ՀՌԱՀ-ն էլի խախտումները չի տեսնում

Այն, որ մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք ոչ թե «Ա-թի-վի», այլ՝ «ATV», կամ ոչ թե «ԱրմՆյուզ», այլ «ArmNews»՝ դա, ըստ ՀՌԱՀ-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի խախտում չէ:

Պարզվում է՝ ՀՌԱՀ-ը նույնպես գտնում է, որ հեռուստաէկրանին ներկայացված է հեռուստաընկերության «նկարը», ինչպես ասել էր  «Ա թի-վիի» տնօրեն Վահագն Խաչատրյանը, կամ այլ կերպ ասած՝ ընկերության խորհրդանիշը (ապրանքային նշանը): Համենայնդեպս Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ երեկ այդպես է վստահեցրել հանձնաժողովը:

Եթե դա հեռուստաընկերությունների կողմից խախտում լիներ, նրանք պիտի վճարեին մի կլորիկ գումար՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, քանի որ այդպես է սահմանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի  60-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշենք, որ օրենքում ոչ մի տեղ սահմանված չէ, որ հայ հեռուստադիտողը պետք է ողջ օրվա ընթացքում հեռուստաէկրանին օտարալեզու «խորհրդանիշներ» տեսնի, փոխարենը՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ ոչ միայն հեռուստաընկերությունների անվանումները, այլեւ ազդականչերը եւ այլ ելքային տվյալները արգելվում է օգտագործել օտար լեզուներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

www.aravot.am

Գրառումը կատարվել է ԶԼՄ-ներ, Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.