Քննարկումներ «Что? Где? Когда?» հեռուստախաղի լեզվի մասին

Սերգո Երիցյանը` «Что? Где? Когда?» խաղի լեզվի մասին. «Միանշանակ օրենքի խախտում է»

«Что? Где? Когда?» կամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման տոնական խաղի մասին քննարկումներն այս օրերին շարունակվում են: Հիշեցնենք, որ այդ հաղորդմանը մասնակցում էին մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, եւ նրանք բոլորը խոսում էին ռուսերենով:

Ուշագրավ է, որ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե մեր երկրում ով է պատասխանատու եթերի լեզվի համար, ով պետք է վերահսկի, որ չի վերահսկում: Իրավասու մարմիններն այդ գործառույթն իրար վրա են գցում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը Aravot.am-ին այս առնչությամբ փոխանցեց այն, ինչ նախօրեին ասել էր «Ազատություն» ռ/կ-ին: Նա վստահեցնում է, որ իրենք այդ հարցում մասնագիտացված մարմին չեն եւ այլ մարմնի իրավասությունների դաշտ, տվյալ դեպքում` Լեզվի պետական տեսչության դաշտ մտնելն այդքան էլ կոռեկտ չէ:

Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանն էլ մեր զրույցում հավաստիացրեց, որ «Այս պահի դրությամբ հեռուստատեսության բոլոր խնդիրների հետ կապած պատասխանատուն ՀՌԱՀ-ն է, բայց քանի որ օրենքը հեռուստատեսության լեզվական խախտումների հետ կապված որեւէ պատասխանատվություն չի սահմանում, ապա նա որեւէ քայլ չի կարող անել»: Մենք պարոն Երիցյանին փոխանցեցինք, որ ՀՌԱՀ-ը բացարձակ չի ընդունում, որ ինքն է պատասխանատուն, ավելին` կոռեկտ չի համարում Լեզվի տեսչության իրավասությունների դաշտ մտնել, եւ պարոն Երիցյանը նշեց, որ այս պահին կա ընդամենը  օրենսդրական նախաձեռնություն, որով եթերի լեզվի պատասխանատվությունը վերահասցեագրվում է տեսչությանը, բայց դա դեռեւս ընդունված չէ:

Հարցին` որպես մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ եթերում ռուսերեն լեզվով հաղորդումներ են լինում` պարոն Երիցյանն ասաց. «Միանշանակ օրենքի խախտում է, ճիշտ է, բացառություններ կան ազգային փոքրամասնությունների հետ կապված, բայց դա սկզբունքորեն կարգավորված չէ: Չկա որեւէ հստակեցում, թե փոքրամասնությունների համար հաղորդումները ինչպես պետք է լինեն, ինչպես տարանջատել: Այժմ թե եթերի քանի՞ տոկոսն է փոքրամասնությունների համար հեռարձակվում` ոչ ոք չի չափում, մենք էլ չենք չափել: Մենք գիրք ենք հրատարակել, եւ եթերի հետ կապված բոլոր մտահոգություններն այդ գրքում կան: Մենք ուսումնասիրություն արել ենք, բայց այժմ որեւէ մեկին պատժել, պատասխանատվության ենթարկել մենք չենք կարող, քանի որ ոչ մի օրենք այդ պատասխանատվությունը չի սահմանում: Հեռուստատեսության բնագավառում ամեն ինչ սահմանված է, բացի դրանից»:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես անում եմ ըստ օրենքի: Ես օրենք չեմ խախտում: Ըստ օրենքի` թույլատրվում է 20 տոկոս հաղորդումներ ազգային փոքրամասնությունների համար»: Սակայն այս թեմայով «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում (30.04.2010թ.) Կարեն Քոչարյանը նշել էր, որ ըստ լիցենզիայի, այս հաղորդումը կարող է լինել ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, սակայն իրենք ընտրել են ռուսերենը.: Ընդ որում, նրա խոսքից պարզ է դառնում, որ հաղորդումը հայ հեռուստադիտողը ստիպված է օտար լեզվով դիտել ոչ թե նրա համար, որ այն ազգային փոքրամասնությունների համար է, այլ` որ հարցերը Մոսկվա ուղարկելու, ռուսերեն թարգմանելու համար ժամանակ չունեն. «Մոսկվայի խմբագիրները նայում ու հետեւում են այս խաղերին, իսկ հայերենով իրենք հաստատ չեն հասկանա»:

