Հայոց լեզու

Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի 
Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 
պետական լեզուն: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև 
Ջավախքում ու Սփյուռքում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: 

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: 
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է: 
Գրաբարի խոսակցական տարբերակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով, հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես` Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն. երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով: 
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ, քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է: 
Ե՜վ արևմտահայ, և՜ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:
 
Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II 
 
Գրառումը կատարվել է Զրույցներ լեզվի մասին բաժնում։ Էջանշեք այս հղումը.