպանում: Այս անջրպետը վերացնելու համար հեղափոխական որոշում է անհրաժեշտ, իսկ ավելի ճիշտ` քսանամյա իրողության վավերացում: Կյանքն ապացուցել է, որ դա հայերենի ընդհանուր զարգացմանը, նրա հարստությանը, ճկունությանն ու գեղեցկությանը չի սպառնում:

Ընթերցողին օգնելու համար հարկ եմ համարում նրա ուշադրությանը հանձնել նաև հետևյալ թարգմանությունները և տեղեկությունները.

Լուսնթագ- Յուպիտեր

Երևակ-Սատուրն

Հրատ-Մարս

Արուսյակ-Վեներա

Հայկ-Օրիոն

Ակն-Աղդամ (Ասկերան քաղաքի թաղամաս)

Քարվաճառ-Քելբաջար

Քաշաթաղ-Լաչին

Կովսական-Զանգելան

Սանասար-Կուբաթլու

Վարանդա-Ջեբրայիլ, Ֆիզուլի

Միջնավան-Մինջևան          

պալեոլիթ-հին քարի դար

մեզոլիթ-միջին քարի դար

նեոլիթ-նոր քարի դար

 

Հապավումներ

ԱԺ — Ազգային ժողով

ԱՄՆ — Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱԷԿ — ատոմային էլեկտրակայան

ԱՊՀ — Անկախ երկրների համագործակցություն

ԳԱԱ — Գիտությունների ազգային ակադեմիա

ԵԱՀԿ — Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

ԵԽ — Եվրոպայի խորհուրդ (Եվրախորհուրդ)

ԵԽԽՎ — Եվրոպայի խորհրդի խորհրդարանական 

վեհաժողով

ԵՄ — Եվրամիություն

ԵՊՀ — Երևանի պետական համալսարան

ԵՊՀԹ — Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն

ԿՎՀ — Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ՄԱԿ — Միավորված ազգերի կազմակերպություն

ՀՀ — Հայաստանի Հանրապետություն

ՀԱՊԿ — Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

ՄԻՊ — Մարդու իրավունքների պաշտպան

ՆԱՏՕ — Հյուսիսատլանտյան ռազմական դաշինք

ՌԴ — Ռուսաստանի Դաշնություն

ՍԴ — Սահմանադրական դատարան

 

 

Գրառումը կատարվել է Զանազան, Զրույցներ լեզվի մասին, Խախտումներ, Հայերենագիտություն, Շտեմարան, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.