Ավելին, այդ հանրահայտ «Что? Где? Когда?» խաղի սեփականատերը պարտադրում է որոշակի պայմաններ, որոնք են՝ խաղի ոչ միայն հիմնական կանոնների պահպանումը, այլեւ երաժշտությունը, տաղավարի տեսքը, վարման եւ նկարահանման կանոնները: Լեզվի մասին որեւէ պարտադրանք այնտեղ չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Կարեն Քոչարյանը Սերգո Երիցյանին զգուշացնում է, որ կարող է խնդիրներ ունենալ զրպարտության համար

Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով բուռն քննարկումների մասնակից դարձած ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքներին, նրանց փոխանցեց միջազգային իրավագիտությամբ հաստատված հետեւյալ արտահայտությունը. «Այն, ինչ արգելված չէ օրենքով, ուրեմն թույլատրված է: Եթե իրենք խոսում են իրավական հարթության մեջ՝ ես նրանց հետ խոսում եմ իրենց լեզվով. ես այդ հաղորդումը պատրաստում եմ ազգային փոքրամասնությունների համար, հարցեր կա՞ն Լիլիթ Գալստյանից, Ստյոպա Սաֆարյանից, կամ Սերգո Երիցյանից, թող բացեն ու օրենք կարդան»:

Երբ պարոն Քոչարյանին հիշեցրինք, որ 2010-ի ապրիլին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ այդ հաղորդումը կարող են անել ե՛ ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, բայց ընտրել են ռուսերեն տարբերակը, նա վերահաստատեց իր խոսքերը. «Ես հիմա էլ եմ դա ասում, ոչ ֆորմալ բացատրությունը դա է: Խաղը միջազգային է, մեր գիտակները մասնակցում են միջազգային մրցույթների, եւ որպեսզի դուրս գան միջազգային խաղերի՝ պետք է խաղին մասնակցեն ռուսերեն լեզվով»:

Երեկ Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը մեր հարցին` որպես մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ եթերում ռուսերեն լեզվով հաղորդումներ են լինում` ասել էր, որ «Միանշանակ օրենքի խախտում է»:  Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ «Կարծիք հաղորդաշարի հեղինակի կարծիքն արդեն վաղուց այս երկրում ոչ մեկի չի հետաքրքրում»: Նաեւ պարոն Երիցյանին փոխանցեց, որ նա կարող է զրպարտության համար խնդիրներ ունենալ օրենքի հետ, որովհետեւ ի տարբերություն  իրենց դեպքի՝ օրենքը զրպարտության համար հաստատ պատիժ սահմանում է:

Մենք փորձեցինք ճշտել՝ կոնկրետ քայլերի պատրաստվո՞ւմ են դիմել՝ Սերգո Երիցյանին «զրպարտելու» համար պատասխանատվության կանչելու՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ առայժմ միայն դա կփոխանցեն Երիցյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

www.aravot.am

 

Պրոդյուսերը վստահ է, որ օրենքը չի խախտել

 «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը պահանջում է, որ օտար լեզուներով հաղորդումները, ֆիլմերը հեռարձակվեն հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով: Օրենքը, սակայն, հաճախ է խախտվում` հատկապես ռուսերեն լեզվի կիրառմամբ:

Վերջերս քննարկումներ ծավալվեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայկական տարբերակի շուրջ: Հաղորդման տոնական թողարկմանը մասնակցում էին հայ քաղաքական գործիչներ` պատգամավորներ եւ նախարարներ, ովքեր ամբողջ խաղի ընթացքում խոսեցին եւ հարցերին պատասխանեցին ռուսերեն` այդպիսով խախտելով օրենքը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր ռուսալեզու հաղորդումից բողոքները «պարապության եւ ալկոհոլի օգտագործման հետեւանքներ են». — «Նոր Տարուց հետո զբաղվելու բան չկա: Խմել էին… քաղաքական դաշտում սպասվող այդ ակտիվությունը դեռ չկար, մի բանով պիտի զբաղվեին` զբաղվում են էլի»:

«Այն աղբը, զիբիլը` իրենց սերիալներով ու այսպես կոչված հումորիստական ծրագրերով, ընդհուպ մինչեւ հայհոյանքը եթերում… թող մի հատ այդ հարցը լուծեն ովքեր մեծ աղմուկ են բարձրացրել «Ֆեյսբուք»-ում կամ չգիտեմ որտեղ», — հավելեց նա` հարցնելով. — «Իրենց հաճելի՞ է, որ իրենց երեխաները հայհոյանք են լսում երեկոյան ժամը 6-ին»:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է: Սակայն դա չի տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների եւ ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

