ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ

“Հետաքննության” նախորդ համարներում մենք ներկայացրել էինք, թե ինչպես է Բրիտանական խորհուրդը դատական վիճաբանության մեջ գտնվում ոմն քաղաքացու հետ` վերջինիս աշխատանքից ազատելու կապակցությամբ:
 
Նախ պարզվեց, որ Բրիտանական խորհուրդն իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը (նրանց մոտ դա կոչվում է աշխատանքային նամակ) կնքելիս խախտում է ՀՀ լեզվի մասին օրենքը և այն կնքում անգլերեն լեզվով: Դա հաստատեց նաև հայցվոր ՀՀ քաղաքացու ներկայացուցիչ , “Լեվ Գրուպ” իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. “Սույն կազմակերպության կողմից հայտարարությունն աշխատանքի ընդունման հետ կապված, ինչպես նաև հետագայում պայմանագրային նամակն իմ վստահորդի հետ կնքված են եղել անգլերեն լեզվով, որով կարելի է հրավիրել լեզվի տեսչության ուշադրությունը: Արտասահմանյան կազմակերպությունների կողմից շատ հաճախ, նաև այս դրվագով, խախտվում է իմպերատիվ նորմ դիտվող այն դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ուստի գրագրությունները, պայմանագրերը կնքելը և մրցույթային հայտարարությունները պետք է պարտադիր լինեն հայերեն, այնուհետև ալտերնատիվ կարող են լինել իրենց ցանկացած լեզվով”:
Մեր այն հարցին, թե “ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Բրիտանական խորհրդի աշխատանքային պայմանագիրը կազմված է անգլերեն լեզվով”, Բրիտանական խորհրդում որոշեցին չպատասխանել: Իսկ ահա լեզվի տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ այս առումով մեզ փոխանցեց հետևյալը. “Հայերեն տարբերակը պարտադիր է: Կարող է լինել երկու լեզվով, եթե դա օտար կազմակերպություն է, ապա առաջին հերթին պետք է կնքվի հայերեն լեզվով, այնուհետև կարող են լինել այլ լեզվով: Սա ցանկացած հիմնարկության գործավարության մաս է կազմում: Սա վերաբերում է նաև հայտարարություններին և այլն”:
 
“ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ”  ԹԻՎ 25 (1987)  6-12 Հուլիս, 2011թ.
Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գործարարություն, Դատաիրավական, Խախտումներ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.