Երևանում հայտնաբերվել է “Լեզվի մասին” օրենքի 500 խախտում

PanARMENIAN.Net — “Լեզվի մասին օրենքում դեռևս հիմնախնդիրներ կան, իսկ մենք անկարող ենք հայոց լեզուն դատարանում պաշտպանել: Մայրենի լեզվի խնդիրը, ես կարող եմ ասել, ազգային անվտանգության խնդիր է”, -ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լեզվի տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Նրա խոսքերի համաձայն, “Լեզվի մասին” օրենքը խիստ վերանայման կարիք ունի, քանի որ այն հնարավորություն չի տալիս լեզվի տեսչությանը մինչև վերջ գնալ և այդ օրենքը կիրառել դատարանում:

Պետի պաշտոնակատարը ընդգծել է նաև, որ վերջին ամսվա ընթացքում տեսչությունը հայտնաբերել է 500 խախտում: “Սակայն այս երևույթի դեմ մենք չենք կարող պայքարել “Գովազդի մասին” օրենքում եղած հակասությունների պատճառով` օրենքի մեկ պարբերության մեջ երկու հակասող նախադասություններ կան. առաջինն այն մասին է, որ գովազդային հոլովակների գրությունները պետք է հայերեն լինեն, որից հետո բերվում է մի շարք բացառությունների ցուցակ, որն էլ ներառում է գովազդվող ապրանքների և ծառայությունների 80-90 տոկոսը”, — ընդգծել է Երիցյանը:

Լեզվի տեսչության աշխատակիցները բոլոր այն կազմակերպություններին, որոնք խախտում են “Լեզվի մասին” և “Գովազդի մասին” օրենքները, գրավոր առաջարկություն են ներկայացրել, որ ուղղեն այդ խախտումները: Շատ տնտեսվարող սուբյեկտներ կամավոր ուղղել են խախտումները:

Ս. Երիցյանն ընդգծել է, որ “Լեզվի մասին” օրենքի խախտման համար սահմանված տուգանքները կազմում են 30-50 հազ. դրամ, ինչը շատ փոքր գումար է խոշոր ձեռնարկատերերի համար: Նա առաջարկել է այդ գումարի չափն ավելացնել նվազագույն աշխատավարձի մինչև 1000-պատիկի չափով:

“Օրենքում եղած մի քանի անհամապատասխանությունները մենք կփորձենք օգտագործել ի շահ մեզ եւ շահել դատական գործընթացը: Այդպես մենք անցյալ տարի շահել ենք 13 գործ` պետբյուջե վերադարձնելով մոտավորապես 1.2 մլն դրամ: Նույնիսկ եթե մենք դատը չշահենք, միևնույն է, գնալու ենք մինչև վերջ, հրապարակելու ենք գոյություն ունեցող խախտումները` ուշադրություն չդարձնելով, թե ով է այս կամ այն ֆիրմայի տերը”, — հայտարարել է Սերգո Երիցյանը:

Գրառումը կատարվել է Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.