Կարեն Քոչարյանը հայտարարեց, որ օրենքին քաջատեղյակ է, եւ իր կողմից այս մասով խախտումներ չեն եղել, քանի որ, նրա խոսքով` հաղորդումը հենց ազգային փոքրամասնությունների համար է. — «Ես անում եմ ըստ օրենքի: Ես օրենք չեմ խախտում: Ըստ օրենքի` թույլատրվում է 20 տոկոս հաղորդումներ ազգային փոքրամասնությունների համար: Ես անում եմ ազգային փոքրամասնությունների համար: Այլ հարց է, որ դա հետաքրքրում է նաեւ մարդկանց, իրենք նայում են»:

Հարցին, թե հաղորդմանը մասնակցող պետական պաշտոյաները արդյոք գիտեին, որ մասնակցում են ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հաղորդմանը, Կարեն Քոչարյանը պատասխանեց. — «Ոչ, չեն իմացել: Եթե հետաքրքրեր` կհարցնեին, ես էլ կասեի»:

Եթեր հեռարձակվող օտար լեզվով ֆիլմերից եւ հաղորդումներից դժգոհողները սա օտարման հերթական օրինակ են դիտարկում:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հիմնադիր անդամ Գարեգին Չուքասզյան. — «Ես կարծում եմ, որ այն խորթացումը, օտարումը եւ այն ցինիզմը, որով այդ ամեն ինչը արտահայտվում է, խոսում է այն մասին, որ այս մարդիկ լրիվ կտրել են կապը իրենց ժողովրդի հետ, օտարվել են իրենից»:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի պրոդյուսերն ասում է, որ ինքը դեմ չէ հաղորդման հայերեն տարբերակին, հաղորդման կանոններն էլ արտոնագրով չեն արգելում հայերեն խաղալ: Նշենք, որ Վրաստանում, օրինակ, խաղը վրացերեն է հեռարձակվում: Այս առնչությամբ Գարեգին Չուքասզյանը խաղի գիտակներին առաջարկեց հենց խաղի շրջանակներում մի հարցի պատասխանել` որպես հնչեցվող ինտելեկտուալ հարցերից մեկը. — «Ինչո՞ւ հարեւան երկրում այդ նույն հաղորդումն անցկացվում է ուրիշ լեզվով, եւ ինչո՞ւ է այդ լեզվով անցկացվում»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն իր պատասխան ասաց, թե ՀՌԱՀ-ը այս հարցում մասնագիտացված մարմինը չէ, իրենք չեն ցանկանում մտնել այլ մարմինների իրավասությունների դաշտ` նկատի ունենալով Լեզվի տեսչությունը, եւ միայն եթե տեսչության լծակները բավարար չլինեն հարցը լուծելու համար, նախադեպի կրկնման դեպքում կարող են դիմել իրենց:

Մինչդեռ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, իր հերթին, հերքեց, թե եթերի լեզվին հետեւելն իրենց գործառույթն է. — «Օրենքով հեռուստատեսության եւ ռադիոյին առնչվող բոլոր խնդիրների պատասխանատվությունը վերահսկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը»:

Բացի այդ, Երիցյանի խոսքով` գոյություն չունեն պատասխանատվության ենթարկելու ամրագրված նորմեր. — «Ցավոք, այդ պատասխանատվության հոդվածները գոյություն չունեն: Մինչեւ հիմա սահմանված են խախտման դեպքերը, բայց պատասխանատվություն որեւէ օրենքում չի սահմանված»:

 Էլինա Չիլինգարյան

www.azatutyun.am

 

Հայկ Դեմոյան. «Что? Где? Когда?»-ն КВН չի»

