Աշակերտին չի ներվում, բայց Աշոտյանին կարելի՞ է

Երբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ օտարալեզու դպրոցներ բացելու որոշման մասին հայտարարությամբ, դրա մեջ օտարամոլություն և հայոց լեզվին հասցվող վնաս տեսնողներին հավաստիացրեց, որ ոչինչ հայերենի հաշվին չի արվելու, և հայագիտական առարկաների՝ հայերեն լեզվով դասավանդումը լիովին բավարար է, որ երեխան շատ լավ իմանա իր մայրենի լեզուն։

Ենթադրվում է, որ դպրոցը ոսկե մեդալով ավարտած Արմեն Աշոտյանը ևս պետք է անթերի տիրապետեր կամ գոնե ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելով՝ ավելի շատ ջանքեր գործադրեր այդ ուղղությամբ։ Սակայն Աշոտյանը մեկ անգամ չէ, որ կոպիտ «վրիպակներ» է անում գրավոր և բանավոր խոսքում։ Վերջին տպավորվածը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի ժամանակ նրա արտաբերած «հուներեն» բառն էր։

Բայց երեկ Facebook սոցիալական ցանցում զետեղված նրա՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի բեկորները Բրիտանական թանգարանից հետ պահանջելու վերաբերյալ հաղորդագրությունն այդ ամենի գագաթնակետը դարձավ, քանի որ գրավոր և փաստացի ապացույց է։

Փորձեք պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր ցանկացած եվրոպական երկրի հասարակություն (դեպի ուր այդքան ջերմեռանդորեն մեզ ցանկանում է առաջնորդել ինքը՝ Աշոտյանը), եթե իր կրթության և գիտության նախարարն իր մայրենի լեզվով ընդամենը երկու-երեք նախադասության մեջ այդքան կետադրական և ոճական սխալներ աներ։ Չենք անդրադառնում «անուշադրության» հետևանքով բազմաթիվ խայտառակ վրիպակներին, թեև ենթադրվում է, որ զբաղեցրած պաշտոնն Աշոտյանին պիտի ստիպեր փոքր-ինչ ավելի պատասխանատու վերաբերվել իր ցանկացած բառի նկատմամբ և գրառումն անելուց առաջ գոնե մեկ անգամ կարդար այն։ Իսկ մի՞թե ՀՀ ԿԳ նախարարի աշխատանքային կամ անձնական համակարգչի մեջ որևէ նորմալ ծրագիր չկա, որն ունենա հայերենի հարցական նշանը։ Իսկ գուցե պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ նա լատինատառ հայերենով չի գրել…

Աշոտյանի պաշտոնավարման տարիներին ընդունելության քննությունների ժամանակ դպրոցը նոր ավարտած աշակերտին երբևէ չեն ներվել ոճական և կետադրական սխալները. դրանցից յուրաքանչյուրը կարող է ճակատագրական դառնալ երեխայի համար։ Իսկ երբ դրանք թույլ է տալիս ԿԳ նախարարը, ով, ի դեպ, ստացել է հիանալի կրթություն, հպարտորեն նշում է, որ տիրապետում է երեք օտար լեզվի, ինչպես նաև վստահ հայտարարում, որ ընդամենը երեք-չորս առարկայի շրջանակներում հնարավոր է շատ լավ տիրապետել մայրենիին, թույլատրելի՞ է։

Որքան գիտենք, Աշոտյանն ինքը մինչև 8-րդ դասարան սովորել է ռուսական թեքումով դպրոցում։ Երևի գոհ է այդ դպրոցի տված գիտելիքներից, եթե այդքան համոզված` ուզում է մեր երկրում նորից նորաձև դարձնել «էլիտար» օտարալեզու դպրոցները, սակայն գոնե իր օրինակով չի կարողանում համոզել մտահոգ քաղաքացիներին։ Դրա փոխարեն, անցյալ տարվա վերջին ասուլիսներից մեկում նախարարը օտարալեզու դպրոցների դեմ պայքարողների բարձրացրած աղմուկը որակեց որպես կեղծ և պատվիրված, իսկ նրանց պայքարը՝ հակառուսական արշավ։

Պարո´ն Աշոտյան, ինչքան էլ ոչ մրցունակ՝ հայերենը դեռևս ՀՀ պետական լեզուն է, իսկ Դուք՝ այդ նույն պետության կարևորագույն օղակներից մեկի ղեկավարն ու պատասխանատուն։ Բարեհաճե՛ք հարգել գոնե այդ արժեքները, քանի դեռ ամեն ինչ չեք «եվրոպականացրել»։

Լիլիթ Ղազարյան 

www.lurer.com

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Խախտումներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.