«Լեզվի մասին» օրենքի խախտման համար տուգանքներն այժմ սկսվում են 100 հազար դրամից

l-mirzoyan_8.12.09 «Վերջին   ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լեզվի տեսչությունն անելիքներ շատ ունի, ահազանգերը շարունակվում են: Դրա վառ օրինակը վերջերս Երևանում ի հայտ եկած պարսկերենով ու թուրքերենով ցուցապաստառներն են, որոք մեր տեսուչներն արձանագրել են և հանել տվել: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք դեմ ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Սակայն դա չպետք է արվի մայրենի լեզվի ոտնահարման գնով»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

Ըստ նրա` ներկայումս աշխատանք է տարվում եթերային խոսքի, գովազդային պաստառների, թերթերի ոչ հայերեն անվանումների, ռուսերենով տարվող գործավարության, խանութների ոչ հայերեն ցուցապաստառների և գրքերի ուղղագրական սխալների ուղղությամբ:

«Ցավալի է, որ Հայաստանում լույս են տեսնում գրքեր, մանավանդ` բառարաններ տասնյակ-հարյուրավոր ուղղագրական, կետադրական սխալներով: Օրինակ` «Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների» բացատրական բառարանը լի էր նմանատիպ սխալներով»,- ասաց Լ.Միրզոյանը:

Այն, որ Հայաստանում արտադրվող դեղամիջոցների, հյութերի և այլ արտադրանքների պիտակների վրա գրությունն օտար լեզվով է, իսկ հայերենը իսպառ բացակայում է կամ հետին պլան է մղվում, պրն. Միրզոյանի հավաստմամբ, «Լեզվի մասին» օրենքի կոպիտ խախտում է:

Նպատակ ունենալով ոչ այնքան տուգանելու, որքան նպաստելու հանրության բոլոր ոլորտներում մայրենի լեզվի գերակա դերի ապահովմանը` Լեզվի պետական տեսչությունն Ազգային ժողով է ներկայացրել 60-ից ավելի առաջարկներ` լեզվի պահպանմանը վերաբերող օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ անելու համար:

Լ. Միրզոյանի հավաստմամբ` այդ բոլոր առաջարկները ընդգրկվել են ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծում:

«Եթե մինչ այսօր մեր տեսուչները արձանագրում էին խախտումները, որից հետո այն ուղարկում էին վարչական դատարան, ապա նոր օրենսգրքով այդպես չի լինելու: Լեզվի տեսչության պետին տրվելու են լիազորություններ` խախտումները տեղում արձանագրելու և տվյալ սուբյեկտին վարչական տույժի ենթարկելու»,- ասաց տեսչության պետը:

Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա նախկինում 50 հազար դրամից սկսվող տուգանքները հիմա սկսվում են 100 հազարից մինչև 300 հազար դրամ` կախված խախտման աստիճանից:

Եղել են դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտը զգուշացվել է խախտման մասին, և ըստ օրենքի` նա պետք է 3 օրվա ընթացքում հաներ ցուցապաստառը: Սակայն, ինչպես հավաստիացնում է Լեզվի տեսչության պետը, ելնելով այն հանգամանքից, որ մեկ տարվա ընթացքում տեսչությունը իրավունք ունի միայն մեկ ստուգում իրականցնել, նույն տնտեսվարող սուբյեկտը ցուցապաստառը երեք օր հետո նորից կախում է:

«Նման քայլի դիմում են խոշոր տնտեսվարող սուբյեկտները, իսկ մանր և միջին տնտեսվարող սուբյեկտները կառավարության համապատասխան որոշմամբ ազատված են ստուգումներից` նպատակ ունենալով խթանել վերջիներիս զարգացմանը»,- ասաց Լ.Միրզոյանը:

Լեզվի պետական տեսչությունը նպատակ ունի նաև մայրենի լեզվի գերակության հաստատման սահմաններում մինչև պաշտոնի ստանձնումը ստուգել պետական պաշտոնյանների մայրենի լեզվի իմացության մակարդակը: Լ.Միրզոյանը չկարողացավ ասել, թե որքանով դա իրենց կհաջողվի, քանի որ պետք է դեռ ստուգման չափանիշներն էլ որոշել:

Լ. Միրզոյանն ասաց, որ «Լեզվի մասին» օրենքի խախտման հետևանքով 2008թ. հարուցվել է 40,իսկ 2009-ին` 29 քրեական գործ:

Քնար Բաբայան

Hetq.am

Գրառումը կատարվել է Իրավական, Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.