Այսօր Aravot.am-ը «Что? Где? Когда?» հեռուստախաղի շուրջ թեժ քննարկումների հետ կապված Հանրային խորհրդի անդամ Հայկ Դեմոյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ հայկական եթերում մեր պաշտոնյաները խոսում են օտար լեզվով. «Ես չեմ ուզում ինձ դեր վերապահել ու քննադատել պաշտոնյաներին՝ ռուսերեն խոսելու համար, կարող եմ ասել, որ ինձ անընդհատ հրավիրում են, որ ես մասնակցեմ հաղորդմանը, զուտ զբաղվածության պատճառով չեմ գնում: Ես 7 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ, եղել եմ պետհամալսարանի թիմի ավագը, որը 1996-ին աշխարհի չեմպիոն դարձավ: Խաղի հետ կապված ասեմ, որ ունի լեզվամտածողության սպեցիֆիկա, իհարկե, սա չի նշանակում, որ հայ իրականությունից նույն խաղի սկզբունքից բխող հարց չեն կարող կազմել ու խաղը վարել հայերեն: Բայց քանի որ հարցերի մեծ մասը գնում էր ռուսական իրականությունից եւ ռուսական լեզվամտածողությունից ելնելով, ապա դրանց մեխանիկական թարգմանությունը կկորցներ իր իմաստը, որովհետեւ «Что? Где? Когда?»-ն КВН չի, էլի, КВН-ը կարելի է տարբեր ձեւով կոնվերտացիա անել»:

Մեր հարցին՝ այսինքն, հայերենը բավականաչափ հարուստ լեզու չէ եւ ինտելեկտի լեզու չէ, հա՞՝ պարոն Դեմոյանը պատասխանեց. «Ոչ մեկը թող ինձ չզարմացնի իր՝ հայերենը պաշտպանելով կամ խաչակրաց արշավանք հայտարարելով հայերենի թշնամիներին: Գիտեմ հայերենի կրթությունն ինչ է, դրա արժեքը ես լավ գիտեմ, որպես հայ մտավորական, ես լեզվի առաջին պաշտպաններից եմ ինձ համարում, թող կարծիք չստեղծվի, որ հայերենը գավառական լեզու է եւ ստորադասվի, բնավ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եթե դուք մասնակցեք այդ խաղին, պայման կդնե՞ք, որ պետք է խոսեք հայերեն՝ պարոն Դեմոյանն ասաց, որ չի դնի ոչ թե նրա համար, որ հեռուստաընկերությունն իրեն կպարտադրի, այլ՝ որովհետեւ ծայրահեղություններ չի սիրում. «Հայերենի պաշտպանների շարքում ցավոք կան այնպիսի ծայրահեղականներ, որոնք երբեմն միայն  այլատյացություն ու քսենոֆոբիա են տարածում՝ հայ իրականության մեջ: Որոշ մարդկանց գործեր նույնիսկ գրախանութից առգրավվել է՝ այլանդակ լեզու ու ոճ պարունակելու համար, իսկ այդ մարդիկ այսօր հոդված են տպում, թե իրենք ինչպես են հայերենը պաշտպանում ու քննադատում նույնիսկ sms-ները այլալեզու ստանալու թեմայով»:

Պարոն Դեմոյանը նաեւ ասաց, որ այդ խաղը կարելի է կազմակերպել հայերենով. «Եթե հեռուստաընկերությունը բարի կամք ունենա՝ հայ լսարանի համար հայերեն գեղեցիկ հաղորդում կմատուցի»:

Ի դեպ, Ֆեյսբուքում շարունակվում են այս թեմայով քննարկումները եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ցանկություն հայտնեց եւս մեկ անգամ շեշտել անառարկելին. «ՀՀ պետական լեզուն հայերենն է։ Եվ վերջ։ Լեզվի մասին օրենքը հստակ սահմանում է՝

Հոդված 4 բ կետ. հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը:

Իսկ ՀՌԱՀի նախագահ Գրիգոր Ամալյանի ուշադրությանը կհանձնեի իր ղեկավարած հաստատության լիազորություններից հետեւյալ օրենսդրական պարտականությունը՝ ամրագրված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում»:

Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը, սույն օրենքի խախտման դեպքում, մինչեւ դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը»:

Լ. Գալստյանը նաեւ հիշեցրել է Լեզվի պետական տեսչությանը կանոնադրությամբ հաստատված իր գործառույթը, այն է՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

www.aravot.am

 

Դեմոյանի «սպեցիֆիկան». Ցեղասպանության թանգարանի տնօրենը դեմ է հայերենին

Մեկը ով ավելի լավ հասկանում է էլեկտրական հոսանք անջատելուց, քան գիտությունից ինչի՞ պիտի գիտական հիմնարկ ղեկավարի: Խոսքը Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի մասին է, ով հաջողությամբ անջատում է  Եղեռնի հուշարձանի լույսերի ռուբիլնիկը, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը գալիս է Հայաստան ֆուտբոլ դիտելու, բայց նսեմացնում է հայերենը համարելով որ ինտելեկտուալ հաղորդման համար նա այն «սպեցիֆիկան» չունի:

Երկիր Մեդիան հաղորդում է, որ 2008-ի սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի խաղի ժամանակ Եղեռնի հուշարձանը լուսավորելու համար տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել:

Իսկ հիմա «Առավոտին» տված հարցազրույցում  Դեմոյանը ասում է, թե «Չտո, գդե, կագդա», ռուսալեզու խաղը պիտի ռուսերեն լինի, քանի որ «ունի լեզվամտածողության սպեցիֆիկա» հետո հիմնավորում, «քանի որ հարցերի մեծ մասը գնում էր ռուսական իրականությունից և ռուսական լեզվամտածողությունից ելնելով, ապա դրանց մեխանիկական թարգմանությունը կկորցներ իր իմաստը»:

Ռուսալեզու «Չտո, գդե, կագդայի» թման բացվեց այն բանից հետո, երբ դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր պատին քննադատեց Հայաստանի մի քանի պաշտոնյաների, ովքեր մասնակցել էին այդ հաղորդմանը, առանց թարգմանության խոսել ռուսերեն և դրանով խախտել «Լեզվի մասին» և «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքները:

Հաղորդումը չեմ նայում, բայց ասենք թե ճիշտ է Դեմոյանը, Հայաստանում Ռուսաստանին նվիված հաղորդում է հեռարձակվում, որին մասնակցում են Հայաստանի նախարարներն ու նման դեմքեր,  ու հարցեր են հնչում Կալուգայի մեքենաշինության և Վոլգա գետի ձկնորսության  մասին, ուրեմն հարցերն ու պատասխանները պիտի ռուսրե՞ն հնչեն, իսկ եթե հարցը Անկարայի մասի՞ն է, թուրքերե՞ն, եթե Չնաստանի մասի՞ն …: Գիտնականը հստակ կասի` ի՞նչ կապ ունի լեզուն, օրինակ, հայոց պատմության ու մշակույթի վերաբերյալ հարյուրավոր աշխատություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն են: Բայց եթե հարցնեք մեկին, ով Ռուսաստանից նոր եկած էլեկտրիկ է, կասի`  ռուսերեն, ռուսերեն չխոսաս, ո՞նց ռուս աղջիկ կկապես, կամ ո՞նց գործի կընդունվես:

Բայց գիտնական Դեմոյանը ստիպված է փոխել մասնագիտությունը  ու մեկ էլեկտրիկի վերածված  հուշարձանի լույս անջատել, մեկ էլ հայերենը  «սպեցիֆիկայից» զրկել:

Եթե Դեմոյանին հարցնեն` բելուջների մասին գիտական աշխատությունը ի՞նչ լեզվով պետք է գրել, ի՞նչ կասի, միայն բելուջերե՞ն: Չեմ կարծում, էդ դեպքում ինչո՞ւ է հակագիտական բաներ ասում գիտնականը: Որովհետև «չտո, գդե, կագդան» վարչապետի ֆինանսական հովանավորությամբ է գործում  ու հայերենի հաշվին ուզում է իշխանությանը  դուր գալ: Եթե վարչապետը լիներ Էրդողանը, Դեմոյանը ինչի՞ հաշվին դուր կգար նրան: Մեծ հաշվով մեծ տարբերություն չկա ցեղասպանության փաստը մերժելու և  Հայաստանը օտարացնելու ու հայոց լեզվի հնարավորությունները սահմանափակելու մեջ:

Ու նաև, Դեմոյանը ցույց է տալիս հայերենի «տեղը». «Что? Где? Когда?»-ն КВН չի, էլի, КВН-ը կարելի է տարբեր ձեւով կոնվերտացիա անել»: Այսինքն, հայերենը միայն անեկդոտի լեզու է, մտածելու բան չի:

Դեմոյանի ռասիզմը չի սահմանփակվում հայերենը «սպեցիֆիկայից» զրկելով ու սահմանափակելով КВН-ի շրջանակում, պարզվում է որ նա դեմ է ընդհանրապես հայերեն գրավոր հաղորդակցմանը. «Հայերենի պաշտպանների շարքում ցավոք կան այնպիսի ծայրահեղականներ, որոնք երբեմն միայն այլատյացություն ու քսենոֆոբիա են տարածում՝ հայ իրականության մեջ: Որոշ մարդկանց գործեր նույնիսկ գրախանութից առգրավվել է՝ այլանդակ լեզու ու ոճ պարունակելու համար, իսկ այդ մարդիկ այսօր հոդված են տպում, թե իրենք ինչպես են հայերենը պաշտպանում ու քննադատում նույնիսկ sms-ները այլալեզու ստանալու թեմայով»:

Ո՞ւմ մասին է խոսում չգիտեմ, բայց իր մասին հաստատ խոսում է, ցույց տալիս, որ ինքը գրքի առգրավման ջատագով է, ինչպիսին էին Չարենցի ու Բակունցի գրքերը առգրավողները, հենց Թուրքիայի իշխանությունները, որ գիրքը ոչ միայն առգրվաում են, այլև հրատարակիչ են նստացնում:  Գիրք առգրավող ու մեջը «այլադնակ ոճ» փնտրողների ձեռը լիներ  Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» որպես «այլանդակություն» չէր տպվի (что пишут эти дикари?):

Ավելին, Դեմոյանը նույնիսկ հայերեն գրավոր հաղորդակցման sms-ները հայացնելու, հայատառ դարձնելու ձգտման դեմ է խոսում, այսինքն պաշտոնյան «Լեզվի մասին օրենքին» է դեմ , այսինքն դեմ է Հայաստանի անկախությանը: Էլ ինչի՞ է Հայաստանը անկախացել, որ ցեղասպանության հիմնարկի տնօրենը մասնակցի հայերենի ոչնչացմա՞նը: sms-ը հայացնելու դեմ խոսելը նույնն է թե մինչ նոր տեխնոլոգիական ժամանակաշրջանում հայերեն բացիկ կամ նամակ գրելու դեմ խոսեին:

Բայց հոպ, սխալվեցի, Դեմոյանին ինչ-որ կարծիքներ եմ սկսում վերագրել: Չէ, չգիտեմ թե նա ինչ կարգի գիտնական է, բայց երևում է, որ գիտական էթիկայի վրայով հանգիստ կանցնի. Ի՞նչ թուրքագետ, եթե չէր փորձում զգուշացնել, որ Թուրքիան Հայաստանի սահմանը բացող չի, թյուրիմացության մեջ էր գցում հասարակությանը պաշտպանելով իշխանության քաղաքականությունը, տեղյա՞կ չէր Թուրքիայից, եթե` չէր, ուրեմն լավ թուրքագետ չի, տեղյակ էր, բայց իշխանության դուդո՞ւկն էր փչում, ուրեմն էլի ոչ թե գիտնական է այլ սազանդար:

Ուրեմն, Դեմոյանը հայերենի թշնամի չի, ուղղակի պատեհապաշտ է: Այ հայերենի ավելի անկեղծ թշնամի է  «Չտո, գդե կագդա» հաղորդման պրոդյուսեր Կարեն Քոչարյանը, ով  իր հարցազրույցում ներկայացնում է, թե հաղորդումը Հայաստանի ազգային փոքրամասնության համար է և ասում. «Այն աղբը, զիբիլը` իրենց սերիալներով ու այսպես կոչված հումորիստական ծրագրերով, ընդհուպ մինչև հայհոյանքը եթերում… թող մի հատ այդ հարցը լուծեն ովքեր մեծ աղմուկ են բարձրացրել «Ֆեյսբուք»-ում կամ չգիտեմ որտեղ»:

Այսինքն կան «իրենք» հայախոսներ, որոնց լեզուն «աղբ ու զիբիլ» է, ու «դրանք»: Այ էստեղ հստակ երևում է անջրպետը, որ հայերենը Քոչարյանինը, Աշոտյանինը, Տիգրան Սարգսյանինը չի, «դրանցը» ռուսերենն է, իսկ ինչ «դրանցն» է ուրեմն դա էլ պիտի տարածեն ու դուրս նետեն հայերենը:

Իսկ  Ցեղասպանության ինստիտիուտի տնօրեն Դեմոյա՞նը «իրենցն» է թե «դրանցը». նրանց հետ է ում ձեռքն է իշխանությունը, հըլը որ «դրանցը»:

Վահան Իշխանյան

www.tert.am

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.